Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԸ՝ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ ԹԱՏԵՐԱԲԵՄ

Մայիս 07,2011 00:00

Քրեական գործով անցնող ու հեռացված տնօրենի կողմնակիցները խափանում են  դասապրոցեսը եւ ավերում դպրոցը:

\"\"Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցը, որի տնօրեն Սուսաննա Նազարյանը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի ապրիլի 30-ի հրամանով ազատվեց աշխատանքից, խառնակությունների եւ անկարգության թատերաբեմ է դարձել: Լիազորություններից զրկված տնօրենը դպրոցից դուրս էլ շարունակում է իր ազդեցության տակ պահել ուսուցչակազմին, որոնց լուռ համաձայնությամբ կրթօջախում տիրող քաոսն օրեցօր խտանում է:

«Առավոտը» այս դպրոցի, տնօրենի եւ կրթօջախում տիրող անառողջ մթնոլորտի մասին առաջին անգամ գրել է փետրվարի 19-ին. վերջին անգամ՝ մայիսի 3-ին: Ըստ աշակերտների եւ նրանց ծնողների, տնօրենը հայհոյում է եւ ծեծում աշակերտներին, բարձր դասարանցիներից հեղինակություններ, ծեծողներ ու նայողներ է պատրաստում: Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ոստիկանությունը փետրվարի 24-ին քրեական գործ է հարուցել տնօրենի կողմից պաշտոնական լիազորությունները անցնելու փաստի առթիվ:

Պաշտոնանկությունը, սակայն, եղավ քրեական գործի հարուցումից ավելի քան երկու ամիս անց: Ու անգամ պաշտոնանկությունից հետո նախկին տնօրենը շարունակում է գործուն ազդեցություն ունենալ ուսուցչակազմի վրա, որը, ըստ «Առավոտին» մոտ կանգնած աղբյուրի՝ իրականացվում է երեք ուսուցիչների՝ Գազազյան-Հակոբյան-Մելոյան եռյակի միջոցով: Աշակերտների վրա ազդելու եւ իրենց կամքը պարտադրելու «սուրբ առաքելությունն» էլ իրականացնում են քրեական գործով անցնող հեռացված տնօրենի որդին եւ դուստրը, որոնք սովորում են այդ դպրոցում: «Դաս անելու փոխարեն այդ մի քանի ուսուցիչները, որոնք զբաղված են տնօրենին ետ բերելու ուղիների փնտրտուքով, երեխաներին էլ են մասնակից դարձնում իրենց անիմաստ պայքարին: Չեք պատկերացնի՝ ինչ նյարդային վիճակով է երեխաս տուն գալիս: Ամբողջ օրը «բազարների» ու անհասկանալի խոսակցությունների մեջ լինելով՝ ոչ դաս անելու ցանկություն, ոչ էլ տրամադրություն է ունենում: Ասում է՝ մեկ է, դասերից ազատ ենք մնալու, էլ ինչի՞ սովորեմ»,- պատմեց ծնողներից մեկը, խոստանալով «Առավոտին» այլ մանրամասներ տրամադրել դպրոցում տիրող հոռի բարքերի մասին միայն այն ժամանակ, երբ երեխային այլ դպրոց տեղափոխած կլինի:

Ըստ նույն ծնողի, դպրոցը խաղատան են վերածել. «Երեխաս պատմում է, թե ինչպես են դասաժամերին տարբեր դասարանների տղաները միավորվում ու «մաֆիա» խաղում, իսկ աղջիկները՝ մատնվում պարապության: Կամ էլ կազմակերպված ծլկում են դասերից՝ պայուսակները նախապես պատուհաններից ցած նետելով: Ես չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը ստանձնել եւ այդքան թքած ունենալ նրանց ապագայի վրա: Բա կարելի՞ է հանդուրժել նման ուսուցիչների պահվածքը»:

«Առավոտի» զրուցակիցը ասաց, որ ապստամբելով ԿԳ նախարարի հրամանի դեմ, ուսուցիչներից մի քանիսի՝ տնօրենի որդու կարգադրությամբ, օրեր առաջ աշակերտներին դուրս են բերել դպրոցի շենքից եւ ստիպել բողոքի երթով հասնել մինչեւ կառավարություն: Երեխաներից շատերը հրաժարվել են ենթարկվել, ու նոսրացած շարքով Երեւան հասնելը անարդյունք համարելով՝ կազմակերպիչները մտափոխվել են: Արդյունքում՝ կառավարություն գնացել են միայն որոշ ուսուցիչներ, բայց ոչ թե ոտքով, այլ տրանսպորտով:

Թերեւս հասկանալով, որ իրենց անիմաստ պայքարի ցանկացած տարբերակ մատնված է ձախողման, դպրոցի մի քանի «հեղինակություններ», որոնց կերտել է նախկին տնօրենը, գործի են դրել ջարդել-փշրելու մեթոդը: Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ կոտրել են դպրոցի զուգարանների դռներն ու պատուհանների ապակիները, շոուին ներկա ուսուցիչները չեն էլ փորձել գոնե ձեւականորեն կանխել չարագործությունը: Այսինքն՝ կատարվել է քրեորեն դատապարտելի արարք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի հատկանիշներով, այն է՝ գույքը դիտավորյալ ոչնչացնելը կամ վնասելը: Պատիժը՝ 2-6 տարի ազատազրկում, կախված վնասի չափից:

Զարմանալի է, որ փաստին անտարբեր են ոստիկանները: Քիչ հավանական է, որ նրանք տեղեկացված չլինեն դպրոցում կատարվող անօրինություններին, քանի որ այդ մասին քաղաքի բոլոր անկյուններում են խոսում:

Իսկ ճարահատ ծնողները դպրոցում ահագնացող վտանգների, ձախողվող կրթության մասին արդեն գրավոր դիմել են ԿԳ նախարարություն: Ոմանք էլ մեր թերթի միջոցով են ԿԳ նախարարի ու ոստիկանապետի ուշադրությունը հրավիրում Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի վրա, խնդրում են կանխել անկարգությունները եւ հնարավորություն տալ վերսկսելու ձախողված ուսումնական գործընթացը:

Հիշեցնենք, որ, ըստ Էջմիածնում շրջող լուրերի, հանրապետական Սուսաննա Նազարյանին սատարում, հովանավորում է ՀՀ ԱԺ հանրապետական էջմիածինցի պատգամավորներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել