Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարուստ անցյալի աղքատ ներկան

Մայիս 07,2011 00:00

Մայրական սերը տարիներ հետո այլ կերպ փոխհատուցվեց

Բարեկեցիկ կյանքով ապրած տիկին Սեդան այսօր հազիվ է գոյատեւում: Կենցաղային ծանր պայմաններից եւ առողջական խնդիրներից զատ, նրան ավելի շատ վշտացնում է հարազատների անտարբերությունը:

43 տարի առաջ Սեդա Գրիգորյանը հանդիպեց ապագա ամուսնուն՝ Հակոբ Սիմոնյանին, ով կորցրել էր կնոջը եւ միայնակ խնամում էր երկու անչափահաս որդիներին: Նրանք ամուսնացան, բայց ամուսնությունը չօրինականացրին: Տիկին Սեդան առաջին իսկ օրվանից նվիրվեց երեխաներին՝ իր հոգատարությամբ ու ջերմությամբ փորձելով լրացնել մայրական սիրո պակասը: Նա հարազատ որդիների պես խնամեց Հակոբի տղաներին, ուսման տվեց, ամուսնացրեց, եւ վերջին տարիներին ամուսնու հետ ապրում էին բարեկեցիկ կյանքով: «Մենք երեխաներ չունեցանք, բայց Հակոբի տղաներին սիրում էի հարազատի պես: Նրանք ինձ համար ամենաթանկ մարդիկ էին, իսկ հիմա ես ոչ ոք չունեմ»,- ասում է տիկին Սեդան եւ ավելացնում. «Էս աշխարհն էլ է ինձ համար արդեն խորթ»:

Մոտ երեք տարի առաջ ամուսինը հիվանդացավ. տիկին Սեդան ստիպված էր միայնակ խնամել նրան: Որդիները, որ ՌԴ-ում էին, ոչ միայն չայցելեցին հիվանդ հորը, այլեւ զբաղվածությունը պատճառ բերելով՝ ավագ որդին նույնիսկ հոր հուղարկավորությանը չեկավ: «Երեք տարի նրանցից ոչ մի լուր չունեի: Մի տարի առաջ էլ եկավ Գագիկը՝ Հակոբի ավագ որդին, բնակարանը վաճառեց ու ինձ համար հանրակացարանում այս սենյակը գնեց»,- լացակումած պատմում է տիկին Սեդան: «Ես ոչինչ չէի կարող անել, որովհետեւ մեր ամուսնությունը օրինական չէր, իսկ բնակարանն ու ունեցվածքը համատեղ կյանքի ընթացքում չէինք ձեռք բերել»:

Մինչեւ այսօր նա չի կարողանում հասկանալ, թե ինչու իր հետ այդպես վարվեցին: Ինչպես ինքն է նշում՝ իր եւ տղաների հարաբերությունները միշտ ջերմ են եղել: Չնայած «որդիների» անտարբերությանը, տիկին Սեդան մինչեւ այսօր աչքի լույսի պես պահում է նրանց լուսանկարները եւ ամեն անգամ որդիների մասին խոսելիս՝ կարոտով հայացքը գցում է լուսանկարի անգույն շրջանակին:

Այժմ 71-ամյա կինը ապրում է մի փոքրիկ սենյակում: Ջարդված ապակիներն ու բետոնե հատակը ձմռանը լրացնում են ցուրտը, իսկ սենյակի փոքրիկ վառարանը օրվա ընթացքում ընդամենը մեկ-երկու ժամ է վառվում: Անշուք պատերի ներսում միակ զարդը ավետարանն է, որ ամբողջ կյանքում նրա հետ է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել