Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայջրմուղկոյուղին» էլի խոստացավ

Մայիս 07,2011 00:00

«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Կապան քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգում առկա բազմաթիվ խնդիրներին, որ մարզկենտրոնի բնակչության դժգոհությունն են մշտապես հարուցում՝ վթարներ, ջրամատակարարման գրաֆիկում խախտումներ, կոյուղաջրերի թափվելը գետ եւ այլն:

Երեկ Կապանում այս ամենը քննարկում էին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն ու Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը: Վերջինս նշեց, որ հիասթափված է, քանի որ ընկերության պատասխանատուների կողմից արված հայտարարություններն ու խոստումներն այդպես էլ օդում են մնացել եւ հայտարարված միլիոնների ներդրումներ չեն եղել Կապանում: Ի պատասխան՝ Պատրիկ Լորենը հավաստիացրեց, որ այս անգամ Կապանում անպայման ներդրումներ կլինեն ու ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն:

Ըստ «Հայջրմուղկոյուղի» ընկերության ղեկավարի, աշխատանքները կմեկնարկեն հունիսից: 25 կմ-ից ավելի խմելու ջրի ներքին ցանց, Գեղի-Կապան մայր ջրատարի մի հատվածը կփոխվի, եթե Ասիական զարգացման բանկը 50 միլիոն դոլար վարկ տրամադրի, միջոցներ կնպատակաուղղվեն Կապանի խմելու ջրի ներքին ցանցի բարելավմանը:

Տեղեկացրել ենք, որ Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը դիմել է դատարան եւ պահանջում է պատժել ընկերությանը՝ քաղաքի գետերը կոյուղաջրերով աղտոտելու համար: Այս առթիվ Պատրիկ Լորենը ասաց, որ պատրաստվում են հակընդդեմ հայց ներկայացնել: Նաեւ հավելեց, որ իրենց Կապանի մասնաճյուղը կոյուղաջրերի՝ Ողջի գետ թափվող բոլոր հատվածների խնդիրը լուծել է:

«Կոյուղու մաքրման կայանում մոտակա 5 տարում ներդրումներ չեն լինելու, քանի որ սրա համար բավականին մեծ գումարներ են անհրաժեշտ, եթե շահագործվի, ապա սակագինը պետք է 3 անգամ ավելացվի, իսկ բնակչությունն այսօր պատրաստ չէ դա վճարել»,- Կապանում հայտարարեց պարոն Լորենը:

Կապանի քաղաքապետը հիշեցրեց, որ արդեն երկու տարի է՝ ինչ Մինաս Պապյան թաղամասում ընկերությունը քանդել է ճանապարհը եւ ոչինչ չի անում: Պատրիկ Լորենը խոստացավ, որ առաջիկա 2-3 ամսում աշխատանքները ավարտին կհասցվեն: «5-6 հազար մարդ է ապրում այս թաղամասում, նամակով դիմել եմ ձեզ, չի կարելի էս մարդկանց հետ նման ձեւով վարվել: Կամ Հալիձոր թաղամասում անցած տարի բարձր ճնշումից խողովակ է պայթել, 20 մ հեռավորության վրա մանկապարտեզի երեխաներն էին խաղում, հրաշքով են փրկվել: Խնդրում եմ միջոցներ հատկացրեք՝ բարձր ճնշման խողովակները շենքերի տակից հանելու համար», – ասաց Արտուր Աթայանը:

«Հայջրմուղկոյուղի» ընկերության Հարավային մասնաճյուղի պետ Ջիվան Մարգարյանը լրագրողներին խոստովանել է, որ իրենց չի բավարարում Կապանում իրականացված աշխատանքը, բայց նախորդ տարիների համեմատությամբ դրական տարբերությունը նկատելի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել