Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑՈՒՆ

Մայիս 07,2011 00:00

Գյուղացիներին ոչ պարարտանյութ,  ոչ էլ սերմացու է հարկավոր

\"\"«Պետք է իրավական ակտերով պաշտպանենք տեղական լոլիկ արտադրողներին»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը՝ անդրադառնալով թուրքական լոլիկի ներկրումը արգելելու պահանջով օրեր առաջ կառավարությանը դիմած ջերմոցային լոլիկ արտադրողների բողոքին: Փոխնախարարն ասաց, որ թեեւ բանջարեղենի արտադրությամբ Հայաստանը գրեթե ինքնաբավ է, բայց միայն տեղական արտադրությամբ չպետք է սահմանափակվենք. «Տեղական արտադրության ծավալները ազգաբնակչությանը չեն բավարարում: Մեր լոլիկի, վարունգի ու պղպեղի ինքնարժեքը բավականին բարձր է՝ պարարտանյութերի, վառելիքի ու այլ գործոններով պայմանավորված: Իսկ կոնկրետ Թուրքիայում արտադրված մթերքի ծավալները մեծ են ու ցածր ինքնարժեքով»: Նա հիշեցրեց, թե ինչպես նախորդ տարի Վրաստանը արգելեց կարտոֆիլի ու խնձորի ներկրումը, ու վստահեցրեց. «Շուկան փակելու ճանապարհը սխալ է: Եթե չունենք լոլիկ, իսկ պահանջարկը կա, պետք է ներկրենք»:

Ջերմոցային լոլիկի արտադրությամբ զբաղվող Հարություն Ենոքյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե լոլիկի ներկրման ոլորտում էլ է մենաշնորհ ձեւավորվել. «Դրա համար էլ մեր խնդրին ընթացք չեն տալիս: Մեզ էլ ասում են՝ եթե արգելենք ներկրումը, տեղական արտադրողները լոլիկի գները կբարձրացնեն: Ես էլ խորհուրդ եմ տալիս, որ թողնեն շուկան ինքնակարգավորվի: Այս տարի թանկ կվաճառվի, մյուս տարի լոլիկի արտադրությունը շահավետ կհամարեն, ու արտադրությունը կաճի, գներն էլ կնվազեն»:

Փոխնախարար Սամվել Գալստյանը, անդրադառնալով ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ասաց, թե նախորդ տարվա 14% անկմանը այս տարի կփոխարինի 10% աճը: Ոլորտի ձեռքբերումներից նա առանձնացրեց կառավարության վերջին որոշումը, ըստ որի, պարարտանյութ, սերմեր, թունաքիմիկատներ ու գյուղատնտեսական տարբեր սարքավորումներ ներկրողները կազատվեն ավելացված արժեքի հարկից:

Արմավիրի բնակիչ Համլետ Մաղաքյանն էլ «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց. «Մեզ ոչ իրենց սերմացուն, ոչ էլ իրենց տված պարարտանյութն է պետք: Բերում են՝ 5 կիլոգրամ պարարտանյութ են տալիս ու դրոշակն առնում են, թե՝ այսքան բան ենք տվել: Գյուղացին տարեկան օգտագործում է 2-3 տոննա պարարտանյութ: Գետի մեջ մի դույլ ջուր են ավելացնում, դա նշանակեց՝ գյուղացուն օգնո՞ւմ են: Այս տարի ճապոնական արտադրության պարարտանյութ բաժանեցին ու ոչ բաղադրության, ոչ էլ օգտագործման ձեւը ասացին: Մարդիկ սովորական սելիտրայի տեղ օգտագործեցին ու սաղ իրենց հողերը վառեցին»:

Փոխնախարարն էլ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով շրջանառվող այն տեղեկություններին, թե հանրապետության հակակարկտային կայանների մեծամասնությունը չի աշխատում, ասաց, թե 196 հակակարկտային կայանով հնարավոր չէ հանրապետության գյուղատնտեսական նշանակության բոլոր հողատարածքները պաշտպանել: «Յուրաքանչյուր կայան կարող է պահպանել 80-100 հեկտար, այժմ միայն 20 000 հեկտար պաշտպանված տարածք ունենք: Բոլոր երնեկները մեկ տեղում չեն լինում: Կառավարությունը նախատեսել է ընդլայնել կայանների թիվը եւս 60-ով»,- նշեց փոխնախարարը՝ հիշեցնելով, որ գյուղատնտեսական նշանակության հողատարածքները հասնում են 500 000 հեկտարի:

Կարեւորելով գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների նվազեցման կառավարության որոշումը՝ փոխնախարարը միաժամանակ նշեց, որ գյուղատնտեսության զարգացման տեմպերն ապահովելու համար միայն վարկային տոկոսադրույքները նվազեցնելը բավական չէ: Հետեւաբար, վարչապետը մթերող ու վերամշակող ձեռնարկություններին արդեն հանձնարարական է տվել՝ այս տարի մթերման աշխատանքները կազմակերպել պատշաճ, «Այն այս անգամ իրականացվելու է պայմանագրային հիմունքներով, գնային հստակ քաղաքականությամբ, որ նորմալ կազմակերպեն իրացումը, եւ գյուղացին վճարները ստանալու առումով խնդիրներ այլեւս չունենա: Նախորդ տարի մթերած խաղողի դիմաց որոշ ձեռնարկությունների, որոնք դեռ 120 միլիոն դրամի չափով վճարները չեն իրականացրել, հանձնարարվել է գյուղացուն պարտքերը մարել առաջիկա 10-օրյա ժամկետում ու պատրաստվել նոր մթերումներին»:

Ագրարային համալսարանի բուսաբուծության եւ բանջարաբուծության ամբիոնի վարիչ Անդրեաս Մելիքյանը փոխնախարարի խոսքերին հավելեց, որ ոլորտում շատ խնդիրներ կան, ու դրանք միայն վարկերի միջոցով չեն վերանա: Նրա կարծիքով, գյուղացիական տնտեսություն-խոշոր բիզնես համատեղ աշխատանքում պետք է կիրառել միջազգային փորձը: Որպես համատեղ աշխատանքի լավագույն օրինակ մասնագետը մատնանշեց «Սպայկա» ընկերության համագործակցությունը գյուղացու հետ՝ չիմանալով, որ օրեր առաջ այդ ընկերության թույլ տված չարաշահումների համար տնօրենին են կալանավորել: «Ճշտված չէ՝ տնօրենին ձերբակալե՞լ են, թե՞ ոչ, բայց դա նշանակություն չունի, կարեւորը ընկերության ծրագրերն են»,- զարմացած ասաց պարոն Մելիքյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել