Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՈՒՇԻՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԷՐ

Մայիս 10,2011 00:00

Արցախյան ազատամարտը ամենալուսավորն էր մեր պատմության մեջ, բայց դրա հերոսներից շատերը երեկ ու այսօր էլ դեռ բանտերում են:

\"\"Մայիսի 8-ին Հայաստանում ոչ պետական մակարդակով, բայց տոնվում էր Երկրապահի օրը, մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, մենք նշեցինք միանգամից ե՛ւ Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 66-ամյակը, ե՛ւ Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձը: Հայ ժողովրդի համար այս երկու տոներից ավելի հարազատը, թերեւս, հենց Շուշիի ազատագրումն էր, որը, ինչպես Ժիրայր Սեֆիլյանն է նկատել, «Շուշիի ազատագրումը, ցավոք, իրապես տոն չէ մեզ համար, եւ այն նշվում է ձեւի մեջ, որտեղ չկա իրական բովանդակություն, քանզի մեր երկրի ճակատագիրը տնօրինում են շահապաշտ եւ փառասեր մի խումբ մարդիկ»:
Եվ իսկապես. արդյոք մենք գիտակցո՞ւմ ենք արցախյան ազատամարտի իրական արժեքն ու մասնավորապես՝ Շուշիի ազատագրման կարեւորությունը, եւ արդյոք այդ տոնը պետականորեն ըստ արժանվո՞ւյն է տոնվում: «Առավոտի» այս հարցին պատասխանեցին մերօրյա հերոս տղաները: «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սմբատ Այվազյան. «Շուշին մեր ամենախոշոր ճակատամարտն էր, ու Շուշիի ազատագրումը ռազմավարական խոշոր նշանակություն ունեցավ: Դա առանցքային էր նաեւ հետագա մյուս հաղթանակների համար, որովհետեւ դա հնարավորություն տվեց Հայաստանը Ղարաբաղին կապել: Շուշին անպայման պետք էր գրավել, որ մենք կարողանայինք Լաչինն ազատագրել եւ ապահովել Ղարաբաղ-Հայաստան կապը: Դա իր նշանակությամբ շա՛տ մեծ էր, դա դարձավ արցախյան ազատամարտի շրջադարձային կետը ողջ պատերազմի ընթացքում, ու պատահական չէ, որ հենց այդ օրը նաեւ համարվում է երկրապահի օր»:
Արդյոք այդ պատմական օրն իր նշանակությանը համապատասխան նշվո՞ւմ է Հայաստանում: «Իհարկե, ոչ: Ամենայն հավանականությամբ, մենք չենք գիտակցում մեր հաղթանակների արժեքը, արցախյան պատերազմի մեր ձեռքբերումները: Երեւի պատճառն այն է, որ մեր ժողովուրդը դա դեռ վերջնական հաղթանակ չի համարում: Կռվի դաշտում հաղթել, հարցը լուծել ենք, իսկ դիվանագիտական դաշտում դեռ բանակցություններ են գնում, ուստիեւ՝ հարցն ամբողջությամբ լուծված չէ: Ըստ իս, սա է պատճառը, որ մեր ժողովուրդը դա չի ընկալում որպես հաղթանակ, իսկ իշխանությունները՝ հատկապես վերջին 10 տարիներին, այնպիսի խնդիրներ են առաջացնում, այնպես ու այնքան են զբաղված իրենց աթոռն ամեն կերպ պահելու խնդրով, որ նրանց համար, ինչպես ռուսներն են ասում՝ «վպ ՊՏ ֆՑՏչՏ»: Իրականում սա մեր պատմության լուսավոր կետերից մեկն է կամ նույնիսկ՝ ամենալուսավորը»,- ասաց «Մեծն Տիգրան» աշխարհազորի հրամանատարը:
«Արաբկիր» ջոկատի հրամանատար, դարձյալ նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանն էլ ասաց, թե ինքը մի բան գիտի. «Կարծում եմ, Շուշիի խորհուրդը կգիտակցվի այն ժամանակ, երբ մեր արժեհամակարգում տեղ կունենա կռված տղաների օրինակը, մեր անցած ճանապարհն օրինակ կլինի մեր երիտասարդության համար: Բայց, ցավոք, այդպես չէ: Մեր արժեհամակարգում հիմա «տեղավորվել» են այնպիսի հասկացություններ, այնպիսի երեւույթներ, որոնք ոչ մի եզր չունեն այն արժեքների հետ, հանուն որոնց մենք կռիվ ենք տվել: Բայց այսօր ինձ համար ուրախության օր է, որովհետեւ 2000 տարի մենք նման հաղթանակներ չէինք տեսել, թեեւ հիմա էլ այդ հաղթանակը լիարժեք չէ. հիմա ընդամենը հրադադար է: Ես կուզենայի, որ վերջապես մենք մի օր բաժակ բարձրացնեինք, գլուխներս բարձր ու ճակատներս բաց՝ ասեինք՝ այս պատերազմում մենք լիարժեք հաղթանակ ենք ունեցել, ու դա դե-յուրե վավերացնեինք: Միեւնույն է՝ այսօր ամեն ինչ դեռ մի տեսակ կիսատ է»:
Արցախյան ազատամարտի մասնակից, «Մալաթիա» ջոկատի հրամանատար ու էլի նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը յուրովի է գնահատում Շուշիի ազատագրումն ու արցախյան ազատամարտն ընդհանրապես. «Ամեն մի քառակուսի մետր տարածք գրավելն ինձ համար նույն ուրախությունն ու ոգեւորությունն է եղել. ի՞նչ տարբերություն՝ Շուշի՞ն էինք ազատագրում, թե՞ որեւէ ուրիշ բնակավայր: Մինչեւ Շուշի հասնելը՝ Խոջալուն էր, Մալիբեյլին, Քարինտակի ու այլ բնակավայրերի ազատագրության համար կռիվներն էին: Էդ տարածքների ազատագրման շունչն ու ոգին էր, որ հասցրեց Շուշիի ազատագրմանը: Շուշին առաջին հերթին խորհրդանիշ է»: Արցախյան ճակատում մեր հաղթանակներն ըստ արժանվույն գնահատելուն վերաբերող մեր հարցին Հ. Հակոբյանն այսպես արձագանքեց. «Ճիշտն այն կլիներ, որ ազատամարտիկներին ավելի մեծ ուշադրություն հատկացվեր: Ղարաբաղի պատերազմի, Շուշիի ազատագրման մասին մտածող որ լիներ՝ մեր երկրի, մեր տղերքի վիճակն էս կլինե՞ր: Մեր տղերքի 99 տոկոսն ամեն ինչից զուրկ է, թուրքի դեմ կռված տղերքի մի մասն էլ էսօր ստիպված է թուրքի անվան տակ եվրոպաներում հանձնվել, տուն-տեղ դնել, մի մասն էլ բանտերում էր, Սասունն էլ դեռ շարունակում է մնալ բանտում: Դա ըստ արժանվույն գնահատե՞լ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել