Մայիսի 6-ին Նոյեմբերյանում հա րգանքի տուրք մատուցվեց 1991 թվականի մայիսի 6-ին խորհրդային զինուժի հարձակմանը դիմակայած ու զոհված նոյեմբերյանցի 14 միլիցիոներների հիշատակին:
20 տարի առաջ նրանք զոհվեցին Ոսկեպարի անտառում, երբ մեկնում էին սահմանը պաշտպանելու: Նրանց ընկերներն էլ գերվելով խորհրդային զինուժի կողմից՝ ամիսներ անցկացրին ադրբեջանական բանտերում: Թեեւ 20 տարի է անցել այդ եղերական լուսաբացից, սակայն միլիցիոներների սպանության հետ կապված շատ հանգամանքներ դեռ լիովին բացահայտված չեն:
Ակնհայտ է մի բան՝ այդ հայրենասեր տղաների կյանքը նվիրաբերվեց հանուն հայրենիքի: Ոստիկանների նահատակության 20-րդ տարելիցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ազատամարտիկներ, զինվորականներ, դպրոցականներ, Նոյեմբերյանի տարածաշրջանի հարյուրավոր բնակիչներ ծաղիկներով խոնարհվեցին տղաների հուշակոթողին:
Իսկ Նոյեմբերյանի ոստիկանության շենքում կայացավ մեդալների եւ օգնության գումարների հանձնում: Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով նոյեմբերյանցի զոհված ոստիկանները հետմահու պարգեւատրվեցին «Օրենքի պատվար» մեդալով, զոհված միլիցիոներների ընտանիքները դրամական աջակցություն ստացան: