ՀՀ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունում է ընդդիմության՝ մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցությունը: News.am-ի մատուցմամբ, մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է ինքը՝ ԱԺ նախագահը: «Համագործակցություն տեսնում եմ, իրենք էլ են հայտարարում, որ համագործակցության անհրաժեշտություն կա: Եթե իրենք պատրաստ են, մենք էլ ենք պատրաստ համագործակցելու, որովհետեւ յուրաքանչյուր համագործակցություն բխում է ժողովրդի եւ պետության շահերից: Եթե հիշում եք, ես բազմաթիվ առիթներով առաջարկել եմ ԱԺ ամբիոնը դարձնել բազմակարծության, քննարկումների, քննադատությունների ամբիոն: Ճիշտ կլինի փողոցներից վերադառնալ եւ յուրաքանչյուր բարեփոխում, յուրաքանչյուր խնդիր քննարկել խորհրդարանում: Եթե կան ողջամիտ տեսակետներ, իշխանությունը միշտ պատրաստ է լսելու դրանք, անկախ նրանից՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության տեսակետն է դա»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների թեմային՝ ԱԺ նախագահն ասել է, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություն հեղինակազրկում է երկրի պատիվը. «Արտահերթ ընտրությունների կարիք չկա, որովհետեւ խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարի: Դա շատ քիչ ժամանակ է ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության նախապատրաստվելու համար: Ճիշտ կլինի, որ իրենք իրենց ուժերը ներդնեն, նախապատրաստվեն թափանցիկ ընտրությունների: Բոլորդ գիտեք, որ ներկայումս «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ են կատարվում, եւ փորձում ենք ընդգրկել նաեւ ընդդիմությանը, քննարկել ընդդիմության կողմից հնչող առաջարկությունները: Մեզ համար կարեւոր է, որ ԸՕ-ն ընդունվի բոլոր ուժերի կողմից»:
Հովիկ Աբրահամյանը նաեւ տեսակետ է հայտնել, թե ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրությունների արդյունքում կհայտնվի Ազգային ժողովում, բայց թե քանի՞ տեղ կզբաղեցնի՝ կախված է ժողովրդի կամքից: