Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղարաբաղում Տաթեւ Ավետիսյանը երջանիկ էր

Մայիս 07,2011 00:00

Բայց ծնողները նրան գրեթե բռնի բերեցին Արմավիր

ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
\"\"Արմավիրցի Տաթեւ Ավետիսյանը մի օր որոշեց, որ պետք է Ղարաբաղում աշխատի: «Մանկավարժական համալսարանը ավարտելուց հետո աշխատանք էի փնտրում, տարբեր տեղեր դիմեցի, բայց ոչինչ չստացվեց: Մի օր էլ՝ կարծեմ ամառվա կեսերն էր, հեռուստացույցով հայտարարություն կարդացի, որ ԼՂՀ-ում պահանջվում են մանկավարժներ ու նրանց այնտեղ ապահովում են տնով: Որոշեցի, որ գնալու եմ: Չնայած ծնողներս դեմ էին. մտածում էին՝ հեռու, մենակ ինչպե՞ս եմ ապրելու, աշխատելու, չէին պատկերացնում, որ կկարողանամ դժվարություններ հաղթահարել, բայց ես ներքուստ համոզված էի, որ կարող եմ ու գնացի»,- ասում է Տաթեւը:

Լաչինի Քարագահ գյուղում Տաթեւը դպրոցում հայոց լեզու, հայ գրականություն ու կրոնի պատմություն առարկաներն էր դասավանդում, միաժամանակ աշխատում էր նաեւ արվեստի կենտրոնում (որպես նկարչության ուսուցչուհի՝ Տաթեւը նաեւ Արմավիրի արվեստի ուսումնարանում է աշխատել): «Շփումը երեխաների հետ շատ հաճելի էր, միջոցառումներ էինք կազմակերպում, արվեստի կենտրոնում կամաց-կամաց երեխաների թիվը ավելանում էր, շատ հետաքրքիր երեխաներ էին, ամեն վայրկյան պատրաստ էին միմյանց օգնել, ամեն մի փոքր \"\"բանից ոգեւորվում էին, մեջները մի ուրիշ տեսակ կրակ կար»,- ոգեւորված պատմում է Տաթեւը: Նա գյուղական տանն էր ապրում, որը բնականաբար չէր կարող հարմարավետ պայմաններ ունենալ:

«Որ զանգում էր, ասում էր՝ ամեն ինչ շատ լավ է, բայց որ գնացինք տեսանք՝ ջուրը դույլերով ու շշերով հարեւանների տնից էր բերում, իսկ հարեւանները շատ հեռու էին իր տնից, փայտը թաց էր, վառարանը վառելիս սենյակը ծխի մեջ կորում էր, դպրոց գնալու ճանապարհն էլ փշոտ, քարքարոտ, ոլոր-մոլոր, սառույցը վրան՝ այնքան զգույշ պետք է քայլեր, որ հանկարծ չընկներ»,- պատմում է մայրը՝ տիկին Աիդան:

Տաթեւը այնքան ոգեւորված էր իր աշխատանքով, որ աչքին ոչ մի դժվարություն չէր երեւում: «Ինձ համար կարեւորը հոգեւոր բավարարվածությունն էր, օրս հագեցած էր, լցված էր, երկու տեղ էի աշխատում, հետո գալիս էի տուն, տետրեր ստուգում, հաջորդ դասին պատրաստվում: Վառարան վառել, ճաշ պատրաստել, տունը կարգի բերել. էս ամենի հետ մեկտեղ դեռ հասցնում էի հյուր գնալ կամ հյուր ընդունել, ամենակարեւորը, որ գործս հաճույքով էի անում ու երջանիկ էի»: Բայց կենցաղային պայմանները տեսնելով՝ Տաթեւի ծնողները որոշեցին, որ իրենց աղջիկը ոչ մի վայրկյան էլ չի մնալու Ղարաբաղում: «Վրդովվեցի, կռվեցինք ծնողներիս հետ, բայց մայրս իր ձեռքերով իրերս հավաքեց ու իմ կամքին հակառակ ինձ բերեցին Արմավիր»:

Հիմա Տաթեւը իրեն նվիրել է գեղանկարչությանը, մի շարք աշխատանքներ ունի, իսկ իր գործերից ամենաշատը սիրում է «Կենաց ծառ» նկարը: «Նկարում նուռը կյանքի խորհրդանիշն է, կայծակը թշնամին է, նռան ներկը արյունն է, կարասից թափվող կաթը մարմնի գույնն է, որը միանալով արյանը՝ դառնում է մի ամբողջություն, անկյունի մոմը հույսի, հավատի նշան է, իսկ նռան վերեւի կանաչը կյանքի շարունակության խորհրդանիշն է»,- ասում է նա:

Վերջերս Տաթեւին լուսանկարչությունն էլ է գրավել, թեեւ չի հասցնում ձանձրանալ, բայց մի բան նրա կյանքում կարծես պակաս լինի: «Եթե ծնողներս համաձայնեն, հենց հիմա էլ կգնամ Ղարաբաղ»,- ասում է Տաթեւ Ավետիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել