Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԵՏՔ ԷՐ ԱՍԵԼ՝ «ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ»

Մայիս 07,2011 00:00

«Ժառանգության» ներկայացուցիչը կարծում է, որ իշխանությունն ու ՀԱԿ-ը հերթական ընտրություններից առաջ փորձում են փրկել իրենց դեմքը:

 Երեկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, պատասխանելով լրագրողներից մեկի արդեն չարչրկված հարցին՝ կա՞ արդյոք գործարք Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ, նկատել է, թե՝ չի կարելի ասել, որ ինչ-որ մութ սենյակում խոսակցություններ են եղել եւ պայմանավորվել են, բայցեւ հավելել է, որ գործընթացները հուշում են, թե հիշյալ երկու կողմերը գնում են հերթական խորհրդարանական ընտրությունների, եւ որ «անպայման ԱԺ-ում մի ինչ-որ հատված տեր-պետրոսյանական շրջանակին տրվելու է, սակայն Սերժ Սարգսյանը պահպանելու է իշխանության առյուծի բաժինը. խորհրդարանի 75 տոկոսը նա ոչ մի ուժի չի զիջի, 25 տոկոսը նա փորձելու է բաժանել ընդդիմադիր դաշտի միջեւ»: «Սարդարապատի» ներկայացուցչի դիտարկմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ իշխանությունների հետ երկխոսության քայլին գնալու պատճառն այն է, որ ՀԱԿ-ի շուրջ համախմբված մարդկանցից շատերը հոգնել են հալածյալի կարգավիճակից: «Այս գործոնը մեծ դեր է կատարել Տեր-Պետրոսյանի որոշման գործում»,- հայտարարել է Սեֆիլյանը:

Վերոհիշյալ հարցադրումների շուրջ «Առավոտը» զրուցեց նաեւ ՀԱԿ-ին քննադատող ուժերից եւս մեկի՝ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ: Վերջինս նկատեց. «Ես իմ դատողությունների ու եզրահանգումների համար հիմք կընդունեմ միայն հրապարակային արված հայտարարությունները, գնահատականները, առաջարկներն ու դրանց պատասխանները, որոնք Տեր-Պետրոսյանն անվանում է «բաց, հրապարակային դիալոգ»: Մարտի 17-ին նա առաջադրեց 3 խնդիր, ապա անբացատրելի համոզվածություն հայտնեց, որ դրանք անպայման լուծվելու են, եւ դրանից ի վեր Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը ինչ-որ կերպ արձագանքեցին դրանց: ՀԱԿ-ը հայտարարեց, որ իրեն բավարարում է 3-ից երկուսի լուծումը եւ սպասում է 3-րդի՝ քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Հետեւաբար, հիշյալ երեք հարցերով պայմանավորվածությունները, երկխոսությունը միանգամայն տեսանելի են՝ որքան էլ կողմերը կամ նրանցից մեկը հերքեն դա: Եթե լիներ չորրորդ խնդիր, օրինակ՝ արտահերթ ընտրությունների հարց, իսկ Սերժ Սարգսյանն ու նրա թիմն էլ, մյուս 3 պահանջների համանմանությամբ, արձագանքեին դրան, ապա այդ դեպքում եւս կենթադրեինք, որ արտահերթ ընտրության հարցը նույնպես առկա է ՀՀԿ-ՀԱԿ երկխոսության օրակարգում: Եթե չկա նման հրապարակային առաջարկ ու պատասխան, ուրեմն մնում է եզրակացնել, որ այդպիսի առաջնահերթ խնդիր ՀԱԿ-ի օրակարգում դրված չէ: Իսկ եթե դա հրապարակային դաշտում տեսանելի չէ, եւ ՀԱԿ-ն էլ նշում է, թե արտահերթ ընտրության հարցը իր օրակարգի մաս է, այդ դեպքում պետք է ընդունի, որ այդ «դիալոգն» ունի նաեւ կուլիսային բաղադրիչ: Իսկ եթե ոչ, հետեւաբար՝ ՀԱԿ-ը գնում է հերթական ընտրությունների: Իսկ թե դրա կապակցությամբ ինչ պայմանավորվածություններ կան կամ կարող են լինել մոտ ապագայում «բաց, հրապարակային դիալոգից» անդին՝ այս պահին կարող ենք ընդամենը ենթադրություններ անել»:

2008թ. նախագահական կեղծված ընտրություններից հետո քաղաքական առաջին անեկդոտը, որ ծնվեց արդեն փետրվարի 20-ին, այս էր՝ «հանդիպում են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը: Լեւոնը Վազգենին դառնությամբ նետում է՝ ո՜նց եմ քեզ հասկանում…»: Հիմա նույն շարքից եւս մեկ կատակ է ծնվում՝ Տեր-Պետրոսյանը հիմա սկսել է նաեւ հասկանալ, թե ինչու ժամանակին Մանուկյանը սկսեց իշխանության հետ երկխոսել:

Այս վերջին զուգահեռի առնչությամբ Ստ. Սաֆարյանն ասաց. «Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանի ընտրած քաղաքական կուրսի հիմքում շատ պրագմատիկ հաշվարկ է ընկած: 2008թ.-ից ի վեր անարդյունք պայքարից հետո նա գիտակցում է, որ հաջորդ ընտրություններում ինքը դժվար թե կարողանա վերստին դառնալ միացյալ ընդդիմության թեկնածու, որովհետեւ ընդդիմադիր հանրությունը հալածյալին պաշտպանում է, բայց պարտվողին չի սիրում ու երկրորդ շանս չի տալիս պարտվողին: Հետեւաբար, Տեր-Պետրոսյանին մնում էր միայն այս ճանապարհը: Իմ կարծիքով, նման պարզ իրավիճակի առջեւ ժամանակին կանգնեց Վազգեն Մանուկյանը: Եթե Տեր-Պետրոսյանը պետք է ընտրեր այդ ճանապարհը, ապա նա կարող էր շատ ավելի վաղ մյուս, ինչպես ինքն անվանեց՝ «երրորդ ուժերին» «բարի ճանապարհ» մաղթել, ինչը արեց 2011թ. ապրիլի 8-ին: Այդ դեպքում այսքան հիասթափություն չէր լինի ո՛չ ընդդիմության, ո՛չ հասարակության մեջ՝ քաղաքական մի շրջանում, երբ արաբական աշխարհի բազմաթիվ երկրներում ժողովուրդներն ազատագրվում են բռնապետությունից, իսկ Հայաստանում քաղաքական ուժի կողմից սոցիալական բունտը զսպելը քաղաքական ռեսուրսի կամ կապիտալի է վերածվել «ամենապատվաբեր, արժանապատիվ գործարքը» կնքելու գործում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել