Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՈՒՇԻՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ, ԲԱՅՑ ՉԲՆԱԿԵՑՎԵՑ

Մայիս 07,2011 00:00

Շուշիի ազատագրման տարեդարձի առիթով երեկ հայտարարություն է տարածել «Սարդարապատ» շարժումը, որում, մասնավորաբար, ասված է. «Հայության միակամության, հայ զինվորի անմնացորդ նվիրումի եւ սխրանքի, հայ հրամանատարի արտասովոր տաղանդի, կորսված հայրենիքը վերատիրելու ուխտի կատարումն էր Արցախ աշխարհի երբեմնի մայրաքաղաք Շուշիի ազատագրումը, եւ այն հայ ժողովրդի պատմության մեջ արձանագրվեց որպես ամենափառահեղ հաղթական էջերից մեկը։ Շուշիի ազատագրումը որակապես փոխեց մեր ժողովրդի այն հոգեվիճակը, որը երկարուձիգ դարեր ուղեկցել էր հայությանը։ Հայը կրկին վերականգնեց իր հաղթական կեցվածքը, հավատաց սեփական ուժերին, կրկին եղավ միասնական եւ կատարեց անհնարինը՝ ազատագրելով անառիկ համարվող բերդաքաղաքը մարդկային նվազագույն կորուստներով եւ կարճ ժամանակի ընթացքում։ Հայրենիքը արդարությամբ եւ սիրով շենացնելու կարեւոր եւ անհրաժեշտ քայլը այն ազատագրելն էր թշնամուց։ Սակայն հայությունը ռազմի դաշտում հաղթելով իրենից քանակապես եւ սպառազինությամբ գերազանցություն ունեցող թշնամուն՝ առ այսօր չի կարողանում հաղթել իր մեջ տնօրինող նյութապաշտությունը, եսամոլությունը, փառասիրությունը։ Հայաստան աշխարհը հայաշատ դարձնելու, բարոյական եւ ներդաշնակ համակեցության օրենքներով ապրելու փոխարեն՝ երկրում ստեղծվել է մի մթնոլորտ, որտեղ հայ մարդը գերադասում է լքել հայրենիքը եւ գոյատեւել օտարության մեջ՝ ուծացման վտանգը ամեն պահ ունենալով աչքի առաջ։ Տասնինը տարի առաջ ազատագրված Շուշին այդպես էլ իրապես չդարձավ հայինը, եւ հազարավոր հայեր բնակություն չհաստատեցին Շուշիում»։ Հայտարարության հեղինակները նաեւ արձանագրում են, որ Շուշիի ազատագրումը, ցավոք, իրապես տոն չէ մեզ համար, եւ այն նշվում է ձեւի մեջ. «Շուշին ազատագրող հրամանատարներից Սասուն Միքայելյանը հանիրավի այսօր բանտարկված է ռեժիմի կողմից։ Իրավիճակը որակապես փոխելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը եւ հայությունը կեղեքող ռեժիմը տապալվի եւ լինի գիտակցումը այն իրողության, որ Հայաստանը հայն է շենացնելու՝ լինելով առավել արդարամիտ, հավատով լեցուն եւ վճռական»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել