Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՐԱԿԻՆ ՄԷՋԷՆ»-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐ

Մայիս 07,2011 00:00

Սեւան Տէյիրմէնճեանը՝ «Ժամանակ» օրաթերթի մասին

Սեւան Տէյիրմէնճեանը Պոլսի «Ժամանակ» օրաթերթի խմբագիրներից է: Նա Հայաստանում է թերթի հիմնադիրներից մեկի՝ Միսաք Գօչունեանի (Քասիմ) «Կրակին մէջէն» գրքի շնորհանդեսի առիթով: Օրաթերթի 100-ամյա հոբելյանի շրջանակներում այն հրատարակվել է «Տիգրան Մեծ» հրատարակչության աջակցությամբ: «Ժամանակ» օրաթերթի ներկայիս խմբագիր Արա Գօչունեանը Միսաք Գօչունեանի (1863-1913) ծոռն է:

Սեւանը, ով ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, բանասիրական գիտությունների թեկնածու է, Ստամբուլում նաեւ բանասերի աշխատանք է վարում, «Կրակին մէջէն»-ից զատ այլ գրքեր էլ է տպագրության պատրաստել: Ասում է՝ Քասիմի վեպը առանձին հատորով տպագրված տեսնելը լուսահոգի գրականագետ Գրիգոր Հակոբյանի երազանքն է եղել: Ասում է՝ «Կրակին մէջէն»-ը «Ժամանակ» օրաթերթի առաջին օրվանից հատվածաբար լույս է տեսել: Մ. Գօչունեանն էլ իր ժամանակի հայտնի վիպագիրներից էր, Երվանդ Օտյանի նման թերթոնային վեպի առաջատարներից մեկը, ուղղակի, ի տարբերություն Օտյանի, ավելի քիչ է ուսումնասիրված: Ըստ Ս. Տէյիրմէնճեանի, «Կրակին մէջէն»-ը ոչ միայն գեղարվեստական արժեք ունի, այլեւ տեղեկատվական, ճանաչողական լուրջ նշանակություն:

Սեւանը պատմում է, որ Հայաստանում կրթություն ստանալը իր երազանքն է եղել, Հայաստանով սկսել է հետաքրքրվել, երբ միջնակարգ դպրոցի սան էր: Դրանք տարիներ էին, երբ Արցախյան գոյամարտի, ավերիչ երկրաշարժի առիթով Հայաստան անունն ավելի հաճախ էր հնչում Սփյուռքում: «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ կրթություն ստացել, ինձ Հայաստանի հետ կապում է ոչ միայն հայրենասիրական ջիղը, այլեւ այն, որ երիտասարդությունս այստեղ է անցել»,-նշում է զրուցակիցս:

Սեւանն ասում է, որ լեգենդար «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 100-ամյակը առիթ է, որպեսզի այդ թերթում լույս տեսած քաղաքական հոդվածները, գեղարվեստական գործերը վերհանվեն եւ առանձին հատորներով տպագրվեն ու վերադարձվեն հանրությանը: Ստամբուլահայ մեր հայրենակիցը փաստում է, որ այդ առումով բավականին առատ նյութ կա, մանավանդ «Ժամանակը» եղել է արեւմտահայ եւ արեւելահայ մտավորականության հանդիպման վայրերից մեկը: Օրինակ, Հովհաննես Թումանյանի «Վայրէջք» բանաստեղծությունը եւ մի շարք այլ գործեր տպագրվել են հենց այս թերթում: Նույնը վերաբերում է Շիրվանզադեի, Զոհրապի, Վարուժանի գործերին: Իսկ Երվանդ Օտյանը եղել է «Ժամանակի» մշտական աշխատակիցներից: Եգիպտոսի «Արեւում» տպագրված օտյանական տոմսակները առանձին հատորով լույս են տեսել, իսկ «Ժամանակում» տպագրվածները դեռ հարկ է մեկտեղել: Սեւանն ասում է, որ առաջիկայում առանձին հատորով լույս կտեսնեն նաեւ հայկական հնագույն օրաթերթում տպագրված Ռուբեն Զարդարյանի, Երուխանի քաղաքական հոդվածներն ու գեղարվեստական գործերը: «Ժամանակ» օրաթերթում սփյուռքահայ բազմաթիվ հեղինակներ իրենց գրողական մկրտությունն են ստացել, խոսքը վերաբերում է մասնավորապես այն շրջանին, երբ թերթի խմբագիրը Վահան Թեքեյանն էր: Անվանի մտածողն ու բանաստեղծը խմբագիր եղած ժամանակ նաեւ զուգահեռ դասավանդել է Կեդրոնական վարժարանում, ինչի շնորհիվ սաները հոդվածներ են տպագրել «Ժամանակում»: «Դրանք մարդիկ էին, ովքեր ապագային պիտի դառնային սփյուռքահայ գրականության մեծագույն դեմքերը՝ ինչպես Վազգեն Շուշանյանը, Սարաֆյանը, Զարեհ Որբունին: Կարծում եմ՝ դա մեծ պատիվ է բերում ե՛ւ օրաթերթին, ե՛ւ հեղինակներին: Գօչունեան ընտանիքն էլ ամեն ինչ անում է, որ այս թերթը՝ որպես անցյալի ժառանգության վկայություն, ապրի»,- նշում է Սեւանը: Ի դեպ, նա նաեւ թրքահայ ուսուցչաց հիմնարկի ներսում գործող 3 խմբակ է ղեկավարում եւ հայոց լեզվի ու գրականության ուսուցիչներ պատրաստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել