Օրերս «Առավոտի» «Գազատարը ճիշտ բարձրության է» հրապարակմամբ անդրադարձել էինք Ներքին Չարբախի Արարատյան փողոցի բնակիչների այն դժգոհություններին, որ ամիսը մի քանի անգամ իրենք զրկվում են գազամատակարարումից: Ըստ բնակիչների, դրա պատճառն այն է, որ Արարատյան փողոցի գազատար խողովակի տակով անցնող բեռնատար մեքենաները վնասում են խողովակը եւ վթար առաջացնում: Ինչի հետեւանքով էլ պարբերաբար անջատվում է իրենց թաղամասի գազամատակարարումը՝ վթարը վերացնելու համար:
Այս առնչությամբ Երեւանի գազիֆիկացման եւ գազամատակարարման գլխավոր ճարտարագետ Սամվել Թադեւոսյանն «Առավոտին» վստահեցրեց, որ բեռնատարներն ամենեւին էլ չեն վնասում գազատարը: Ինչ վերաբերում է գազամատակարարման պարբերաբար անջատումներին, ապա, պարոն Թադեւոսյանի վստահեցմամբ, այդ թաղամասում անջատումները հաճախակի չեն լինում. «Վերջին անջատման պատճառը, որը կիրակի օրն էր, Աերացիայի կեղտաջրերի գործարանը սնուցող գազատար խողովակի վթարն էր: Մի մեքենա գիշերը հարվածել էր խողովակին եւ վթար էր եղել: Որպեսզի վթարը վերացվի, ժամանակ է անհրաժեշտ խողովակը դատարկելու եւ նորոգելու համար: Այդ պատճառով է դադարեցվել գազամատակարարումը»: