Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մուլտֆիլմը միշտ չէ, որ անվնաս է ու օգտակար

Մայիս 07,2011 00:00

\"\"Ամերիկյան մի նահանգի դպրոցներից մեկում հոգեբանները փորձ են կատարել. մեկ ամիս  առանց մուլտֆիլմերի: Արդյունքում պարզվել է, որ դպրոցում ագրեսիվությունը նվազում է:

Այսօր դժվար գտնվի մի երեխա, ով առանց մեծ հափշտակության ժամերով չդիտի մուլտֆիլմեր: Սրան մեծապես նպաստում են նաեւ ծնողները, քանի որ կարծում են՝ դա թե իրենց է հոգսերից ազատում եւ թե իրենց զավակներին է օգուտ բերում: Երեխաները հիմնականում նախընտրում են ակտիվ, գործողություններով հագեցած մուլտեր:

«Երեխաները շարժում են սիրում, եւ բացի այդ՝ իրենց նմանեցնում մուլտիկի այս կամ այն հերոսին, նրանց արարքներով ուրախանում կամ տխրում, ուստի ծնողները մուլտֆիլմ ընտրելիս այս փաստը պետք է հաշվի առնեն»,-բացատրում է հոգեբան Անահիտ Ավագյանը:

Մարդու բնավորությունը ձեւավորվում է մինչեւ 7 տարեկան հասակը: Հոգեբանն էլ նշում է, որ այս առումով էական դեր են խաղում մուլտֆիլմերը: Նախքան մուլտֆիլմ ընտրելը՝ պետք է հաշվի առնել երեխայի սեռը, տարիքը: Միեւնույն մուլտֆիլմը չեն կարող դիտել եւ՛ 4, եւ՛ 7 տարեկան երեխաները:

Կան ծնողներ, ովքեր կարծում են, որ մուլտֆիլմները շատ են օգնում իրենց երեխաներին: «Իմ երեխան 5 տարեկան է, նա շատ ակտիվ, անհանգիստ բնավորություն ունի, բայց երբ միացնում եմ իր շատ սիրած մուլտը, նա հանգստանում է ու ժամերով դիտում այն: Երբ նա տանը մուլտ է դիտում, ես ավելի ապահով եմ նրա համար, քան եթե բակ է իջնում խաղալու, բացի այդ, նրա վարքի մեջ ոչ մի փոփոխություն չեմ տեսել՝ կապված մուլտիկ դիտելու հետ»,- ասում է տիկին Արմինեն:

Ինչո՞վ է բացատրվում, որ նույն մուլտֆիլմը մի երեխայի վրա լավ է անդրադառնում, իսկ մյուսի վրա՝ վատ: «Միանշանակ ասել, որ մուլտֆիլմը դրական կամ բացասական ազդեցություն ունի երեխայի վրա, ճիշտ չէ: Դա կախված է երեխայի բնավորությունից, ընտանիքից, երեխայի նկատմամբ վերաբերմունքից: Բայց ընդհանուր առմամբ մուլտֆիլմը պետք է դաստիարակչական բնույթ ունենա, երեխային սովորեցնեն հարգանք դեպի մեծերը, սեր մարդկանց, կենդանիների նկատմամբ եւ այլ կարեւոր արժեքներ»,- ասում է հոգեբանը:

Կան մուլտֆիլմեր, որոնք իրենց բովանդակությամբ շատ ագրեսիվ են եւ երեխայի հոգեբանության վրա կարող են շատ բացասական ազդեցություն ունենալ: Օրինակ՝ երեքամյա Արսենը հողաթափով հարվածել էր մոր գլխին՝ նմանակելով մուլտֆիլմի հերոսներից մեկին:

Հաճախ երեխային պարզապես հնարավոր չէ արգելել մուլտֆիլմ դիտել: Նման դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս երեխայի ուշադրությունը շեղել ամեն հնարավոր միջոցներով: «Եթե երեխան մեծ ցանկություն ունի մուլտֆիլմ դիտելու, ապա ավելի լավ է ծնողի հետ դիտի, եւ ճիշտ կլինի, եթե ծնողը նրան այն բացատրի: Երեխաները շատ ներշնչվող են եւ մի դեպքում երեխայի մոտ դրսեւորվում է ագրեսիա, մեկ այլ դեպքում՝ վախ, եթե մուլտֆիլմը վախենալու տեսարաններ է պարունակում»,- ասում է հոգեբանը:

Այսօր արտադրվող մուլտֆիլմերը, Անահիտ Ավագյանի կարծիքով, բովանդակությամբ ագրեսիվ, երբեմն պարունակում են սեքսուալ կադրեր, իսկ երեխայի գիտակցությունն այնքան զարգացած չէ, որ պաշտպանի ինքն իրեն դրանց բացասական ազդեցությունից: Նրանք ընկալունակ են ցանկացած նյութի նկատմամբ, ուստի կարեւոր է մուլտֆիլմ ձեռք բերելուց առաջ համոզվել, որ այն ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա երեխայի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել