Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԿՊԶ»-ՈՒՄ

Մայիս 07,2011 00:00

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 30-ին ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրում կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն մարզի Կոշ գյուղի բնակիչ, 21-ամյա Մանուկ Բադալյանը: Մեզ հայտնի դարձավ, որ Բադալյանն իր երեք ընկերների հետ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Կոշ գյուղում ամուսնության նպատակով առեւանգել է 16-ամյա մի աղջկա (նախաքննության շահերից ելնելով՝ անունը չենք հրապարակում): Աղջկա հայրը աշխատում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: 16-ամյա աղջկա առեւանգման փաստով նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական վարչության Աշտարակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ Մ. Բադալյանը ձերբակալվել եւ պահվել է ոստիկանության Աշտարակի բաժնի ՁՊՎ-ում: Նրա հանցակից 3 ընկերների նկատմամբ քննիչի որոշմամբ հայտարարվել է հետախուզում: Հետախուզվողներից մեկն աշխատում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Ապրիլի 30-ին քննիչի միջնորդությամբ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դռնփակ դատական նիստ, որտեղ քննիչը միջնորդել է, որպեսզի Մ. Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը: Դատավորը բավարարել է միջնորդությունը եւ արդեն դատարանից նրան տեղափոխել ՁՊՎ, որտեղ էլ Մ. Բադալյանը մենախցում սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Նա խցում եղել է մենակ: Կոշեցիները պատմում էին, որ ինքնասպան լինելուց առաջ Բադալյանը գրություն է թողել, որտեղ գրել է. «Շնորհակալ եմ բոլորիցդ, ինձի կթաղեք սպիտակ դագաղով ու սպիտակ կաստյում-շալվարով»: Պատմում են նաեւ, որ նույն գրությունը ինքնասպանը գրել է իր ափի մեջ: Գյուղացիները նշում էին նաեւ, որ Բադալյանը հարել է ինչ-որ աղանդավորական շարժման: Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել