Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մրցակի՞ց «Նատալի ֆարմին»

Մայիս 07,2011 00:00

Ինսուլինի բիզնեսը Սամվել Ալեքսանյանի ձեռքից կառնե՞ն

Այսօր հայաստանյան դեղի շուկայում ինսուլին դեղամիջոցի ներկրումը ամենաեկամտաբեր բիզնեսներից է: Եվ հաշվի առնելով այն, որ տարեցտարի մեր երկրում ինսուլինից կախյալ մարդկանց թիվը գնալով ավելանում է, իսկ դեղն էլ շաքարախտով հիվանդ մարդկանց տրամադրվում է պետպատվերի շրջանակներում, ուստի այս դեղամիջոցի ներկրման համար պետական գնումների մրցույթը հաղթահարելու պարագայում տվյալ դեղներկրողի կայուն եկամուտներն ապահովված են լինում: Նշենք, որ շաքարախտով հիվանդ մարդու համար ինսուլինը կենսական նշանակություն ունեցող դեղամիջոց է. այդ դեղի բացակայության պայմաններում հիվանդը պարզապես կմահանա: Ամենաթարմ տվյալներով, այսօր հանրապետությունում կա 10600 ինսուլինից կախյալ հիվանդ: ՀՀ բյուջեից նրանց դեղի համար տրամադրվում է տարեկան 500-600 միլիոն դրամ:

Թերեւս այս գումարներն էլ աչքի տակ ունենալով՝ ժամանակ առ ժամանակ ինսուլինի շուկայում տեղական նոր ընկերություններ են ի հայտ գալիս, որոնք ցանկություն են հայտնում այդ դեղամիջոցից ներկրել: Սակայն քանի որ մինչ այդ որեւէ ընկերություն չի կարողացել մրցույթում այնպիսի ցածր գին առաջարկել, ինչպիսին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմն» է տարիներ շարունակ առաջարկել, ուստի Պետական գնումների գործակալության մրցույթներում միշտ այդ ընկերությունն է հաղթել: «Նատալի ֆարմ» ընկերությունը պայմանագիր է ունեցել դանիական հայտնի «Novo Nordisk» ֆիրմայի հետ: Մեկ այլ ընկերություն էլ ներկրում է ամերիկյան «Eli Lilly»-ի արտադրանքը:

Մեր տեղեկություններով, առողջապահության ոլորտի պատասխանատուները մի քանի ամիս առաջ պայմանավորվածություն են ձեռք բերել ինսուլին արտադրող մեկ այլ՝ ֆրանսիական «Սանոֆի Ավենտիս» դեղագործական ընկերության հետ: Այս տարվա մայիսին Պետական գնումների գործակալությունը այս դեղամիջոցը ներկրելու նոր մրցույթ կհայտարարի, եւ, ամենայն հավանականությամբ, այս մրցույթում հաղթող կճանաչվի Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ֆարմ Ադամա» ՍՊԸ-ն: Այս հանգամանքը մի շարք բժիշկների դժգոհությունն է հարուցել, քանի որ նրանք գտնում են, որ «Սանոֆի Ավենտիսը», ի տարբերություն վերոնշյալ 2 ընկերությունների, այնքան էլ ճանաչված չէ եւ ինսուլին արտադրող ընկերությունների շարքերում այնքան էլ առաջատար դիրքեր չի զբաղեցնում:

Մեր թերթին դիմած բուժաշխատողների կարծիքով՝ «Հանուն իրենց բիզնեսի, հայաստանյան հիվանդներին «փորձարկումների» ենթարկելը ճիշտ չէ», եւ մեր երկրի շաքարախտով հիվանդը ցանկալի է, որպեսզի ընդունի այն ինսուլինը, որը մինչ օրս օգտագործել է:

Ի դեպ, այսօր Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ հաուզ» հանգստյան տանը կազմակերպվել է բուժոլորտի ներկայացուցիչների հավաք, որի ընթացքում տեղի կունենա նաեւ «Սանոֆի Ավենտիս» ընկերության շնորհանդեսը:

Երեկ այս առնչությամբ «Առավոտի» հարցերին ի պատասխան՝ առողջապահության նախարարության Դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերի եւ տեխնոլոգիաների ապահովման բաժնի պետ Մարինե Հարությունյանը հաստատեց, որ «Սանոֆի Ավենտիս» ֆրանսիական ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց թե ով պետք է այդ ընկերության արտադրած ինսուլինը ներկրի՝ տիկին Հարությունյանը տեղյակ չէր, քանի որ դա պետք է որոշվեր մայիսին կայանալիք պետգնումների մրցույթի արդյունքում:

Ինչ վերաբերում է հայաստանյան շաքարախտով հիվանդներին «փորձարկումների» ենթարկելուն, ապա տիկին Հարությունյանը վստահեցրեց, որ «Սանոֆի Ավենտիսն» էլ աշխարհում բավականին ճանաչված ընկերություն է, եւ նրա արտադրած ինսուլինը ոչնչով չի զիջում այլ հայտնի ընկերությունների արտադրանքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել