Երեկ կայացել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հրապարակվել են մարտի 30-ին ազոտական պարարտանյութերի շուկայում սկսված ուսումնասիրության արդյունքները:
Ինչպես հայտնում է հանձնաժողովի լրատվական ծառայությունը՝ ուսումնասիրության ընթացքում ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ 2011 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ ազոտական պարարտանյութի շուկայում գերիշխող են «Քեթրին գրուպ» ընկերությունը, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 30%, «Ագրիմատկո Արմենիան»՝ իրացման 24%, եւ «Մասիսի բերրիություն» ընկերությունը՝ 22% մասնաբաժիններով:
Նշված տնտեսվարողների կողմից գերիշխող դիրքի չարաշահման առկայությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը կատարել է նրանց գործունեությունների մանրամասն ուսումնասիրություն: Այսպես, 2010-ի մարտին այս ընկերությունների մոտ 1 պարկ (50 կգ ) ազոտական պարարտանյութի ձեռք բերման գինը կազմել է 5600-5800, իսկ վաճառքի գինը՝ 6300-6500 դրամ: Այս տարվա մարտին նրանք պարարտանյութը ձեռք են բերել 6000-6200 դրամով եւ, ըստ ներկայացված փաստաթղթերի, իրացրել 6800-7000 դրամով: Սակայն Հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առեւտրի կետերում արձանագրվել է մինչեւ անգամ 10 հազար դրամ գին՝ 1 պարկի դիմաց:
Վերոնշյալի հիման վրա ՏՄՊՊՀ-ն որոշել է սահմանել հատուկ հսկողություն պարարտանյութի վաճառքի գների վրա եւ վերահսկել, որպեսզի խոշոր ներկրողները 1 պարկ պարարտանյութի համար 7000 դրամից ավելի գին չսահմանեն: Ընդ որում, ըստ մամուլի հրապարակումների եւ գյուղացիական տնտեսությունների պարզաբանումների, իրանական արտադրության պարարտանյութն իրենց վաճառվում է անհամեմատ թանկ, քան վրացականը, մոտ 2-3 հազար դրամի տարբերությամբ: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ 7000 դրամ առավելագույն գինը վերոնշյալ երկու տեսակների դեպքում էլ անփոփոխ է, եւ նշված գները պետք է գործեն ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ վաճառքի դեպքում:
ՏՄՊՊՀ-ն երեկ քննարկել է մեկ այլ հարց եւս՝ Հայաստանում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցները դժգոհում են Թուրքիայից ներկրվող բանջարեղենի, մասնավորապես՝ լոլիկի ներմուծման դեմ: Ցույցերի ընթացքում նրանք նշում են, որ ներկրողի եւ տեղական արտադրողի միջեւ գոյություն ունեն անհավասար մրցակցային պայմաններ: Ըստ նրանց պարզաբանումների, ինչպես նաեւ տարբեր լրատվամիջոցների հրապարակումների, Թուրքիայից ներկրվող բանջարեղենը շուկայում իրացվում է անհամեմատ ցածր գնով, ինչն էլ խոչընդոտում է տեղական արտադրողի գործունեությանը: Այդ իսկ պատճառով իր երեկվա նիստում ՏՄՊՊՀ-ն որոշեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ լայնածավալ ուսումնասիրություն սկսել Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեության նկատմամբ: Մանրամասն կուսումնասիրվեն թե տեղական արտադրողների, թե ներմուծողների եւ թե ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվությունները եւ արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը: