Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԸ՝ ԲՈՒՅՐԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մայիս 07,2011 00:00

Բուրմունքի կախարդանքին տիրապետողը  սրտերի տիրակալ կլինի

\"\"ՀԵՐՄԻՆԵ ԽԼՂԱԹՅԱՆ

 

Բժիշկ Արմինե Հովհաննիսյանը նշում է, որ հոտերը կարող են նպաստել վերքերի լավացմանը, օժտված են հակաբակտերիալ ազդեցությամբ: Ըստ նրա՝ գոյություն ունի հոտեր առաջացնող յուղերի կիրառման երկու եղանակ՝ առաջինը «արոմալամպերի» կիրառումն է՝ ջրով նոսրացված յուղերով վառվող բուրավետ մոմերը օդը դարձնում են հաճելի եւ ունեն բուժիչ նշանակություն: Հաջորդը՝ լոգարանի համար օգտագործվող SPA հավելումներն են: Լոգարանը լցնում են տաք ջրով եւ մեջը լուծում SPA հավելումը: «Ջրի մեջ ընկղմվելով, իհարկե՝ ձեր սիրած հոտը ընտրելուց հետո, կբարձրանա օրգանիզմի դիմադրողականությունը, կիջնի արյան ճնշումը»,- ասում է Արմինե Հովհաննիսյանը:

\"\"Հնուց հայտնի է, որ հոտերը ակտիվորեն ներազդում են մարդու ենթագիտակցության վրա՝ առաջացնելով զգացմունքների եւ հոգեվիճակների մի ողջ ալիք: Ըստ հոգեբան Անի Ասատրյանի՝ շատ կարեւոր է տան համար ընտրել ճիշտ բույր, որը հաճելի կլինի ոչ միայն տան անդամների, այլեւ հյուրերի համար: «Տանը հարմարավետ եւ հանգիստ մթնոլորտ ստեղծելու նպատակով խորհուրդ կտամ օգտագործել ուրցի, բերգամոտի եւ կիտրոնի անուշահոտությունների բույլը: Խոհանոցում ցանկալի է ունենալ նվենու եւ չիչխանի յուղեր, որոնք օգտագործվում են այրվածքների եւ կտրած վերքերի բուժման ժամանակ»,- խորհուրդ է տալիս հոգեբանը:

Հոտերն առաջանում են եթերային յուղերի շնորհիվ: Հոտառությունն ամենահին զգացողություններից է, որով բնությունն օժտել է մարդուն: Ըստ հոգեբանի՝ բուրմունքը մարդու հիշողության վրա ամենավառ տպավորություն թողնող երեւույթներից է։ Ձնծաղկի բույրը գարնանային տրամադրություն է ստեղծում, ասեղնատերեւինը՝ ամանորի տոների։ Թարմ թխվածքեղենի հոտը մեզ մանկության գիրկն է տանում: Յուրաքանչյուր կին իր կենսափորձից գիտի, թե որքան կարեւոր է ճիշտ օծանելիք ընտրելը, քանզի դրա բուրմունքը, միաձուլվելով մաշկի հոտին, կարող է ստեղծել անկրկնելի ներդաշնակություն եւ կնոջ կերպարին առանձնահատուկ հմայք հաղորդել։

Բուրմունքի ընտրությամբ մարդկանց կարելի է տարբերակել ըստ սեռի եւ խառնվածքի։ Տղամարդիկ նախընտրում են կոճապղպեղի, կիտրոնի, նվենու, սոճու եւ սուսամբարի հոտերը։ Կանայք՝ վարդի, սանդալի, խորդենու, հասմիկի եւ նարդոսի անուշահոտերը։ Խոլերիկների համար գրավչական են սանդալի, սոճու եւ նոճու հոտերը։ Սանգվինիկներին խորհուրդ է տրվում օգտագործել մանդարինի եւ ուրցի բուրմունքով օծանելիք։

Առանձնակի մոտեցում է պետք ցուցաբերել ննջասենյակին։ Անուշահոտությունները միշտ էլ սիրո արվեստի անքակտելի մասն են եղել։ Դեռեւս եգիպտական քրմուհիները, գործի դնելով բուրավետ յուղերն ու անուշահոտությունները, տղամարդկանց մեջ ամենանվիրական ցանկություններն էին արթնացնում եւ հասցնում ցանկասիրության գագաթնակետին։ Սիրո կախարդանքին հմտորեն տիրապետող այնպիսի հայտնի սիրեկաններ, ինչպիսիք են Կլեոպատրան, Ալեքսանդր Մակեդոնացին, Մարգո թագուհին, Եկատերինա II-ը եւ Կազանովան, կատարելապես տիրապետում էին արոմաէրոտիկայի արվեստին, որի միջոցով ընդմիշտ հմայում եւ գրավում էին իրենց ընտրյալների սրտերը։ Իզուր չէ, որ մեր նախնիներն ասում էին. «Բուրմունքի կախարդանքին տիրապետողը սրտերի տիրակալ կլինի»։

«Պարտադիր չէ լինել սիրո կախարդանքին հմտորեն տիրապետող մարդ, որպեսզի կարողանաս գրավել դիմացինին քո բույրով: Պարզապես պետք է բույրը նախեւառաջ քեզ համապատասխանի, որպեսզի այն գրավի կողքինիդ ուշադրությունը»,- խորհուրդ է տալիս հոգեբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել