Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՍՏՈՒԹՅԱՆ ԶՈՀ

Մայիս 07,2011 00:00

\"\"«Ամեն ինչի մեղավորը հայրս է»,- ասում է Արմինե Ղազարյանը

Արմինե Ղազարյանն ամուսնացավ 38 տարեկանում: Նախկինում փեսացուների պակաս չի զգացել: «Դեռ 15-16 տարեկան էի, բայց երկրպագուների պակաս չէի զգում: Սակայն այդ մասին չէի մտածում, քանի որ նախ՝ ծնողներս շատ խիստ էին, հետո էլ ես պատրաստվում էի ընդունվել Բժշկական համալսարան, պարապում էի ու մտածում, որ տղաները կխանգարեն ինձ»,- ասում է 45-ամյա Արմինեն: Նրա ծնողները դեմ էին Արմինեի բժշկուհի դառնալուն, ուզում էին, որ նա լեզուներ ուսումնասիրեր: Արմինեն հանձնեց Բժշկական համալսարանի ընդունելության քննությունները, բայց բավարար բալեր չհավաքելով՝ չընդունվեց: «Մի կողմից իմ հուսահատությունը, մյուս կողմից էլ ծնողներիս հանդիմանությունները ինձ դեպրեսիայի մեջ գցեցին: Ոչ ոքի եւ ոչնչի հետ առնչություն չէի ուզում ունենալ: Կյանքս էլ կառավարում էին ծնողներս: Մտածում էի՝ վերջիվերջո նրանք միշտ էլ ճիշտ են: Նրանք էլ որոշեցին ինձ քոլեջ ընդունել, մանկավարժ պետք է դառնայի»,- պատմում է Արմինեն: Համակերպվելով նոր մասնագիտություն ձեռք բերելու մտքին՝ խորամուխ եղավ դասերի մեջ: Տղաների մասին մտածել Արմինեն չէր կարող. գիտեր՝ ծնողները, հատկապես հայրը, «կսպաներ», բայց, չնայած արգելքներին, համակրեց մի տղայի՝ Վահեին: Մի օր էլ որոշում է գոնե կանգնել եւ հետը պարզապես խոսել: Հենց առաջին հանդիպումից հետո հասկանում է, որ պետք է նորից հանդիպել: Աղջիկն զգում է, որ զգացմունքներն ավելի են ուժգնանում: Տղայի հետ որոշում են հանդիպել բոլորից գաղտնի: «Մեր մասին գիտեր միայն իմ ամենամոտ ընկերուհին: Մի օր էլ տանը ասում եմ՝ գնում եմ ընկերուհուս տուն եւ հանդիպում եմ Վահեի հետ: Ընկերուհուս մոռանում եմ զգուշացնել այդ մասին, նա էլ փողոցում տեսնում է հայրիկիս եւ հարցնում ինձնից»,- պատմում է Արմինեն: Հայրը Արմինեին սպասում է շենքից դուրս: Տեսնում է՝ ինչպես են իր աղջիկը եւ մի տղա միասին գալիս դեպի շենք: Նախքան Վահեի՝ Արմինեին հրաժեշտ տալը, հայտնվում է Արմինեի հայրը: Նա մոտենում է, առանց բառ ասելու հրում տղային, ապտակում աղջկան եւ թեւից քաշ տալով՝ տանում տուն: Արմինեին հայրը դատապարտում է տնային կալանքի: «Ինձ չէր թողնում խոսել, բացատրել, ինքն էլ ինձ բան չէր ասում: Որոշ ժամանակ անց թողեց՝ գնացի դասի: Վահեն գալիս էր՝ ինձ խնդրում գոնե ծնողների հետ գա մեր տուն: Ես էլ վախենում էր հորիցս: Ասում էի, որ էլ իրեն չեմ սիրում: Նա էլ անընդհատ իմ հետեւից գալով՝ հոգնեց: Ամենադժվարն էլ հենց դա էր: Ես չէի ուզում, որ նա գա իմ հետեւից, բայց նրա չգալն էլ մեծ տառապանք էր պատճառում ինձ»,- ասում է Արմինեն: Մեկ տարի էլ տեւում է, մինչեւ կարողանում է մոռանալ Վահեին, բայց մյուս կողմից էլ հոր հանդիմանանքներն ավելի են սաստկանում: Հոր եւ աղջկա վիճաբանության պատճառ կարող էին դառնալ Արմինեի հագուստը, շպարը, ինչ-որ տղայի հետ կանգնել-խոսելը. Արմինեն խոստովանում է, որ այդ ժամանակ իր միակ ցանկությունը մեռնելն էր: Մի օր էլ, հոր հերթական մեղադրանքներից հետո, փորձում է այն իրագործել: Ինքնասպանության փորձը չի ստացվում: «Դրանից հետո ապրելն ավելի դժվար էր: Ինձ հոգեկան հիվանդի տեղ էին դնում: Այս անգամ ծնողներս ամեն ինչ ուզում էին իմ ուզածով անել: Բայց ես ոչինչ չէի ուզում»,- ասում է նա: Անցան տարիներ: Արմինեն խոստովանում է, որ փեսացուներ տեսադաշտում չէին լինում. «Երեւի մտածում էին՝ խելագար եմ»: Հիմա արդեն Արմինեի ծնողներն են անհանգստանում, իրենց աղջիկը փեսացու չունի: Բարեկամներն էլ իրենց կողմից էին քայլեր ձեռնարկում. «Այստեղից-այնտեղից, խուլ գյուղերից ինչքան տունը մնացած տղա կար՝ գտնում եւ բերում էին մեր տուն: Ես էլ, որ մերժում էի, դժգոհում էին ինձնից: Նրանց ասում էի, որ ես ինձ համապատասխան մեկի հետ պետք է ամուսնանամ»,- հիշում է Արմինեն:

Բարեկամներն էլ ձեռք քաշեցին: Արմինեն համոզված է, որ իր ինքնասպանության փորձը մեծ հետք էր թողել իր կյանքի վրա: Տարածքում բոլորը նրան «մի ուրիշ» կերպ էին նայում: Լսել է նաեւ, որ իր հետ հանդիպել ցանկացող մի երիտասարդ էլ իմանալով այդ մասին, չի ցանկացել խոսել Արմինեի հետ:

Տարիների ընթացքում նա դառնում է առավել ինքնուրույն, աշխատում է, ինքն է որոշում՝ ինչ անել, ինչպես անել, իր վրա է վերցնում նաեւ տան կենցաղային եւ այլ հոգսերը: Խոստովանում է, որ բոլորին պարտադրում էր իր ցանկությունները, եւ երբեմն էլ զարմանում՝ ինչպես են բոլորը իրեն ենթարկվում: «Սա կարծես ստիպում էր ինձ մոռանալ իմ միայնության մասին»,- ասում է Արմինեն: Մինչ 30 տարեկան նա այնքան էլ վատ չէր զգում, բայց հետո սկսեց ընկճվել իր վիճակից: «Ես տունը մնացած էի, ուզող չունեի, եւ դա իսկապես այդպես էր: Մեր տանն անընդհատ խոսվում էր իմ ամուսնության մասին, ես էլ ասում էի՝ հենց ուզող ունենամ, կամուսնանամ»,- ասում է նա: «Ուզող» ունենում է 38 տարեկանում: «Ես տեսնում էի, որ այդ 50-ամյա մարդը ինձնից էլ միայնակ է, ինչո՞ւ չամուսնանալ»,- ժպտում է Արմինեն: Արդեն 7 տարի է՝ Արմինեն ապրում է ամուսնու հետ, ասում է՝ հարգում եւ սիրում են միմյանց, պակասում է միայն երեխան: Իսկ ընդհանրապես մտածում է. «Ամեն ինչի պահը պետք է որսաս, անցավ՝ էլ տերը չես, ես դժգոհ չեմ իմ կյանքից, բայց կարող էր ավելի լավը լինել, ամեն ինչի մեղավորը հայրս է, եթե ամեն ինչ ինձանից կախված լիներ, ես ուրիշ կյանք կընտրեի»:

Հ. Գ. Հերոսների անունները փոխված են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել