Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԲԱՅՑ ԿԱՐԵՎՈՐ

Մայիս 07,2011 00:00

«Կինն առանց կոսմետիկայի՝ կերակուր է առանց աղի»:

Պլատոն

 

«Հին հայերը մաշկը խնամելու համար օգտագործում էին կաթի սերը, այտերը կարմրացնում էին սնգույրով, աչքերը ավելի արտահայտիչ դարձնելու համար քսում էին նուշի մոխրից պատրաստված սեւ սուրմա, որը միեւնույն ժամանակ բուժում էր աչքի քորը եւ պաշտպանում վնասվածքներից: Իսկ հարսանեկան արարողությունների ժամանակ մազերը հինա էին դնում»,- ասում է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը եւ ավելացնում, որ հայերի համար որքան փարթամ ու առողջ էին մազերը, այնքան գեղեցիկ ու գրավիչ էր կինը:

Իր ծագման սկզբնական շրջանում կոսմետիկան ուներ առավել պարզ նշանակություն. այն է՝ «լինել գեղեցիկ, առողջ, չունենալ թերություններ»: Դեռեւս անտիկ շրջանում մարդիկ մարմինը օծում էին տարբեր ճարպերով, յուղերով, քսում էին գունավոր կավեր, որոնք մարմինը պաշտպանում էին ցրտից, խոնավությունից, շոգից, մարէներից: Իր զարգացման սկզբնական փուլում կոսմետիկան բացառապես բուժիչ բույսերից էր պատրաստվում: Ազգագրագետը նշում է, որ ինչպես շատ ժողովուրդներ, հայերը եւս հետեւել են իրենց գեղեցկությանը եւ ունեցել են բնական կոսմետիկայի իրենց նմուշները:

Բժիշկ կոսմետոլոգ Աննա Գրիգորյանը հավաստում է, որ կոսմետիկայի խնդիրների մեջ մտնում են գեղագիտական տեսանկյունից մարդու անձի, տեսքի բարելավումը, մարմնի առողջության պահպանումը. «Մարդկային կյանքի տարբեր ժամանակահատվածներում՝ զարգացում, հասունացում, ծերացում, կոսմետիկան լուծում է բոլորովին տարբեր խնդիրներ, հետեւաբար դրա մեթոդներն ու միջոցները տարբեր պետք է լինեն: Կյանքի առաջին կեսում առաջ են քաշվում հիգիենայի հարցեր, իսկ երկրորդ կեսում՝ ժամանակից շուտ ծերանալուն դիմագրավելու հարցեր, որոնք լուծվում են քողարկող կոսմետիկայի միջոցով»: Կոսմետոլոգի խոսքերով, արտաքինի մասին խնամքը հնարավորություն է տալիս հետաձգել ծերությունը, եթե միայն այդ խնամքը տարվում է բուսական բաղադրությամբ կոսմետիկայով: Սակայն այսօր կոսմետիկայի արտադրության մեջ օգտագործվում են մեծամասամբ կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք կարճ ժամանակում քայքայում են մարդու մաշկը: Հաշվի առնելով դեկորատիվ կոսմետիկայի բացասական ազդեցությունը, այնուամենայնիվ, պետք է նշել նաեւ դրա դրական կողմերը: Ըստ հոգեբանների՝ լավ խնամված արտաքինը բարձրացնում է մարդու տրամադրությունը, ինքնազգացողությունը, նրան դարձնում լավատես, մեծացնում է աշխատանքի արտադրողականությունը եւ նպաստում կյանքի շարունակմանը: «Շատ արտահայտիչ շպարը գեղեցիկ չէ, բայց մի թեթեւ կարելի է: Իմ կարծիքով, եթե կոսմետիկան ճիշտ ես օգտագործում, այն վնաս չի հասցնի: Ես առանց շպարի ինձ մի տեսակ անվստահ եմ զգում»,- ասում է 23-ամյա Արեւիկը եւ կատակում, որ կոսմետիկայի հասցրած միակ վնասը ժամանակի եւ գումարի կորուստն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել