Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՃՇՊՀ ուսխորհուրդն ակտիվ է

Մայիս 07,2011 00:00

Այս կառույցի դերը գնալով կարեւորվում է

Նոր ուսումնական տարվանից Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) 500 ուսանող անվճար կսնվի համալսարանի բուֆետից: Զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ ընտանիքների երեխաների անվճար սննդի կազմակերպման նպատակով համալսարանի արհմիության, ուսխորհրդի եւ «Արարատբանկի» միջեւ երեկ «Սննդի կազմակերպման նպատակային դրամական հատուցում տրամադրելու մասին» հուշագիր կնքվեց:

Հուշագրի համաձայն՝ միջոցները ձեւավորվելու են համալսարանի արհմիության փոխանցումների հաշվին եւ «Արարատբանկի» հատուկ քարտերի միջոցով:

ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի խոսքով, քարտերի վրա գտնվող գումարը գոյանալու է համալսարանի դասախոսների հատկացրած միջոցներով. «Համալսարանի ուսանողները մեր երեխաներն են, ու ինչպես հայրը իր երեխայի ֆինանսական հարցերը կլուծի, այնպես էլ համալսարանը: Բուհում սննդի կազմակերպումն իսկապես մեծ խնդիր է, քանի որ կան այնպիսի ուսանողներ, որոնք բավարար գումար չունեն համալսարանում սնվելու համար: Նման բան եվրոպական բոլոր երկրներում իրականացվում է. պլաստիկ քարտերը հատուկ են, ուսանողը, բացի սննդից, ուրիշ ոչ մի բանի վրա դրանցում եղած գումարը չի կարող ծախսել: Բացի սննդից, լուծում ենք նաեւ ուսանողի առողջության խնդիրը»: Քարտերից օգտվելու համար համալսարանում տեղադրվելու է բանկոմատ:

Ուսխորհուրդը ռեկտորատին առաջարկել է նաեւ համալսարանի սպասարկման ոլորտի ծառայությունների վերահսկողությունը վերապահել իրենց:

Այս նպատակով երեկ ստորագրվեց երկրորդ հուշագիրը՝ այս անգամ ԵՃՇՊՀ ուսխորհրդի եւ սպասարկող կազմակերպության՝ «Ինժեներ-լիգա» ընկերության միջեւ:

Հ. Թոքմաջյանի բնութագրմամբ, ուսխորհրդի առաջարկը տրամաբանական է եւ նման նախաձեռնությունները պետք է խրախուսել, քանի որ մեծանում է ուսխորհրդի պատասխանատվությունը, բարձրանում՝ դերը:

Հիշեցնենք, որ Հ. Թոքմաջյանը վերջերս վերընտրվեց ԵՃՇՊՀ-ի ռեկտոր: Նա նշեց, որ առաջիկա 5 տարիների ընթացքում իր ղեկավարության օրոք բազմաթիվ ծրագրեր ունի իրականացնելու, որի հարցում կարիք կունենա արդեն ավարտած կամ նոր ավարտող ուսանողների աջակցությունը. «Այդ 5 տարիների ընթացքում գուցե էլ շատերը ուսանողներ չլինեն, բայց կուզենայի, որ նրանք չմոռանան համալսարանը եւ որպես հայրական տուն՝ հաճախ այցելեն: 2006 թ. Շինարարների միության համագումարի ամբիոնից, որպես այս համալսարանի ռեկտոր, դիմելով համագումարի մասնակիցներին, ասացի՝ բուհը ձեր հայրական երկրորդ տունն է, լրիվ մոռացել եք մեր մասին, մեծ պաշտոնավոր մարդիկ եք, գալիս եք համալսարան՝ ուղեկցողներով, «ջիփերով»… Իջե՛ք էդ «ջիփերից», հայրական տուն ոտքով են գալիս… Այդ օրվանից սոցիալական ուղղվածության սերտ համագործակցություն սկսվեց մեր նախկին շրջանավարտների ու բուհի միջեւ, արդյունքն էլ երեւում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել