Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է»

Մայիս 10,2011 00:00

\"\"Նախկին ազատամարտիկ, գնդապետ Միքայել Ապրեսյանը կարծում է, որ ՀԱԿ-ին եւ իշխանությանը ստիպել են նստել բանակցային սեղանի շուրջ:

– «Առանց ղարաբաղյան հակամարտության փակուղին հաղթահարելու՝ մեր հարաբերությունները Հայաստանի հետ չեն կարող վերադառնալ ճիշտ ուղի»,- մի քանի օր առաջ Իգդիրում հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Էրդողանը եւ հավելել, թե Հայաստանը պետք է հասկանա, որ եթե Ադրբեջանը սպառնալիքի տակ լինի, Թուրքիան կկանգնի Ադրբեջանի կողքին: Հայ-թուրքական մերձեցման տապալված գործընթացն աչքի առաջ ունենալով՝ թուրքական կողմի այս անկեղծություններից մենք ի՞նչ հետեւություններ պետք է անենք:
– Ադրբեջանը միշտ էլ ջանք չի խնայել՝ ղարաբաղյան ողջ գործընթացի մեջ Թուրքիային ներքաշելու համար, բայց այս պարագայում, կարծում եմ, Էրդողանի հայտարարությունները զուտ նախընտրական նշանակություն ունեն: Թուրքիայում շուտով ընտրություններ են, իսկ Էրդողանին ձայներ են պետք: Այս ընթացքում շատ հայտարարություններ կհնչեն, սակայն դրանք երբեք իրական գործընթացների չեն վերածվի: Հայ-թուրքական հաշտեցումն էլ «սառած» կմնա, եւ միայն ընտրություններից հետո պարզ կլինի, թե Թուրքիայի համար ինչ նշանակություն ունի «եղբայրական Ադրբեջանը»:
– Աշխարհաքաղաքական այս իրավիճակում հնարավոր համարո՞ւմ եք ղարաբաղաադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ծավալումը:
– Դեռ 90-ականներից Ադրբեջանը հոխորտում է՝ կսպանենք, կմորթենք, կվերացնենք… Ինքնուրույն պատերազմ սկսելու Ադրբեջանի հնարավորությունները շատ քիչ են: Ես վստահ եմ, որ նման քայլի Ադրբեջանը կգնա միայն մեկ պարագայում՝ եթե որեւէ գերտերություն այդ հարցում նրան սատարի եւ հովանավորի:
– Իսկ արտաքին այս տեղաշարժերն, ըստ Ձեզ, Հայաստանի ներքաղաքական կյանքում ի՞նչ զարգացումների կբերեն:
– Ներկայումս շատ պարզորոշ երեւում է Արեւմուտքի գերակայությունը: Տպավորություն է, որ Ռուսաստանը տանուլ է տալիս: Մյուս կողմից էլ՝ շատ տարօրինակ է Ռուսաստանի այս լռությունը: Այս «ամերիկյան պարտիային» որեւէ արձագանք չեն տալիս: Ինձ համար դա մի փոքր անհասկանալի է:
– Վտանգավոր չէ՞ այդ լռությունը, չե՞ք կարծում, որ Ռուսաստանը ինչ-որ մի պահի կխառնի բոլորի խաղաքարտերը:
– Կփորձի, իհարկե, բայց կասկածում եմ, որ դա կանի Ադրբեջանի միջոցով: Ես մի տեսակ չեմ հավատում ու չեմ վստահում «ստրատեգիական գործընկերություն» կոչվածին: Վերջին 20 տարիների կյանքը ապացուցեց, որ միակ ստրատեգիական գործընկերը շահն է. ինչպես այդ պահին շահը թելադրեց, այնպես էլ կվարվեն: Այսօր Հայաստանն է Ռուսաստանի ստրատեգիական գործընկերը, չի բացառվում, որ վաղը Ադրբեջանը լինի: Այնպես որ, Ձեր մտավախություններն անհիմն չեն, մանավանդ որ՝ Ռուսաստանում էլ խառնաշփոթ իրավիճակ է: Թե այդ ամենն ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա՝ այ, դա է անհասկանալի եւ վտանգավոր:
– Ինչպե՞ս եք նայում ՀԱԿ-իշխանություններ համագործակցությանը. որքան գիտեմ, Դուք ՀԱԿ-ի համակիրներից եք, բայց, այսպես կոչված, «ընդդիմադիր» թեւից:
– Համագործակցությունն ակնհայտ է, նպատակները կարելի է ենթադրել: Բայց իմ տպավորությամբ, երկու կողմերին էլ Արեւմուտքը ստիպել է մտնել այս բանակցային գործընթացի մեջ: Այնպես չէ, որ կողմերը կամ գոնե նրանցից մեկը բարի կամք է դրսեւորել:
– Եվ ինչի՞ կհանգեցնի մեզ այս ստիպողական երկխոսությունը:
– Հերթական խորհրդարանական ընտրությունների, եւ ամենայն հավանականությամբ՝ ՀԱԿ-ը խորհրդարանում որոշակի տեղ կզբաղեցնի:
– Իսկ դրա արդյունքում մեր կյանքը կլավանա՞: Ասենք, որեւէ խնդիր՝ լինի դա ազգային, պետական, սոցիալ-տնտեսական նշանակության, լուծում կստանա՞:
– Չգիտեմ: Անցյալում չեմ տեսել, հիմա էլ չեմ սպասում: Ավելին, ես վախենում եմ նրանից, որ սեփականության վերաբաժանման հերթական գործընթաց կսկսվի: Այս երկխոսության արդյունքում, չգիտեմ, հնարավոր է Հայաստանը կայուն մնա, ներքին քաղաքական ցնցումներից խուսափենք: Սոցիալական, տնտեսական ամրապնդում, առաջընթաց չեմ տեսնում, որ հնարավոր է, քանի որ երկու կողմերն էլ լիբերալ քաղաքականության ջատագովներ են: 20 տարի մենք ճաշակել ենք լիբերալիզմի պտուղները: Կյանքը ցույց տվեց, որ լիբերալիզմը Հայաստանին ոչ մի լավ բանի չբերեց, հակառակը՝ քայքայվեց ու մսխվեց եղած տնտեսությունն էլ:
– Հավատո՞ւմ եք, որ քաղբանտարկյալներին կազատեն մինչեւ մայիսի 28-ը:
– Իհարկե: Ինչո՞ւ պիտի չազատեն: Քանի որ այն ժամանակ օլիգարխիկ շրջանակները Նիկոլի նկատմամբ ոտնձգություններ էին անում, հիմա չգիտեմ՝ ոնց կլինի այդ տղայի վիճակն ազատվելուց հետո: Իսկ Սասունին այսօր սպասում էինք. գուցե երեկոյան բաց թողնեն կամ վաղն առավոտյան:
– Ինչպիսի՞ն եք պատկերացնում Հայաստանի հեռանկարը՝ առաջիկա հինգ տարիների կտրվածքով:
– Դժվար է ասել: Անգամ դժվար է այսօր պատկերացնել, թե ինչ կլինի երկու ամիս հետո: Ունենք մի կողմից՝ Թուրքիա, մյուսից՝ Ադրբեջան, Ռուսաստան, չհաշված, որ հիմա էլ Արեւմուտքն է ակտիվացել, իր ձեռքերին լավ ազատություն է տվել: Չգիտեմ, գուցե հիմա կհաջողեն պայմանավորվել, որ պատերազմից խուսափենք, բայց ի վերջո լինելու է, եւ ուզենք, թե ոչ, մենք ներքաշվելու ենք այդ գործընթացների մեջ:
– Եթե վաղը լինեն նախագահական ընտրություններ, թեկնածուները լինեն Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, ո՞ւմ կընտրեք:
– Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը շատ կիրթ ու գրագետ են, եւ դա իրենց առավելություն է տալիս: Րաֆֆին արտգործնախարարի պաշտոնում շատ քիչ աշխատեց, եւ իր հեռանալու պատճառներն այն ժամանակ անհասկանալի մնացին, միայն ենթադրել կարող ենք: Նա նորմալ մարդ է, զարգացած, հայտնի հայր ունի, լավ ընտանիք: Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ կիրթ, հմուտ գործիչ է: Հայաստանում նրա նման դիվանագետ եւ քաղաքագետ չունենք: Իսկ Սերժ Սարգսյանի անցյալն է շատ բարդ: Եթե այս երեք տարբերակը լինի՝ ես ընտրության չեմ գնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել