Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՈ, ՇԱԽՄԱՏ Է, ԲԱՅՑ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ ՄՏԱԾՎԱԾ ՉԷ

Մայիս 07,2011 00:00

\"\"Ընդդիմության ներկա գործելակերպի մասին իր կարծիքն է ասում նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը

«Ես վստահ եմ, որ եթե նախկինում դիմեի խնդրանքով՝ այցելել քաղբանտարկյալներին, ինձ թույլ չէին տա: Հիմա մթնոլորտ է փոխվել, երկրում ուրիշ քաղաքական վիճակ է: Լուծվել են խնդիրներ, որոնք 3 տարի չէին լուծվում: Ես նկատի ունեմ ե՛ւ Ազատության հրապարակի արտոնումը հանրահավաքների համար, ե՛ւ մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացումը, ե՛ւ քաղբանտարկյալների ազատ արձակման պրոցեսը, որը ավարտվելու է մայիսի 28-ին՝ ինչպես ես ասացի նախորդ հանրահավաքում: Գուցե մի քանիսը մինչեւ 28-ը դուրս գան: Այս ֆոնի վրա, բնականաբար, իմ խնդրանքը չէր կարող մերժվել»,- այսպես էր հիմնավորել ՀՀ առաջին նախագահը, թե ինչու հենց հիմա որոշեց հանդիպել ազատազրկված Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին: Երեկ այս առիթով «Առավոտի» հետ զրույցում նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը հարց հնչեցրեց՝ ի՞նչը պարտադրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հիմա այցելել Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին, չկարեւորելով Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանրությանը ներկայացրած բացատրությունը: Իր իսկ հարցին մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Ժողովրդի, հատկապես երիտասարդության մեջ, Նիկոլ Փաշինյանը մի պայծառ ջահակիր է, ով իրեն դրսեւորեց հատկապես մարտի 1-ին, կրիտիկական պայմաններում, ես դրա ականատեսն եմ եղել: Նիկոլն իր մեջ առաջնորդելու մեծ լիցք ունի, հատկապես նաեւ արդեն այս երեք տարում իր կերտած կենսագրությամբ: Շատ հնարավոր է, որ մայիսի 28-ին ազատության մեջ հայտնվելուց հետո Նիկոլը որոշ ժամանակ դիսոնանսի մեջ հայտնվի առաջին նախագահի բռնած քաղաքական դիրքորոշման հետ: Այժմ անհրաժեշտ են հստակ երաշխիքներ, անհրաժեշտ են արդեն բանակցություններ Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ՝ հստակեցնելու, ընդհանուր գծով գնալու համար: Ժողովրդի ակնկալիքի եւ իրականության միջեւ աստիճանաբար առաջացող վիհը Նիկոլ Փաշինյանին կդնի երկընտրանքի առաջ. կամ վերադառնալ իր կերտած կենսագրությանը, այն կերպին, որով ինքը չհայտարարված լիդեր էր, հատկապես երիտասարդության համար, կամ կորցնել այդ ամենը եւ քաղաքական շախմատ խաղացողի իմիջ ձեռք բերել, որն իրենցից առաջ խաղացել են եւ Արտաշես Գեղամյանը, եւ Արթուր Բաղդասարյանը, տարբեր հաջողությամբ այդ պարտիաները խաղարկվել են»: Ալբերտ Բաղդասարյանը նաեւ վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը «զենք» է Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքին՝ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: «Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի այն բանավոր գաղտնի պայմանավորվածությունից, որը ձեռք են բերել, ապա իրավիճակը Նիկոլ Փաշինյանի միջոցով սրելը եւ նոր լիցք հաղորդելն ընդամենը տեխնիկայի խնդիր է: Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայիս խնդիրն է, որ Նիկոլը «կանտրոլից» դուրս չգա, եւ դատելով ռեակցիաներից՝ այդ խնդիրը կամ լուծված է, կամ կլուծվի՝ հօգուտ Տեր-Պետրոսյանի»:

Մեր զրուցակիցը կասկած չունի, որ առաջին նախագահի նեղ շրջապատից դուրս որեւէ մեկը չգիտի, թե, ըստ էության, ինչի՞ մասին է իշխանության հետ երկխոսությունը. «Կարեւորը՝ ի՞նչ է մատուցվում հանրությանը. որ մենք պահանջեցինք երեք բան, երեքից երկուսը կատարվել է, երրորդն էլ, դատելով խոսքի շեշտադրումից, 28-ին կատարվելու է: Այդ պայմանավորվածությունը կա»: Բայց ինչպես Ալբերտ Բաղդասարյանի, թերեւս շատերի մոտ էլ այս պարագայում տրամաբանական միտք է առաջանում. «Երեք տարի առաջվանից էլ առաջ ոչ Ազատության հրապարակի խնդիր կար, ոչ մարտի 1-ի, ոչ էլ քաղբանտարկյալների: Ուրեմն, պետք էր այդ ամենն անել եւ գալ զրոյական դիրքի՞: Ստացվում է՝ մեր հասարակությունն առանց խնդիրների էր երեք տարի առաջ, մինչեւ մարտի 1-ը: Կարծում եմ, որ մեր պետության եւ հանրության խնդիրը հենց այդ երեք պահանջները չեն: Դրանք ընթացքում են առաջացել: Այդպիսի բազմաթիվ խնդիրներ դեռ 90-ականներից առաջացել են. դրանք ընթացիկ հարցեր են, որ առաջանում եւ լուծվում են, բայց առաջանում են այլ պատճառներով, դրանց հիմքն այլ է, եւ այս առիթով քաղաքական ուժերի երկխոսությունը շարքային քաղաքացուն պետք է հետաքրքրի այնքանով, որքանով դա խնդրի պատճառների՞ն է վերաբերվում, թե՞ հետեւանքներին: Այսօր հետեւանքները քաջաբար ներկայացվում են որպես պատճառ: Ճիշտ է, շախմատ է, բայց հաջորդ քայլը մտածված չէ: Որոշ ժամանակ անց կգա այս էյֆորիայի թոթափումը, եւ ես վստահ եմ, որ շարքային քաղաքացիներն էլ կհասկանան՝ ինչպես առաջին նախագահի մոտ շրջապատում շատերն են հասկացել, պատճառի եւ հետեւանքի այդ խաբուսիկ իրար խառնելը, եւ արդեն հայց կներկայացնեն՝ պատճառի վերացման մասին»: Իսկ պատճառների մասին մեր զրուցակիցը քանիցս է խոսել՝ պետական կառավարման համակարգը. «Ինչ-որ մեկը ձեւակերպում է տվել՝ վերականգնենք սահմանադրական կարգը, հիմա բոլորը զոմբիների նման կրկնում են՝ վերականգնենք սահմանադրական կարգը: Ո՞ր սահմանադրական կարգը: Ասենք, եթե լիներ ստալինյան՝ դա՞ պիտի վերականգնեինք, թե՞ մենք պետք է ստեղծենք նորմալ սահմանադրական կարգ, որտեղ դատավորները պետք է անկախ լինեն, կախված լինեն միայն օրենքից եւ ոչ թե նախագահի կամքից: Հիմա, այս երկխոսությունների հետեւանքով, դատական համակարգի խնդիրը լուծվելո՞ւ է, այդ հարցն ընդհանրապես արծարծվո՞ւմ է: Շարքային քաղաքացուն տաք ու սա՞ռ է նրանից, որ հիմա դատավորը ոչ միայն նախագահ Սերժ Սարգսյանի կամ գործադիր իշխանության կամքը կկատարի, այլ որոշ չափով էլ նաեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Դա՞ էր ՀԱԿ-ի շարժման մասնակիցների իդեալը»:

Իսկ ի՞նչ իրավիճակ կունենանք սեպտեմբերյան հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ: Պայմանավորվածությունները՝ պայմանավորվածություն, բայց դրանք նաեւ տեխնիկապես է պետք իրականացնել, ու այս առումով Ալբերտ Բաղդասարյանը վստահ չէ, որ այսօր ԱԺ-ում հավաքված մասսան սուսուփուս կենթարկվի ինքնալուծարման կամ անգործության առաջարկին: Կամ՝ Տեր-Պետրոսյանի շուրջ եղող ըմբոստները խաղաքարտերը չեն խառնի: Բայց հակառակն էլ նա չի ժխտում: Իսկ ընդհանրապես, նա չի հասկանում, թե ինչ են տալու արտահերթ ընտրությունները. «Այս համակարգով ընդամենը պետք է կեղծիքների համար պայմանավորվածությունների բազա ունենալ: Դա հերթականում էլ կարելի է ձեռք բերել: Թե՞ փոխվստահություն չկա, հակառակը՝ մտավախություն կա, որ ժամանակ կանցնի, եւ մեկը մյուսին կփորձի «քցել», դրա համար երկաթը ուզում են տաք-տաք ծեծել: Բարդ իրավիճակ է, որի հանգուցալուծումը կախված է ոչ միայն շախմատ խաղացողներից, այլեւ արտաքին աշխարհի խաղացողներից, ու այս ամենը ժողովրդի ու պետության հետ կառնչվի այնքանով, թե հետեւանքներն ինչքանո՞վ վատը կլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել