«Տեղեկատվության ազատության կենտրոնն» ամփոփել է 1-ին եռամսյակի արդյունքները եւ հրապարակել մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը ոտնահարած պաշտոնյաների սեւ ցուցակը:
1.Հարություն Քուշկյան (ՀՀ առողջապահության նախարար)-ՀՀ առողջապահության նախարար Քուշկյանը անպատասխան է թողել ԻԱԿ-ի 07.02.2011թ. հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, եւ եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները:
2.Արմեն Երիցյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար)-Գաղտնազերծված փաստաթղթերի մասին ԻԱԿ-ի 07.02.2011թ. հարցմանն ի պատասխան, ՀՀ ԱԻ նախարարությունը հղում է արել ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ նշելով, որ այդ փաստաթղթերն առգրավվել են ՀՀ ՀՔԾ կողմից: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը նշել է, որ առգրավված փաստաթղթերի պատճեններն առկա են ԱԻ նախարարությունում: Այսինքն, այս դեպքում տեղեկատվություն տնօրինողը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է: ԱԻՆ-ը անպատասխան է թողել գաղտնազերծված փաստաթղթերի պատճենները տրամադրելու մասին ԻԱԿ-ի 29.03.2011թ. ուղարկած կրկնակի հարցումը:
3.Բորիս Մակիչյան (Հյուսիսային համալսարանի ռեկտոր)-Հյուսիսային համալսարանն անպատասխան է թողել քաղաքացի Հռիփսիմե Հովհաննիսյանի 16.03.
2011թ. հարցումը, որով քաղաքացին խնդրել էր հայտնել՝ 2010թ.-ին Հյուսիսային համալսարանում կատարվե՞լ են արդյոք վերանորոգման աշխատանքներ, եթե այո, ապա որքա՞ն գումար է ծախսվել: Հյուսիսային համալսարանն անպատասխան է թողել նաեւ Հռիփսիմե Հովհաննիսյանի համար ԻԱԿ-ի կողմից 29.03.
2011թ. ուղարկված նույնաբովանդակ հարցումը:
4.Սարգիս Ղարաքեշիշյան (Ստեփանավանի քաղաքապետ)-Ստեփանավանի քաղաքապետարանը անպատասխան է թողել ԻԱԿ-ի 18.04.2011թ. հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել Ստեփանավանի ավագանու այն որոշման պատճենը, որով ավագանին սահմանել էր Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող տեղեկատվության տրամադրման վճարի չափը՝ 1 էջի համար 500 ՀՀ դրամ:
Ի դեպ, Ս. Ղարաքեշիշյանն արդեն ստացել է ՏԱ-ի ամենամյա «Ժանգոտ կողպեքը», սակայն, ինչպես ասում են, դրանից հետո էլ ոչինչ չի փոխվել: