Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1-ը սպիտակն է, 2-ը՝ կարմիրը, 3-ը՝ կանաչը…

Մայիս 07,2011 00:00

Արման Կարախանյանի մասնագիտական «ներկապնակը»

ՀԵՐՄԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ 
\"\"«Ես հավատում եմ նախախնամությանը եւ փորձում եմ ոչինչ նախապես չծրագրել: Երբ ժամանակ է անցնում, տեսնում ես, որ կար ճանապարհ, որը քեզ որոշակի կետի է հանգեցրել, բայց ապագան հայտնի չէ եւ չեմ էլ ուզում, որ հայտնի լինի: Ես վստահում եմ այդ օրվա իմ ներքին ձայնին եւ առաջնորդվում եմ «ժամանակը ցույց կտա» սկզբունքով»:

Նկարիչ, լուսանկարիչ, մուլտիպլիկատոր Արման Կարախանյանին ժամանակը ինքնաբացահայտման լայն հնարավորություն է տվել: 1993 թվականին առաջին քայլերը սկսելով Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցից՝ Արմանը շատ արագ սովորեց նկարչության գաղտնիքները եւ բազմաթիվ ցուցահանդեսների եւ միջազգային փառատոների առաջին մրցանակակիրը դարձավ: Գեղարվեստի ակադեմիայում սովորելու տարիներին նա զբաղվում էր գրքերի եւ արտաքին գովազդների ձեւավորմամբ: Մխիթարյան միաբանության հետ համագործակցելով՝ նա ձեւավորել է Առաքել Դավրիժեցու «Հայոց պատմությունը»: Իսկ լուսանկարչությունը շատ պատահական է վերածվել մասնագիտության. «Սովորելու տարիներին երբ գնում էինք արշավների՝ ճեպանկարներ անելու, չէի հասցնում շատ բան նկարել, ստիպված լուսանկարում էի, հետո լուսանկարից վերարտադրում էի: Կամաց-կամաց լուսանկարչությունը սկսեց ավելի շատ հետաքրքրել ու մտածեցի ավելի լուրջ զբաղվել դրանով»:

Արմանի թե նկարներում, թե լուսանկարներում գերակշռում է պատմական թեման ու ճարտարապետությունը: Նա փորձում է մեր պատմական հուշարձանները ներկայացնել տվյալ միջավայրում՝ ցույց տալով օրգանական կապը բնության հետ: Բացի այդ, Արմանը սիրում է վավերացնել իրադարձություններ, որոնք այսօր գուցե աննշան են թվում, բայց տարիներ հետո կարող են մեծ հետաքրքրություն ներկայացնել:

Ինքնուրույն բացահայտելով լուսանկարչության լույսն ու ստվերը՝ Արմանը որոշեց իրականացնել նաեւ իր մանկության երազանքը եւ զբաղվել մուլտիպլիկացիայով: Նա պատմում է, որ դեռ մանկուց սիրում էր տետրերի հետեւում փոքրիկ կոմիքսային կերպարներ նկարել, իսկ այսօր, աշխատելով «Touch FX» անիմացիոն ստուդիայում որպես կերպարային նկարիչ եւ մոդելավորող, նա ոչ միայն նկարում, այլեւ փորձում է կերպարներին կենդանություն հաղորդել: Արմանի կյանքում գույները շարունակում են յուրահատուկ տեղ զբաղեցնել. «Չգիտեմ ինչու, ես թվերն ու շաբաթվա օրերը ասոցացնում եմ գույների հետ. 1-ը սպիտակն է, 2-ը՝ կարմիրը, 3-ը՝ կանաչը, 4-ը սեւ է, 5-ը՝ ծիրանագույն, 6-ը՝ դեղին, 7-ը՝ մանուշակագույն, 8-ը մուգ կապույտն է, իսկ 9-ը՝ մոխրագույնը: Բացի այդ, ես մի հետաքրքիր բան եմ նկատել. ինչպես ներկապնակում տարբեր գույներ խառնում ես ու նոր գույն ես ստանում, այնպես էլ մարդկային հարաբերություններում տարբեր մարդկանց հետ շփվելիս ինչ-որ բան ես տալիս ու վերցնում, եւ այդ հարաբերության արդյունքում մի նոր «գույն» է ստացվում»:

Այս ամենի հետ մեկտեղ՝ Արմանը հետաքրքրվում է նաեւ երաժշտությամբ: Երգում է «Սաղմոս» երգչախմբում, նվագում է շվի, դուդուկ, դաշնամուր: Այն, ինչ տարիներ առաջ կիսատ էր թողել, այսօր ինքնակամ շարունակում է: «Ծնողներս շատ էին ուզում, որ դաշնամուրի գնամ: Նույնիսկ կաշառք վերցրի պապիցս՝ հեծանիվ, բայց 15 օր գնացի: Հետո 2 ամիս ձեւացնում էի, իբր դաշնամուրի դասերին մասնակցում եմ: Տետրիս մեջ գրում էի, ուսուցչուհու ձեռագրով 4 էի գնահատում, որ բնական լինի: Մի օր էլ զանգեցին, ասացին, ինչո՞ւ դասի չի գալիս… Հիմա որոշել եմ սոլֆեջիո եւ հարմոնիա պարապել»,- պատմում է Արմանը եւ ավելացնում, որ երաժշտությունը նախասիրություն կմնա, քանի որ ինչ-որ բանով լուրջ զբաղվելու համար ժամանակ է պետք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել