Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ՝ ԵՎՐԱՆԵՍԹՈՒՄ, ՉՀԱՇՎԱԾ ՎՈՒԱՄ-Ը

Մայիս 07,2011 00:00

\"\"Ի՞նչ կարող է մեզ տալ Եվրանեսթը, եւ ի՞նչ ունենք մենք տալու այդ կառույցին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «առաջիկայում հայաստանյան պատվիրակության հետ միասին, ինչպես նաեւ ուրիշ երկրների պատվիրակությունների ղեկավարներին հրավիրելով (ԱԺ նախագահի հետ մենք այդ մասին արդեն պայմանավորվել ենք) պետք է մշակենք Եվրանեսթում մեր պատվիրակության գործունեության հայեցակարգը: Սակայն ասեմ, որ այս հայեցակարգը պետք է ունենա իր կազմակերպական հիմքը, մենք հիմա գույքագրում ենք մեր հնարավորությունները. այն գրասենյակները, որ կարող են օգտակար լինել մեզ քաղաքական կամ տեխնիկական օժանդակության առումով, այն պատգամավորները, որոնք արդեն Հայաստանի հարցերին քաջատեղյակ են, եւ նրանք, ովքեր դեռ տեղյակ չեն, եւ պետք է աշխատենք, որ նրանք եւս տեղեկացված լինեն եւ այլն: Այսինքն՝ մենք Եվրանեսթում պիտի աշխատենք մեր օրակարգով: Ի դեպ, այդ կառույցում մեր պատվիրակությունն ամենաժողովրդավարն է՝ իր վարվելակերպով եւ կազմով: Նկատի ունեմ, որ պատվիրակության ղեկավարը ընդդիմադիր է, եւ մեկ այլ ընդդիմադիր ներկայացուցիչ եւս ստանձնել է ղեկավար պաշտոն: Կարծում եմ՝ սա եվրոպական մեր գործընկերների կողմից շատ բարձր է գնահատվում: Բայց ասել, որ մենք ամբողջությամբ ամեն ինչ պլանավորել ենք, ճիշտ չի լինի, որովհետեւ մինչեւ վերջին պահը պարզ չէր՝ Եվրանեսթը կկայանա՞, թե՞ ոչ, եւ նույնիսկ Եվրանեսթի հիմնադրման հռչակագրի ստորագրումից 20 րոպե առաջ դեռ կարող էր ամեն ինչ ձախողվել»:

Վահան Հովհաննիսյանի ներկայացմամբ, այս ձգձգումը պայմանավորված էր ոչ թե Բելառուսի կամ մեկ այլ երկրի հետ առնչվող հարցերով, այլ՝ Հայաստանի, քանի որ մեր պատվիրակությունը, ըստ պատվիրակության ղեկավարի, հարցերը շատ կտրուկ է դրել. «Մենք հարցերը շատ կտրուկ ենք դրել եւ ոչ մի հարցում չենք զիջել, ավելի ճիշտ՝ մենք գնացել ենք ճկուն զիջումների այն դեպքերում, որտեղ դա հնարավոր ենք համարել, բայց դա չի եղել մեր սկզբունքների հաշվին: Մեզ համար սկզբունքային ոչ մի հարցում մենք զիջումների չենք գնացել: Մենք հասել ենք կոնսենսուսի եւ նույնիսկ այդ կոնսենսուսը նվաճել ենք Բյուրոյի մակարդակում: Սա նշանակում է, որ եթե Բյուրոյի ցանկացած անդամ քննարկվող հարցը որպես իր երկրի շահերի համար կենսական նշանակություն ունեցող հարց է դիտարկում, կամ՝ որպես սպառնալիք հարց է դիտարկում, կարող է վետոյի իրավունքը կիրառել՝ պահանջելով կոնսենսուս: Մենք սրան հասանք, եւ համոզված եմ, ինչ-որ չափով մեզ համար ինքնապաշտպանության միջոց է»:

Ըստ մեր զրուցակցի, Եվրանեսթը մեզ համար խիստ կարեւոր է. «Որովհետեւ արեւելյան կոմպոնենտում մենք ենք եւ ՎՈՒԱՄ-ը, եւ սա, բնականաբար, շատ դժվար խնդիր է: Եվ մենք ունեինք երկու ընտրություն՝ ընդհանրապես չմասնակցել կամ՝ մասնակցել, գնալ այս ռիսկին եւ պաշտպանել մեր երկրի շահերը: Մենք ընտրեցինք երկրորդ ճանապարհը»:

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ Եվրանեսթից Հայաստանի Հանրապետության կոնկրետ ակնկալիքը սա է. «Մենք այս ձեւով ուղղակիորեն դուրս ենք գալիս Եվրապառլամենտի մակարդակ. սա նշանակում է, որ մենք, փաստորեն, պատվիրակություն ունենք Եվրապառլամենտում, որովհետեւ Եվրանեսթը արեւելյան կոմպոնենտի եւ Եվրապառլամենտի ընդհանուր զավակն է: Փաստորեն, Եվրապառլամենտի բոլոր քաղաքական խմբակցությունները մեզ համար հասանելի են դառնում՝ աջերից մինչեւ ձախեր, կանաչներից մինչեւ լիբերալներ եւ այլն: Սա ուղղակի կապերի հնարավորություն է, մեզ համար քաղաքական օրակարգի անմիջական հնարավորություն է ստեղծում, եւ՝ ոչ միայն Եվրանեսթում: Բացատրեմ միտքս՝ եթե Հայաստանի պատվիրակությունը որոշի որեւէ միջոցառում կազմակերպել այդ շենքում՝ Հայաստանի պատմությանը, մշակույթին, պատմության ողբերգական էջերին, այսօրվա քաղաքական հարցերին այլոց ծանոթացնելու նպատակով, բնականաբար, հրավիրվելու են ոչ միայն Եվրանեսթի մասնակից խորհրդարանականները, այլեւ փորձագետները, որոնցից Եվրապառլամենտում կախված է շատ բան, եթե ոչ՝ ամեն ինչ:

Այնպես որ, սա իրականում մեզ շատ բան կարող է տալ, եթե մենք ճիշտ աշխատենք»։

Ըստ Վահան Հովհաննիսյանի, դեռ բավականին գործ կա անելու, նաեւ որոշակի ֆինանսների կարիք է զգացվելու, քանի որ դեռ տեխնիկական հագեցվածության եւ այլ հարցերի կարգավորման խնդիրները լուծված չեն. «Պետք է հստակեցնել բյուջեն, քանի որ չի բացառվում, որ Եվրանեսթի նիստերից մեկը կարող է անցկացվել նաեւ Հայաստանում, եւ եթե մենք պատրաստ չլինենք, չենք կարողանա ընդունել 120 պատգամավորի՝ իրենց փորձագետներով, իրենց աշխատակազմերով, իրենց անմիջական եւ անընդհատ կապի եւ տեխնիկական միջոցների պահանջով: Արդյոք մենք դրան պատրա՞ստ ենք՝ ոչ միայն մենք պատրաստ չենք, կարծում եմ, պատրաստ չեն նաեւ Ուկրաինան, Մոլդովան եւ մյուսները նույնպես»: Պատվիրակության ղեկավարը կարծում է, որ Եվրանեսթին անդամակցելը նաեւ Հայաստանի խորհրդարանի որակը բարձրացնելու միջոց է, եւ Ազգային ժողովը պետք է փորձի այս կառույցում ճիշտ ներկայացնել մեր երկրի խնդիրները եւ այդ կառույցից հնարավորինս շատ օգուտներ ստանալ. «Մենք պետք է այս փուլում աշխատենք ճիշտ բանաձեւերի վրա, այսինքն՝ անել այնպես, որպեսզի բանաձեւերն օգնեն Հայաստանը բարեփոխելու՝ առանց վնաս հասցնելու մեր ազգային շահերին: Սա շատ դժվար, ոսկերչական աշխատանք է, պետք է կարողանանք Եվրանեսթի ազդեցության միջոցով օգնել, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական, մարդու իրավունքների ասպարեզում, դատական համակարգում բոլոր ռեֆորմները իսկապես տեղի ունենան, զարգանան, բայց միեւնույն ժամանակ՝ դա չկատարվի մեզ ճնշելու, ազգային հարցերում մեզ ծնկի բերելու կամ մեզ նեղը դնելու գնով՝ լինի Ղարաբաղի հարց, հայ-թուրքական հարաբերությունների հարց, հայ-ռուսական հարաբերությունների հարց, հայ-իրանական եւ այլն: Մեր երկրի առաջնահերթությունները հստակ են բոլորի համար, եւ, անկախ մեր կուսակցական պատկանելությունից, ընդդիմություն կամ կոալիցիա լինելու հանգամանքից, այս գիտակցությունը բոլորի մոտ միշտ արթուն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել