Ըստ «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի՝ Եվրամիությանը անդամակցության հարցում Հայաստանը Թուրքիայի համար խոչընդոտ չի կարող լինել:
Նախորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատը 196 կողմ, 74 դեմ ձայներով քվեարկությունից հանեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը, ինչը հայազգի քաղաքական գործիչներին զանազան մեկնաբանություններ անելու տեղիք տվեց: «Ես շատ կողմնակից չեմ այսպիսի որոշումներու, որովհետեւ կտեսնիմ եւ փորձառություն ունիմ, թե հայերի օգտին որոշումներ չեն ատոնք, ասոնք պարզապես կլինեն միջազգային դիվանագիտության խաղեր, եւ քանի որ Թուրքիան մեծ եւ կարեւոր երկիր է, չեն ուզեր, որ այդ երկիրը թշնամանա իր հետ: Այդ որոշումները հայերուն քիչ մը զբաղեցնելու, խաղացնելու համար են»,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի ոչ հայանպաստ որոշմանը, նշեց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը: Ըստ նրա, հայերն իրենց հույսը միշտ կապում են օտար երկրների նման դիվանագիտական խաղերի հետ, որոնց վերջին քայլը սովորաբար հայանպաստ չի լինում: Մեր զրուցակիցը գտնում է, որ պետք է հարցի լուծումը թուրքերի հետ կապել, ոչ թե ֆրանսիաների կամ ամերիկաների. «Իբրեւ հայ անձնավորություն, ասիկա ինձ ցավ, վիշտ կպատճառի, որովհետեւ չեմ ուզե, որ Ցեղասպանության զոհերը այսպիսի դիվանագիտական առեւտուրներու, խաղերու գործիք դառնան: Թուրք ժողովուրդը կարգ մը փոփոխություններ, հեղաշրջումներ կապրի, թուրք ազգային կարծիքը փոխելու համար ռազմավարություններ, մեթոդներ, լեզու պետք է գտնանք, ինչը դյուրին չէ, որովհետեւ թե՛ վիշտը, թե՛ զոհերը մերն են, եւ թե՛ ջանքը մեզմե կսպասվի: Աշխարհը շատ մը արդար աշխարհ չէ, արդարությունը մենք ենք, որ պիտի շինենք, hույսս իմ ժողովրդիս, իմ ջանքերուն վրա դրած եմ»:
Ռ. Քոփթաշը գտնում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հարցում պետք չէ Ցեղասպանության ճանաչումը առաջ քաշել եւ նման ռազմավարությամբ երկխոսությունը ձգձգել. «Եթե երկխոսություն չունենանք, եթե չազդենք թուրք ժողովրդի վրա մեր ապրածով, պատմությամբ, գաղափարներով ու քարոզչությամբ, երկխոսություն չպետք է ըլլա: Եթե երկխոսությունը չլինի, ճանաչումը եւս չպիտի լինի: Եթե առանց խոսելու, փակ սահմանով որեւէ դիվանագիտական հարաբերություն մը պիտի չունենանք, Թուրքիան արդեն գոհ է, մեծ երկիր է եւ սահման չբացելով՝ կարծեմ թե կորցնելու մեծ բան չունի»: Հետաքրքրվեցինք, թե արդյոք ԵՄ-ին անդամակցելու, Եվրախորհուրդ հասնելու համար Թուրքիայի համար կարեւոր չէ՞ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելը: Ըստ Ռ. Քոփթաշի, Հայաստանի հետ սահման բացելը, երկխոսելն այնքան էլ անհրաժեշտ պայման չէ. «Արեւմտյան երկիրները Թուրքիայի վրա շատ մեծ ճնշում չեն գործադրել մինչեւ հիմա, թե՝ հարաբերությունները պետք է լավացնես, սահմանները բացես, Հայաստանին օգնես, այդպիսի ճնշում ես չեմ հիշե: Եվ եթե ճնշում չկա, աս կնշանակե, որ մի օր հեշտորեն կկարողանան ետքայլ անել, դիվանագիտությունը սա է: Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները օրեօր կլայնանան, թերեւս անդամակցությունը հիմա չէ, բայց 15-20 տարի վերջ հավանաբար պիտի ըլլա: Հայաստանն այդ հարցում շատ կարեւոր դեր չի կարող ունենալ: Ասիկա իմ համոզումս է, երբ դուրսեն, չեզոք աչքերով կնայիմ, թեեւ ուզածս շատ ուրիշ է: Իննսունական թվականներուն Եվրախորհուրդը, Եվրամիությունը որքան ծանր ճնշում կընեին Թուրքիո վրա ժողովրդավարության հարցի շուրջ, աղմուկ կհանեին, բայց հայկական հարցի շուրջ մինչ այժմ այդպիսի շարժում չեմ տեսած»: Թե ինչու Թուրքիան որոշեց արձանագրությունները ստորագրել եւ հետո նախապայման առաջ քաշել, մեր զրուցակցի մեկնաբանմամբ, Թուրքիայի AKP-ի (Արդարություն եւ զարգացում կուսակցություն) կառավարությունը իրականության մեջ այնքան էլ հզոր դիրք չունի եւ հեշտությամբ կարող է իր ուժը կորցնել, ուստի պետք է շարունակեր ամեն կերպ քվե ունենալ. «Ասոր համար էլ ինքը մուսուլման, պահպանողական, մահմեդական ժողովուրդ մը իր ետեւը կունենա, բայց պետք ունի նաեւ ազգայնամոլների, ազգայնասերների քվեների կարիքը: MHP-ի (Ազգայնական կուսակցություն) եւ GHP-ի պատճառով (Հանրապետաժողովրդական կուսակցություն) AKP-ն շատ բան կկորցնե: Այդ պրոտոկոլներով կարծեցին, թե ամեն մարդ պիտի համոզվի: Բայց այդպես չեղավ, թե Ադրբեջանի լոբբին շատ խիստ աշխատեցավ, եւ թե MHP-ն ասիկա գործածեց, թե Արցախը հայերին լուծին տակ է, ինչպե՞ս արձանագրություն կստորագրեք եւ այլն: Ահագին աղմուկ հանեցին, եւ AKP-ն վախցավ, չէին ենթադրեր, որ այսպիսի ռեակցիա կլիներ»: Եթե Ադրբեջանի հանգամանքը չլիներ, Թուրքիան կստորագրե՞ր արձանագրությունները: Այս հարցի առնչությամբ էլ Ռ. Քոփթաշը գտնում է. «Ես այդպես կենթադրեմ, որովհետեւ AKP-ն նոր արտաքին գործոց ռազմավարություն հիմնել է, որ բոլոր սահմանները բանալ կջանա, ինչը մինչեւ հիմա հանրապետական շրջանի Թուրքիայի մեջ եղած բան մը չէ: Հայաստանի հետ վատ հարաբերությունները, փակ սահմանը այս ռազմավարությանը չօգներ»: «Ակոսի» գլխավոր խմբագիրը հիշեցնում է, որ ի տարբերություն, օրինակ, Հայաստանի կամ Ադրբեջանի, որտեղ կառավարությունը եւ պետությունը նույնն են, Թուրքիայի պարագայում պետությունն ու կառավարությունն իրար հակառակ են, եւ այդ պատճառով էլ AKP-ն դժվար կացության մեջ է, եւ քվե չկորցնելու համար հարցը ստիպողաբար կապեցին Արցախի հարցի հետ:
«Հայաստանեն շատ մարդիկ դեմ էին այդ արձանագրություններին, ես դեմ չէի, որովհետեւ որպես Թուրքիայի մեջ ապրող հայ, մենք կուզենք, որ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ լինեն, սահմանը բաց լինի, հայաստանցիները հանգիստ գնան-գան իրենց երկիրը: Հիմա արդեն Ղարաբաղի հարցի նախապայման կա, հուսամ, թե Արցախի հարցը խաղաղ լուծման փուլի մեջ կմտնի, Ադրբեջանը եւ Հայաստանը կմեկտեղվեն, կլուծեն այս հարցը, այն ատեն սահմանը կբացվի, ամեն ինչ էլ կըլլա: Մյուս կողմից կերեւա, որ Հայաստանը ետքայլ մը չի նետեր, շրջանները չի ձգեր: Այս պայմանները կհասկանամ, եթե սահմանները ձգե, Արցախը պաշտպանելը ավելի դժվար, վտանգավոր պիտի ըլլա»,- հավելեց Ռ. Քոփթաշը: