Լրահոս
Օրվա լրահոսը

Չարբախցիներին արեւի տակ մի՛ թողեք

Մայիս 07,2011 00:00

Արտաշիսյան փողոցի վերջնամասում՝ Չարբախի շուկայի մոտ, հասարակական փոխադրամիջոցների, մարդատար տաքսիների կանգառատեղի է։ Եթե անգամ այդ հասարակ ցուցանակն ու փողոցի գծում-նշումները բացակայում են, ինչի հետեւանքով մեքենաներն ուր ցանկանում՝ կանգնում են, ապա գոնե կանգառասրահները անհրաժեշտություն են: Չարբախի շուկայի մոտ ուղեւորների «կենտրոնական հավաքակայան» է։ Հավաքակայան է նաեւ՝ հասարակական փոխադրամիջոցների։ Այստեղ են գալիս Շիրակի փողոցի աջ եւ ձախ տարածքներից՝ Շարուրի, Արարատյան, Ներքին Չարբախի, մյուս մասից՝ Աերացիայի եւ այլ վայրերից փոխադրամիջոցներ։ Անցած տարի այս կանգառում, որտեղ, ինչպես նշեցինք, անցման ոչ մի նշան, ինչպես նաեւ փոխադրամիջոցների արագությունը սահմանափակող եւ այլ նշաններ չկան, վթարային երկու դեպք տեղի ունեցավ, բարեբախտաբար՝ առանց մահվան ելքի։

Ճիշտ է՝ վերջին տարիներին զգալի բարելավվել են քաղաքացիների անվտանգության պահպանման խնդիրները եւ մի շարք վայրերում տեղադրվել են լուսակիրներ, գծանշումներ, ստորգետնյա անցումներ եւ այլն, սակայն չարբախցի ուղեւորը զրկված է քաղաքակիրթ պայմաններում հասարակական տրանսպորտին սպասելու հնարավորությունից: Չարբախցին տրանսպորտին է սպասում կիզիչ արեւի, անձրեւի ու ձյան տակ։ Չէ որ չարբախցին մայրաքաղաքի մյուս տարածքի բնակիչներից պակաս հարկեր չի վճարում, ուստի նա էլ իրավունք ունի օգտվելու մայրաքաղաքի բնակիչների համար իրականացվող բարեփոխումներից: Այս թաղամասի բնակիչները հույս ունեն, որ իրենց կողմից մատնանշած խնդիրները քաղաքային իշխանությունները հաշվի կառնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել