Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔՈՎ ԵՆ ԽԼԵԼ

Մայիս 07,2011 00:00

Տարիներով չտնօրինելու պատճառաբանությամբ ավտոտնակի տարածքը մեկից վերցրել՝ տվել են մեկ այլ բնակչի

Արարատի բնակիչ Սիրվարդ Կիրակոսյանն արդեն 10 տարի փորձում է օրենքով հասանելիք իրեն հատկացված բնակարանն ու ավտոտնակը ստանալ, սակայն տեղական իշխանությունները տիկնոջը մերժելու տարբեր պատճառաբանություններ են գտնում եւ տակից իրենց մութ գործերն անում: Դեռեւս 1992 թվականից տիկինը Արարատ քաղաքի Շահումյան 37 հասցեում կառուցվող շենքում պետք է բնակարան ստանար, ինչի համար պայմանագիր է կնքել Արարատի քաղխորհրդի գործկոմի հետ: Հետո որոշ ժամանակ շենքի շինաշխատանքները դադարեցվել են, սակայն երբ 1996-ին վերսկսվել են եւ արդեն շենքի 4 մուտքերը կառուցվել են, Ս. Կիրակոսյանին բնակարանը չեն հատկացրել: Քանի որ ծրագիր կար շենքի 2 մուտքն էլ կառուցելու, տիկինը հույսը չի կտրել եւ սպասել է, որ մյուս բնակիչների պես, իրեն էլ այդ մուտքերում բնակարան կհատկացնեն: Սակայն երբ իր պայմանագրով ներկայացել է քաղաքապետարան, նրան առանց որեւէ հիմնավորման պարզապես ասել են՝ 1992թ. գործկոմի հետ կնքած պայմանագիրը հին է: Ուշագրավն այն է, որ կառուցված 4 մուտքերի բնակիչների համար գործկոմի որոշումը հին չէր, բայց Ս. Կիրակոսյանի դեպքում՝ «հնացավ»:

«Առավոտն» իր (03.09.2008) «Փաստաթուղթը հի՞ն է» հրապարակումով արդեն անդրադարձել է այս խնդրին: Հրապարակումից հետո տիկինը արդարություն է փորձել գտնել տարբեր ատյաններում եւ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, ազգային անվտանգությանը, ՀՀ նախագահին եւ վարչապետին, սակայն այս բոլոր ատյաններից նրա դիմումը մակագրվել է Արարատի մարզպետարան, այսինքն այնտեղ՝ որտեղ տարիներ ի վեր կնոջը մատների վրա խաղացրել են, հույսով արել եւ հրաժարվել իրենց խոստումներից: 2008-ին պարզաբանել են, որ պայմանագրին կանդրադառնան Շահումյան 37 անավարտ շենքի շինարարության ավարտից եւ քանդված շենքերից բնակարան ստանալու համար պայմանագիր ունեցող բնակիչներին բնակարաններով ապահովելուց հետո: Իսկ ընդամենը 2 տարի հետո մարզպետարանը պատասխանել է՝ պայմանագրի «հնության» պատճառով նրան բնակարան չեն կարող հատկացնել:

Տիկինը արդեն մի քանի տարի պայքարում է նաեւ ավտոտնակի համար, որի հողատարածքը տրամադրվել 1988-ին, Արարատի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ՝ Շահումյան 35 հասցեում: Ս. Կիրակոսյանը կառուցել է ավտոտնակի հիմքն ու պատերը, գումար չունենալու պատճառով չի կարողացել ավարտին հասցնել մյուս աշխատանքները: Ընդ որում, տիկինը ավտոտնակի հողհատկացման եւ կառուցապատման բոլոր պայմանագրերն ունի՝ թե՛ քաղաքապետարանի եւ թե՛ կադաստրի հետ: Ս. Կիրակոսյանի խոսքերով՝ ավտոտնակի սեփականաշնորհման համար նորից դիմել է Արարատի քաղաքապետարան: Քաղաքապետ Աբրահամ Բաբայանը նրան վստահեցրել է, որ եթե մուծի 3 տարվա վարձը, դրանից հետո գործին ընթացք կտան: Մուծելով մոտ 6 հազար դրամ, տիկինը ներկայացել է քաղաքապետարան, սակայն նրան պատասխանել են՝ որոշումը հին է եւ ուժը կորցրած: Իսկ Ազգային անվտանգության խորհրդի հարցմանն ի պատասխան՝ մարզպետարանը պատասխանել է. «Ավտոտնակի կառուցման համար Ս. Կիրակոսյանին հատկացված հողատարածքում նա ավտոտնակ չի կառուցել: Նույն տեղում Անահիտ Վահանյանի կողմից ինքնակամ կառուցվել է ավտոտնակ եւ համաձայն ՀՀ կառավարության 2006թ.-ի «Ինքնակամ շինությունների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշմամբ՝ օրինականացվել է»:

Մեզ հետ զրույցում Ս. Կիրակոսյանը վստահեցրեց, որ թեեւ փաստաթղթերով Վահանյանի անունով են գրանցել, սակայն իր ավտոտնակին իրականում տիրացել է պատգամավոր Արամայիս Գրիգորյանի բարեկամուհին՝ Գոհար Գրիգորյանը: Տիկնոջ պատմելով՝ ընդամենը մեկ գիշերվա ընթացքում Գ. Գրիգորյանը ավտոտնակի արդեն կառուցված պատերին ավելացրել է կրկնապատ եւ այլ աշխատանքներ, որպեսզի ապացուցի, թե ավտոտնակի աշխատանքներն իրականում ինքն է կատարել: Երբ տիկին Սիրվարդը փորձել է ոստիկանություն կանչել եւ ապացուցել, որ նախկինում ինքն է կառուցապատել հողատարածքը, ոստիկանությունը առանց հիմնավորման՝ գործը փակել է հօգուտ Արամայիս Գրիգորյանի բարեկամուհու: Ուշագրավն այն է, որ բոլոր պետական ատյանները անպաշտպան կնոջը հորդորում են հարցը լուծել դատարանում. «Բայց եթե ոստիկանություն ու քաղաքապետարան-մարզպետարան՝ բոլորն իմ դեմ են դուրս գալու, ես դատարանում էլ չեմ կարող ապացուցել, որ ավտոտնակն իմն է: Հարեւաններս կարող են հաստատել, որ ես եմ այդ ավտոտնակի պատերն ու տանիքը կառուցել, բայց երբ գործը հասնի դատարան, նրանք կվախենան քաղաքապետի դեմ դուրս գալ: Բացի այդ, ես թոշակառու կին եմ, ես գումար չունեմ փաստաբանի եւ մյուս ծախսերի համար»:

Այս առնչությամբ Արարատի քաղաքապետարանից «Առավոտին» վստահեցրին, որ Ս. Կիրակոսյանին ավտոտնակի համար նոր տարածք են հատկացրել Շահումյան 37/1-1 հասցեում: Իսկ ինչ վերաբերում է բնակարանային խնդրին, ապա նրա փաստաթղթերը հին չեն կարող համարվել, պարզապես, երբ շենքը ավարտին հասցվի, Ս. Կիրակոսյանին կհատկացնեն բնակարան: Մեր այն հարցին՝ գուցե տիկնոջը նախկին ավտոտնակից զրկեցին, քանի որ այդ տարածքի վրա աչք էր դրել պատգամավորի բարեկամուհին. քաղաքապետարանից վստահեցրին՝ «Նման բան չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել