Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերակա խնդիրը՝ չպարտվել

Մայիս 07,2011 00:00

\"\"Եվ այսպես, Թաթարստանի մայրաքաղաքում մեկնարկեց 2011 մրցաշրջանի շախմատային գլխավոր իրադարձությունը՝ հավակնորդների մրցաշարը, որում ութ գրոսմայստերներ պայքարում են եկող տարի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին ձեռնոց նետելու իրավունքի համար:

Կազանի «Կորստոն» չորս աստղանի հյուրանոցում անհաշտ եւ անչափ հետաքրքիր ճակատամարտեր են սպասվում, ինչը վկայեց արդեն մեկնարկային տուրը: Մրցակիցները պայքարն սկսել են քառորդ եզրափակչից ու այս փուլում առայժմ խաղալու են չորս պարտիա: Ու թեեւ առաջին հայացքից թվում է, թե դա բավական է ավելի ուժեղին որոշելու համար, բայց իրականում այդպես չէ՝ բոլոր գրոսմայստերներն էլ համաշխարհային շախմատի գրանդներ են:

Շախմատային մեկնաբանները մրցամարտը ինչ-որ տեղ համեմատում են վիճակախաղի հետ, որտեղ վճռորոշ դեր կարող է ունենալ նորին մեծություն պատահականությունը, ճակատագրական լինել յուրաքանչյուր աննշան վրիպում: Ու այսպիսի արտակարգ պայմաններում հավակնորդներից ամեն մեկն իր առջեւ մեկ գերակա խնդիր ունի դրած՝ չպարտվել:

Մրցաշարի մեկնարկի նախորդ օրը կայացավ վիճակահանությունը, որը որոշում էր, թե առաջին պարտիան զույգերից ո՞վ է սկսելու սպիտակ խաղաքարերով: Լեւոն Արոնյան-Ալեքսանդր Գրիշչուկ զույգում հայաստանցի գրոսմայստերը իրեն մատուցած ալ պարկից հանեց սպիտակ տյուբիտեյկան՝ թաթարական ազգային գլխարկը, ու հաջորդ օրն էլ կատարեց առաջին քայլը: Պարտիան, որ այդ օրն ամենաերկարը տեւեց (շախմատիստները կատարեցին 70 քայլ), անցավ ծայրաստիճան լարված: Շատ արագ կատարած առաջին քայլերից հետո Լեւոնը զինվորի եւ դիրքային առավելություն ստացավ, ինչը նրա առջեւ նաեւ հաղթանակի հեռանկար էր բացում: Սակայն ռուսաստանցին, շնորհիվ համառության եւ պաշտպանությունում կատարած ճշգրիտ քայլերի, այնուամենայնիվ, խաղավարտին հասավ դիրքային հավասարության, ու կողմերը 70-րդ քայլում հաշտություն կնքեցին: Իսկ մինչ այդ ոչ-ոքի էին ավարտվել նաեւ Գատա Կամսկի-Վեսելին Տոպալով, Շախրիյար Մամեդյարով-Բորիս Գելֆանդ, Թեյմուր Ռաջաբով-Վլադիմիր Կրամնիկ պարտիաները:

Երեկ զույգերը հանդիպեցին երկրորդ պարտիայում եւ Արոնյան-Գրիշչուկ պարտիան կրկին ավարտվեց ոչ-ոքի: Կամսկին էլ հաղթեց Տոպալովին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել