Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համմարբերգը զեկույցը հրապարակեց

Մայիս 10,2011 00:00

\"\"Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ հրապարակել է Հայաստանի վերաբերյալ իր զեկույցը:

ԵԽ ՄԻ հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող եւ երեկ հրապարակած զեկույցում անդրադառնալով մասնավորապես 2008թ. մարտի 1-2-ին ուժային կառույցների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմանը՝ այն  որակել է «անհամաչափ», իսկ 10 զոհերի մահվան պատճառների բացահայտման ուղղությամբ կատարված քայլերը՝ «անարդյունավետ»:
«Մինչ օրս այդ իրադարձությունների պատասխանատուները բացահայտված չեն: Ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների արձակած հրամանների համար կրած պատասխանատվությունը լրջորեն չի քննարկվել»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, այս տարվա հունվարին Հայաստան կատարած իր այցի արդյունքում կազմված զեկույցի հրապարակման առթիվ տարածած հաղորդագրությունում արձանագրել է Թոմաս Համմարբերգը: «Հայաստանի իշխանությունները պետք է վճռականություն հանդես բերեն այդ իրադարձությունների բացահայտման գործում եւ պատասխանատվության կանչեն բոլոր մեղավորներին: Տասը զոհերի ընտանիքները պետք է իրենց հարազատների կորստյան համար համարժեք փոխհատուցում ստանան, նրանք պետք է լիարժեքորեն տեղեկացված լինեն տարվող հետաքննության մանրամասներին»:
Միեւնույն ժամանակ, հանձնակատարը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգը «Մարտի 1»-ի գործի բացահայտման վերաբերյալ եւ հույս հայտնում, որ դա կվերածվի կոնկրետ քայլերի՝ մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ:
Թոմաս Համմարբերգը ողջունում է նաեւ մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված ընդդիմադիրների մի մասի ազատ արձակումը՝ միաժամանակ լուրջ մտահոգություններ հայտնելով այն ընդդիմադիր ակտիվիստների առնչությամբ, ովքեր շարունակում են մնալ կալանավորված, եւ Հայաստանի իշխանություններին կոչ է անում նրանց եւս ազատ արձակել:
«Որոշ կարեւոր քայլեր արվել են 2008-ի մարտյան իրադարձությունների հետեւանքով առաջացած մարդու իրավունքների խախտումների հետեւանքները մեղմելու համար, սակայն լրացուցիչ ջանքեր են հարկավոր իշխանությունների նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու եւ հասարակության հաշտեցման համար»,- ասվում է զեկույցում, որտեղ անդրադարձ կա նաեւ խոսքի եւ հավաքների ազատությանը, ինչպես նաեւ բանակում մարդու իրավունքների իրավիճակին:
ԵԽ ՄԻ հանձնակատարը, մասնավորապես, ընդգծում է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ խուսափելու համար զրպարտության եւ վիրավորանքի առնչությամբ ԶԼՄ-ների դեմ հարուցված գործերով պահանջվող «չարդարացված բարձր տուգանքներից»՝ միաժամանակ կոչ անելով խրախուսել լրագրության էթիկական չափանիշների պահպանումն ու ինքնակարգավորման մեխանիզմները, նաեւ խստորեն դատապարտել անցած 2 տարիներին լրագրողների դեմ հարձակումների եւ գործադրվող ճնշումների միջադեպերը եւ քայլեր ձեռնարկել դրանք ապագայում կանխելու համար:
Մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն է հայտնում նաեւ «խաղաղ հավաքների անցկացման դեմ անօրինական եւ անհամարժեք արգելքների» առնչությամբ՝ որպես օրինակ նշելով դրանց մասնակիցների ձերբակալությունները, տրանսպորտային միջոցների տեղաշարժի դեմ խոչընդոտների հարուցումը, «որոշ վայրերում» հավաքների անցկացման արգելքը: Համմարբերգը կոչ է անում իշխանություններին վերանայել խոսքի եւ հավաքների ազատության ոլորտի օրենսդրությունը եւ իրավակիրառ պրակտիկան՝ այն համապատասխանեցնելով մարդու իրավունքների ընդունված չափանիշներին:
Զեկույցը նաեւ անդրադարձել է զինված ուժերում ոչ պատերազմական իրավիճակում արձանագրված սպանություններին, խոշտանգումներին եւ վատ վերաբերմունքին, որոնք «հանրային քննարկման թեմա են դարձել»:
«Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը բանակում նմանօրինակ լուրջ չարաշահումները բացառելու ուղղությամբ»,- եզրակացրել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել