Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թոռների» շնորհանդեսը

Մայիս 07,2011 00:00

Ֆեթհիյե Չեթինը եւ Այշե Գյուլ Ալթընայը՝ ցեղասպանության մասին

Երեկ ՀՅԴ «Արամ Մանուկյան» գրասենյակում «Թոռներ» գրքի շնորհանդեսն էր: Այն հեղինակել են ազգությամբ թուրք Ֆեթհիյե Չեթինը եւ Այշե Գյուլ Ալթընայը, գիրքը Հայոց ցեղասպանության մասին է:

Հրանտ Դինքի փաստաբան, գրող Ֆեթհիյե Չեթինը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ սա իր երկրորդ գիրքն է, որ հրատարակվում է հայերեն: «Ամեն ինչ սկսվեց «Իմ մեծ մայրը» գրքից: Հրատարակումից օրեր անց` հեռախոսազանգեր, նամակներ ու հանդիպումներ… Շատ-շատ թուրքեր պարզեցին իրենց արմատներն ու իմացան, որ իրենց երակներով հայի արյուն է հոսում: Երբ դարձա 24-25 տարեկան, հասկացա, որ այն մարդիկ, ովքեր պատմում են հայերի ջարդերի մասին, չեն խաբում, փաստերը դա ապացուցում էին, եւ ես որոշեցի հավաքել բոլոր նյութերը ու գիրք հրատարակել»:

«Թոռներ» գրքում 1915 թվականին կամ էլ դրանից առաջ իսլամացված, ձուլված Անատոլիայի հայ երեխաների պատմություններն են: «Շատերը չէին հավատում, որ նման գիրք կարող է տպվել: ԶԼՄ-ներում մի քանի հոդված կարդացի, որտեղ գրված էր, թե իբր սրանք մեր հորինած պատմութուններն են, բայց կան ահռելի մեծ թվով ապացույցներ: Մենք ձեռնամուխ եղանք այս գործի իրականացմանը ու սպասված արդյունքը բավարարեց մեզ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց գրքի համահեղինակներից մյուսը՝ Այշե Գյուլ Ալթընայը:

Գրքում 24 պատմություն է, որոնք մեկ գրքում ամբողջացրել են թուրք հեղինակները:

Դիտարկմանը, թե Թուրքիայում խուսափում են օգտագործել ցեղասպանություն բառը, մինչդեռ իրենք գրքում անդրադարձել են ցեղասպանությանը կամ հենց օգտագործել այդ բառը, փաստաբան Ֆեթհիյե Չեթինը պատասխանում է. «Ընդհանուր պատմություններում ցեղասպանության մասին, միանշանակ, խոսք կա, քանի որ մարդիկ հիշում են, թե ինչպես են իրենց ծնողները աքսորվել, բռնագաղթի ենթարկվել, կոտորվել: Թոռները պատմում են իրենց տատիկների պատմությունները, թե ինչպես են ճանապարհին ծնողներին երեխաների աչքի առջեւ սպանել եւ այլն: Ցեղասպանության մասին հիմնականում ավելի խտացված ներկայացնում է իմ գործընկերուհին` Այշեն: Բավական խնդրահարույց վերջաբան է նա գրել: Ես գիտեմ, որ Հայաստանում ընդունված չէ ցեղասպանություն բառը գրել չակերտների մեջ, բայց թուրքերեն դա ոչ թե հեգնանքի նշան է, այլ բառին հաղորդում է ավելի տպավորիչ իմաստ»:

Այշե Գյուլ Ալթընայը հիշում է, որ իր հարցազրույցների ժամանակ հաճախ է լաց եղել, ծանր տարել՝ ճակատագրերը «իր միջով» անցկացնելիս: «Թոռներ» գրքի հայերեն թարգմանությունը իրականացրել է երեւանաբնակ Լիլիթ Գասպարյանը, ով աշխատում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում եւ ուսանում է Փարիզի Արեւելագիտական համալսարանում: «Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել ու ասել, որ թուրքագետ եմ: Ես դեռ մի քանի քննություններ ունեմ հանձնելու: Որակավորման աստիճան ստանալու համար մեկնել էի Թուրքիա: Այս պահին համարվում եմ նաեւ Ստամբուլի պետհամալսարանի ուսանողուհի»,- ասում է Լիլիթը:

Լիլիթը նշում է, որ գրքի մասին տեղեկացել է Փարիզում՝ իր դասախոսներից մեկից, ով ֆրանսիացու եւ սիրիացի թուրքի խառնուրդ է: 2010-ին Ստամբուլում էլ ծանոթացել է Ֆեթհիյե Չեթինի հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել