Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մարտի 1»-ի գործով քննչական գործողություններ կատարվում են

Մայիս 07,2011 00:00

Վստահեցնում է նախարարը

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հավաստիացնում է, որ «Մարտի 1»-ի գործով քննչական գործողությունները վերսկսված են: Այդ մասին երեկ նախարարն ասել է «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ դատաիրավական համակարգի պատասխանատուների մասնակցությամբ ապրիլի 20-ին կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պահանջել էր 2008թ. մարտի 1-ի դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Այդուհանդերձ, մինչ օրս անգամ զոհերի հարազատները չեն հրավիրվել հատուկ քննչական ծառայություն: Ռ/կ-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում 2008թ. մարտի 1-ի սպանությունների բացահայտման ներկայիս վիճակը, Հրայր Թովմասյանը պատասխանել է՝ «մի ակնկալեք, որ այդ ամբողջը մեկ օրում է արվելու»:

Նախարարը նաեւ պարզաբանել է. «Ենթադրվում է, որ Հատուկ քննչական ծառայությունը պետք է վերցնի նախորդ բոլոր ապացույցները, կրկին անգամ հետազոտի, տեսնի, թե կարո՞ղ է՝ ինչ-որ բան բաց է թողնվել: Այսինքն՝ եթե քննչական գործողություններ չեն կատարվում, վկաներ չեն հրավիրվում, դա չի նշանակում, որ քննչական ծառայությունը ոչինչ չի կատարում: Նախաքննության գաղտնիությունը ենթադրում է, որ հանրության սեփականությունը չի դառնա այն ամբողջը, ինչ իրենք անում են, այնպես որ, թող այդ թյուր տպավորությունը չստեղծվի, թե այնտեղ ոչինչ չեն անում»:

Ապրիլի 27-ին ՀՀ նախագահը հայտարարել էր, թե իշխանությունները պատրաստ են երկրի քաղաքական իրավիճակի «լիցքաթափման ուղղությամբ քայլեր կատարել», եւ ասել էր, թե հանձնարարել է արդարադատության նախարարին առաջարկություններ ներկայացնել: Արդեն հաջորդ օրը՝ ապրիլի 28-ին, Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքում ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վկայակոչելով Սերժ Սարգսյանի խոսքերը, կարծիք էր հայտնել, որ «իշխանությունը, միանգամայն անթաքույց նկատառումներով, որոշել է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը լուծել մայիսի 28-ի տոնի կապակցությամբ»:

«Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե արդյոք գործադիր իշխանությունը ինչ-որ քայլեր կատարո՞ւմ է այս ուղղությամբ, Հրայր Թովմասյանն արձագանքել է. «Դա ձեր մեկնաբանությունն է, սպասեք մինչեւ 28-ը կամ 28-ից հետո, կտեսնեք՝ ինչ է կատարվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել