Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոբելյանական սուրճով

Մայիս 07,2011 00:00

\"\"

Երեկ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ծննդյան 40-ամյակն էր: Թվում էր, ինչպես ընդունված է, մաեստրոն իր որոշ կոլեգաների նման կստանար, ասենք, դիրիժորական ոսկե փայտիկ կամ այլ նյութական արժեք: Սակայն Հայաստանի թիվ 1 նվագախմբի ղեկավարի հոբելյանը նշվեց սովորական. նվագախմբի երաժիշտները փորձից առաջ «շեֆին» դիմավորեցին համապատասխան երաժշտությամբ, իսկ ավարտից հետո՝ Ֆիլհարմոնիկի տնօրինությունը Թոփչյանին հրավիրեց «հոբելյանական» սուրճի: «Առավոտի» հետաքրքրությանը, թե իր ղեկավարած նվագախմբում անցած շուրջ տասը տարիներին ինչպե՞ս են անցել ծննդյան օրերը, եւ ի՞նչ ակնկալիք ուներ իր համար հոբելյանական օրվանից, Էդ. Թոփչյանն ասաց, որ երբեք բեմում չի նշել եւ չի նշելու ոչ մի տարեդարձ: Հետո էլ ավելացրեց, թե այս տարի լրանում է Ֆիլհարմոնիկի 85 եւ իրենց կողմից անցկացվող Դասական երաժշտության երեւանյան միջազգային փառատոնի 5-ամյակները: Ու թեեւ այդ օրը հեռու չէ, երազում է, որ նվագախումբը դասվի համաշխարհային ճանաչում ունեցող կոլեկտիվների շարքում: Ինչ վերաբերում է ստացած շնորհավորանքներին, Թոփչյանը հայտնեց, որ ինքը ստացել է ինչպես «տեղական», այնպես էլ արտերկրյա շնորհավորանքներ՝ իր ճանաչված կոլեգաներից: Հնչած բարեմաղթանքներին էլ ի պատասխան, հոբելյարը շնորհակալություն հայտնեց իր ծնողներին, անուն առ անուն հիշեց ուսուցիչներին, հետո էլ աշխարհահռչակ մաեստրո Կլաուդիո Աբբադոյին, ում խորհուրդներից՝ 15 տարի առաջ օգտվել է ինքը… Չմոռացավ նաեւ երախտիքի խոսք հղել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, առանց որի անհնար էր իրենց լայնամասշտաբ ծրագրերի, մտահղացումների իրագործումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել