Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում է գտնվում Արմեն Սաղաթելյանի, Տարոն Խաչատրյանի եւ Մհեր Համբարձումյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը:
Այս տարի տեղի է ունեցել մեկ անդրանիկ նիստ, հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 27-ին:
Նշված երիտասարդները մեղադրվում ե ն տուժող Լուսինե Մանուչարյանի դեմ անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքի Դեղատան փողոցում կատարված ավազակային հարձակման համար:
Լուսինե Մանուչարյանը հաղորդում էր տվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, որ նշված օրը, ժ.13-ի սահմաններում, «անծանոթ անձը հարվածել է դեմքին եւ հափշտակել ձեռքի պայուսակը»:
Ըստ մեղադրական եզրակացության, Տարոնը վարձով է բնակվել եւ աշխատել է շինարարությունում որպես բանվոր, իսկ Արմենն ու Մհերն այդ ժամանակ աշխատել են «Եղիազարյան» ՍՊԸ-ում, որպես բանվոր: Նրանք բոլորն էլ սոցիալապես անապահով վիճակում են գտնվել:
Ըստ քրգործի նյութերի, ընկերներից Արմենը հայտնում է, թե ճանաչում է մի աղջկա, որը «Վաղարշ եւ որդիներ» ոսկու սրահում զբաղվում է առեւտրով, «զարդերը պահում է իր պայուսակում»: Դարձյալ ըստ գործի նյութերի, համոզում են Տարոնին, որպեսզի նա իրականացնի հափշտակությունը:
Նախատեսվում է հարվածել Լուսինեի դեմքին, հափշտակել պայուսակն ու փախչել: Դեկտեմբերի 13-ին Տարոնը հագնում է Մհերի սպորտային համազգեստը, կոշիկները, վարձում «Վազ-2107» մակնիշի 10 ԼԼ 548 պետհամարանիշի ավտոմեքենան, որը սպասելու էր նախատեսված վայրում:
Երբ Լուսինեն դուրս է գալիս «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման գրասենյակից», Տարոնը հանկարծակի հարձակվում է նրա վրա եւ ապտակում:
Ոստիկանությունը այս դրվագը ձեւակերպել է այսպես. «Լուսինեի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ապտակել է նրան»:
«Որակավորել են ապտակը, սակայն գործողությունը չկա», ասում է ամբաստանյալներից Մհերի հայրը՝ Ռուբեն Համբարձումյանը:
Այդ պահին Լուսինեի մոտ են գտնվել 460 000 ՀՀ դրամ արժողությամբ արծաթյա եւ մետաղյա զարդեր:
Ըստ գործի նյութերի, Տարոնը նստել է վարձած տաքսի ավտոմեքենան, այդ ժամանակ էլ դեպքի վայրում էր հերթապահություն անող ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ ավագ օպեր-լիազոր Մանվել Հակոբյանը.
«Ականատես լինելով հափշտակությանը, Մ. Հակոբյանը հանել է իր հաշվեցուցակային ատրճանակը, մոտեցել ավտոմեքենային եւ բացելով մեքենայի աջ դուռը՝ ներկայացել է, պահանջելով չշարժվել: Տարոնը մեքենայում թողնելով պայուսակը, դիմել է փախուստի», իսկ Մհերը գետնին չորեքթաթ վիճակում էր գտնվում, երբ ոստիկանը ատրճանակից կրակել է նրա վրա: Թեեւ այս դրվագը բնորոշվել է այսպես. «Ոստիկանը պատահական մեկ անգամ հաշվեցուցակային ատրճանակից կրակել է»:
Ռուբեն Համբարձումյանը ոստիկանի գործողությունները ոչ իրավաչափ է համարում, ասելով. «Ոստիկանը կրակել է բերման ենթարկվող որդուս վրա, որի իրավունքը չուներ: Եթե որդիս սխալ է արել, ապա ոստիկանը՝ հանցագործություն»:
Ի դեպ, այդ «պատահական» կրակոցի դրվագը, չգիտես ինչպես, հայտնվել էր «յութուբում»: Վնասվածք, ըստ գործի նյութերի՝ «քերծվածք» ստացած Մհերին բժշկի են տարել 2 օր հետո միայն, իսկ փորձաքննության եզրակացությունը գործի նյութերում չկա, այնպես՝ ինչպես չկա նրա հագուստը:
Մհեր Համբարձումյանն ու Արմեն Սաղաթելյանը նախաքննության ժամանակ իրենց մեղավոր չեն ճանաչել, Տարոնը՝ ճանաչել է:
Նախ նա հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ նրա պաշտպանությունը ստանձնած հանրային պաշտպանից էլ հրաժարվել է: Ներկայումս նրա շահերի պաշտպանն է հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը:
Ոստիկանի կողմից իրեն գետնելու հատվածը Մհերը նկարագրել է այսպես. «Ոստիկանության աշխատակիցը բռնելով ձեռքիցս, տապալել է գետնին: Եվ ես, գտնվելով չորեքթաթ վիճակում, լսել եմ կրակոցի մեկ ձայն: Կրակոցից հետո ցավ չեմ զգացել, միայն տաքություն եմ զգացել աջ ուսի շրջանում եւ չեմ հասկացել, թե ինչ է կատարվել: Հետագայում տեսա, որ աջ ուսիս շրջանում վնասվածք կա: Կրակոցի պահին եղել եմ չորեքթաթ դիրքում, դեմքով գետնին՝ ծնկներն ու ձեռքերը հենած վիճակում»:
Ոստիկանն այս պահը նկարագրել էր այսպես. երբ ամբաստանյալներից մեկը դիմել է փախուստի, ինքը հնարք է կիրառել, «Դուրս հանեցի առջեւի նստատեղին նստած Մհեր Համբարձումյանին, ձախ ձեռքով բռնեցի Մհերի օձիքից, իսկ ատրճանակը գտնվում էր աջ ձեռքումս: Մհերը փորձեց վեր կենալ գետնից, քաշքշուկի ժամանակ պատահական կրակեցի: Թե կոնկրետ կրակոցի պահին ատրճանակի փողը որ կողմն է ուղղված եղել, չեմ տեսել, սակայն ինձ թվաց՝ օդ եմ կրակել»:
Ուշադրություն դարձրեք «պառկած», «չորեքթաթ վիճակ» եւ «քաշքշուկ» բառերի վրա: Գետնին ընկած մարդն այդ պահին վտանգ չի ներկայացրել, եւ ատրճանակի օգտագործումը ոստիկանի կողմից անհասկանալի է եղել: Մհերի հոր կարծիքով՝ իր որդուն ոստիկանը փորձել է սպանել: