Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը երեկ պարզաբանումներ է տվել անցած շաբաթ իր անվան հետ կապված երկու աղմկահարույց միջադեպերի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Դրանցից առաջինը վերաբերում էր Շիրակի մարզպետի եւ ՀՀ նախագահին կից ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի վեճին, որը, իբր, տեղի էր ունեցել Շիրակի մարզի Սպանդարյանի գյուղապետ, Ա. Բաղդասարյանի ազգական ու ՕԵԿ անդամ Վաղինակ Բաղդասարյանի որդու հարսանիքի ժամանակ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության, հարսանիքի ժամանակ տհաճ խոսակցություն է ծագել, որից հետո Արթուր Բաղդասարյանը եւ Աշոտ Գիզիրյանը առանձնացել են կողքի սենյակում: «Միանշանակ ասեմ, որ բոլորը լսեն՝ նման բան չի եղել, դա իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Գիզիրյանն ու հավելել, որ ինքն ու Ա. Բաղդասարյանն իրար գիտեն երկար տարիներ, եւ 20 տարեկան չեն, որ հարսանիքում վիճաբանություն սարքեն: «Ես չգիտեմ՝ դա որտեղից է դուրս եկել»,- հայտարարել է Գիզիրյանն ու անցել մյուս միջադեպի պարզաբանմանը:
Այդ երկրորդ միջադեպը վերաբերում է մայիսի 6-ի ուշ երեկոյան Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» սրճարանում Շիրակի մարզպետի եղբորորդու եւ սրճարանի անվտանգության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին: Մամուլում հրապարակված լուրերի համաձայն, միջադեպի ընթացքում հնչել են կրակոցներ, կան վիրավորներ: Ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել, թե՝ դեպքի վայրից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 հոգի, նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ատրճանակ, որն առգրավվել է:
Շիրակի մարզպետը երեկ հաստատել է, որ միջադեպ եղել է, բայց. «Այն, ինչ գրված է՝ կրակոցներ, վիրավորներ, իրականությանը չի համապատասխանում: Այո, նման միջադեպ եղել է, եւ ես միշտ ասել եմ՝ ցանկացած մարդ, կապ չունի՝ դա կլինի Գիզիրյանի եղբոր տղան, թե ինչ-որ պաշտոնյա կամ սովորական քաղաքացի, պետք է իր արարքի համար պատասխան տա, հատկապես, եթե արարքի մեջ հանցակազմ կա»: Գիզիրյանը վստահեցրել է, որ տեղի ունեցածը «մանր խուլիգանություն» է, որը հնչեղություն է ստացել, քանի որ միջադեպին մասնակցել է իր եղբորորդին, ու եզրափակել. «Ես ասել եմ, որ ոչ մի անգամ ոչ մի բան թաքցնելու չունեմ»: