Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ ենք անում մենք

Մայիս 07,2011 00:00

Պատմության աղավաղումը պատճառ է դարձել մեր ազգային սիմվոլների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի։

Ի՞նչ ենք անում մենք՝ համապատասխան պատկան մարմիններն ու հասարակական կազմակերպությունները, ազգային ինքնագիտակցության բարձրացման համար եւ վերջապես չունե՞նք համապատասխան օրենք՝ ոտնձգողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։

«Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության» նախագահի պաշտոնակատար Միքայել Հարությունյանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց. «ՊՀՊՀ ընկերությունը հիմնադրվել է 1964 թ.-ին՝ նպատակ հետապնդելով պետական ջանքերին աջակցել հասարակական միջոցներով: Հիմնադրման օրվանից (հիմնադիրներն են մշակույթի եւ արվեստի նվիրյալներ Մարտիրոս Սարյանը, Վարազդատ Հարությունյանը, Մորուս Հասրաթյանը, Բաբկեն Առաքելյանը, Կարո Ղաֆադարյանը) ՊՀՊՀ ընկերությունը անմնացորդ նվիրումով ձեռնամուխ եղավ սույն ազգօգուտ գործին եւ բավականին լուրջ աշխատանքներ կատարեց։ Անցած ժամանակահատվածում ընկերության միջոցներով վերականգնվել եւ գալիք դարերում հարատեւելու ուղեգիր են ձեռք բերել շուրջ վեց տասնյակ կարեւորագույն պատմաճարտարապետական հուշարձաններ: ՀՀ անկախացումից հետո, 1991-2005թթ. ընկած ժամանակահատվածում, պետական մարմինների կողմից ոչ մի պատմաճարտարապետական հուշարձան չի վերականգնվել՝ ֆինանսավորում չունենալու պատճառով, իսկ նույն ժամանակահատվածում ՊՀՊՀ ընկերությունը հայթայթած միջոցներով վերականգնեց 5 եկեղեցի. Գառնահովիտի Սուրբ Գեւորգ (7-րդ դար), Արենիի Սուրբ Աստվածածին (14-րդ դար), Թալինի Բայսզ գյուղի Սուրբ Աստվածածին (11-րդ դար), Լեռնակերտի բազիլիկան (4-5-րդ դար), Թալինի Սուրբ Աստվածածին (Կամսարականների եկեղեցին, 7-րդ դար): Վերոնշյալ հուշարձանների վերականգնման գործում անգնահատելի նշանակություն է ունեցել ճարտարապետության ուսուցչապետ, ՊՀՊՀ ընկերության նախագահ, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի աշխարհաճանաչման գործոնը։ Երեք տարի է արդեն, ինչ կյանքից հեռացել է Վարազդատ Հարությունյանը, եւ ընկերությունը գրեթե անդամալույծ վիճակում է։ Հարկ եմ համարում շեշտել, որ հինգ հուշարձաններն էլ վերականգնվել են հայկական համայնքների թե՛ անհատների եւ թե՛ կազմակերպությունների կողմից տրամադրված մեկենասությունների շնորհիվ»։

Միքայել Հարությունյանը առոչինչ համարեց շատերի համար այդքան կարեւոր «աթոռը»: Երեք տարի է, ինչ վերջինս փորձում է գտնել մեկին, ով կկարողանա իր աշխարհաճանաչման, դիրքի, գործունեության շնորհիվ այս ազգօգուտ գործին ներգրավել գործարարներին, բարերարներին եւ ոտքի կանգնեցնել ընկերությունը։

Զրույցի ընթացքում պարզվեց, որ կասեցվել է դպրոցականների ներգրավումը ՊՀՊՀ ընկերության անհատական անդամության շարքերը։

Ինչպես գիտենք, ՀՀ վերադաս մարմինների որոշմամբ, 2008թ. ուսումնական տարվա սկզբից ՀՀ հանրակրթական հաստատություններում կասեցվել է դրամահավաքչության ապօրինի գործընթացը: «Դա տեղին եւ ճիշտ որոշում ենք համարում, սակայն, ինչպես ժողովրդական իմաստուն առածն է ասում՝ թացը չորի հետ այրվեց, եւ դա այն դեպքում, երբ կամավորության սկզբունքով ընկերության անհատական շարքերում ընդգրկված սանը վճարում էր տարեկան ընդամենը 100 դրամ անդամավճար: Այնինչ, մատաղ սերնդի դաստիարակությունը յուրաքանչյուրի սրբազան պարտքն է»,- հավելեց պարոն Հարությունյանը:

Իսկ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության գլխավոր մասնագետ Կատյա Բարսեղյանը, գործակալության գործունեությունը ներկայացնելուն զուգահեռ, նշեց. «Պետությունը որոշակի միջոցներ, այնուամենայնիվ, տրամադրում է մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման համար, ուստի չի կարելի մեղադրել պետությանը, քանզի պետք է հասկանանք՝ անցումային ժամանակաշրջան է, տնտեսական ճգնաժամ, արտաքին եւ ներքին բազում խնդիրներ: Այլ հարց է, թե տրամադրված միջոցները բավակա՞ն են, օրենքները կիրառվո՞ւմ են, թե՝ ոչ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել