Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՉԿՈՐՑՆԵԼ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ»

Մայիս 07,2011 00:00

Այսպես է ուզում իր ապագան տեսնել  Նազենի Հովհաննիսյանը

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 
\"\" Նազենի Հովհաննիսյանին մի քանի տարի առաջ ամբողջությամբ մերկ նկարահանվելու առաջարկ արեցին: Նա չհամաձայնեց. պատճառը՝ ո՛չ այն ժամանակ շատ երիտասարդ լինելն էր, ո՛չ էլ այն, որ նա ապրում է Հայաստանում: Նա իր մարմնի գեղեցկության մասին գովեստները լսելուց հետո առաջարկողներին ասաց. «Գիտեք, ես փառասեր եմ, բայց ոչ այնքան, որպեսզի իմ գեղեցիկ մարմինը դարձնեմ դրոշակ եւ տեղի տամ բոլոր առաջարկներին: Ես փառասեր եմ, բայց ինձ համար փառասիրությունն էլ իր սահմաններն ունի: Ես փառասեր եմ այն առումով, որ միշտ ցանկանում եմ կատարելագործվել, իմ մեջ աճ գրանցել: Ցանկալի է, որ դա մարդկանց համար լինի տեսանելի, քանի որ ես հասարակությանը տեսանելի վայրում եմ գտնվում, եւ եթե չլինի հետադարձ գնահատական, ապա ես չեմ հասկանա՝ այդ աճը տեղի՞ է ունեցել, թե՝ ոչ»: Դերասանուհու կատարելագործման մասին կանխատեսումներ է վաղուց արել նրա դասախոսներից Աննա Հեքեքյանը, \"\"ում առաջին անգամ հանդիպել է «Գոյ» թատրոնում: Պատանի Նազենին դպրոցն ավարտելուց հետո հստակ չէր որոշել՝ ինչ է անելու. ինքնուրույն պարապում էր գծանկար, դաշնամուր, վոկալ, լեզուներ, բայց լսեց քեռու աղջկա խորհուրդը՝ դառնալ դերասանուհի: «Հարցրի՝ ինչ է պետք անել: Նա էլ ասաց՝ կարդա: Իսկ դա այն էր, ինչ ես միանշանակ շատ էի սիրում»,- հիշում է Նազենին: Գնաց «Գոյ» թատրոն, լսել էր՝ այդ տարի Արմեն Մազմանյանը կուրս էր հավաքում: Հասուն եւ կայացած դերասանների ներկայությամբ արտասանեց Ջուլիետի մենախոսությունը: Հետագայում Նազենիի դասախոս Աննա Հեքեքյանը պատմեց աղջկան, որ Արմեն Մազմանյանն ասել էր. «Լավ է, բայց շատ տրաֆարետ Ջուլիետ է», Աննա Հեքեքյանն էլ՝ «վերցրու, դու չգիտես»: Հիմա Նազենին կատակում է. «Տրաֆարետ Ջուլիետից դարձա տրաֆարետ կին-վամպ»:

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը բոլորին հայտնի դարձավ առաջին հերթին որպես հեռուստահաղորդավար: Հայտնի լինելու մասին այնքան էլ չի մտածել՝ մտավ հեռուստատեսություն փող աշխատելու նպատակով եւ մնաց այնտեղ, նվիրվեց եւ տվեց հեռուստատեսությանը այն, ինչ կարող էր: «Հեռուստատեսությունն էլ ինձ տվեց իմ տվածի հարյուրապատիկը. բարելավեց կենցաղս, անուն կերտեցի, տվեց նաեւ շատ դժվարություններ. դարձա հանրային կյանքով ապրող մեկը, ում ամենասովորական քայլերը հազար անգամ խոշորացվում եւ քննարկվում են»,- ասում է Նազենի Հովհաննիսյանը: Օրինակ, նման տեսարաններում, որ ինքն է նկարահանվել, խաղացել են նաեւ այլ դերասանուհիներ, բայց բուռն քննարկումների առարկա նա է միշտ դարձել: «Ես մտածում եմ, ուրեմն ես այնքան կամ, որ իմ արածը բոլորին հուզում է»,- ասում է նա՝ հիշելով, որ քննարկումների հեղեղն իր շուրջ հատկապես սկսվեց «Ոչինչ չի մնա» գեղարվեստական ֆիլմից հետո, որն իր համար դարձավ «տրամպլին»: Ֆիլմում էլ դերը միանգամից չի ստացել. ռեժիսորն ու ստեղծագործական անձնակազմը մի փոքր անվստահություն ունեին՝ հաղորդավարուհին կարո՞ղ է ֆիլմում խաղալ, չնայած այն հանգամանքին, որ նույն հաղորդավարուհու առաջին մասնագիտությունը դերասանությունն էր:

Իր մասին կարծիքներից Նազենին փորձում է հետեւություններ անել, լավ է վերաբերվում ոչ անձնական բնույթի քննադատություններին, նրա համար մեծագույն երջանկություն է տեսնել իր արած աշխատանքի դրական գնահատականը. «Այս տարի՝ մարտի 1-ին, մեքենայով թատրոն էի գնում, շտապում էի, իսկ փողոցում շատ մարդ կար: Պետավտոտեսչության աշխատակիցներն ասացին, թե հնարավոր է՝ չկարողանամ անցնել, ես էլ մեքենայիս պատուհանի ապակիները իջեցրի եւ բոլորից շատ քաղաքավարի ներողություն խնդրելով՝ անցա: Մարդիկ ինձ տեսնելով՝ ասում էին. «Վայ, մեր Նազենին ա, անցիր»: Այդ խոսքերից հուզված եւ շատ շնորհակալ՝ գնացի ներկայացման»,- պատմում է Նազենին:

Դերասանուհու ցանկություններից մեկը հասարակության մեջ արմատավորված իր՝ «գեղեցիկ աղջկա» կերպարի կարծրատիպը կոտրելն է: «Ես չեմ մտածում, որ շատ գեղեցիկ եմ, պարզապես երեւի կարողանում եմ ինձ ճիշտ մատուցել: Ցանկանում եմ, որ մարդիկ ավելի շատ իմ աշխատանքը քննարկեն, քան իմ տեսքը»,- ասում է դերասանուհին:

Դերասանուհին իրեն խիստ է համարում, խիստ իր եւ իր շրջապատողների նկատմամբ, իրեն բնորոշում է. «Ես կամ, ես ապրում եմ բոլոր հնարավոր ձեւերով»: Ապագայում ամեն ինչից զատ ցանկանում է ինքնաբավ լինել. «Ուզում եմ չկորցնել այն ինքնաբավության զգացումը, որ հիմա իմ մեջ մի քիչ նստել է: Տասը տարի հետո կուզեմ լինել ավելի ինքնաբավ, քան հիմա եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել