Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Մայիս 06,2011 00:00

Նրան չեն սպասում՝ արժանանում են

\"\"

Դարեր շարունակ մարդկանց մտքերը պտտվել են կյանքի իմաստի, հավերժական գոյի լաբիրինթոսում իրենց իսկ առաքելության բացահայտման շուրջ: Առաջին հուշումը տվել են աստղերն ու երկինքը: Նրանց խորհուրդը մարդկանց ստիպել է հավատալ սեփական աստղի գոյությանը, նաեւ նրան, որ ոչինչ անհետ չի կորչում կյանքում, եւ որ կա մի հզոր ուժ ՝ անտեսանելի, բայց իրական:
Աստղագուշակ Էլյա Հովհաննիսյանը իր երկար տարիների փորձն  ամփոփել է յոթհատորյա գրքերում, որոնցից յուրաքանչյուրում խոսում է ճակատագրի գոյության մասին, որը բնորոշվում է աստղերի ու մոլորակների մոգական ազդեցությամբ: «Մարդկությունը հիմա գտնվում է մի ժամանակաշրջանում, ուր ծնվել են մեծ մասամբ այնպիսի մարդիկ, ովքեր ունեն անկայուն եւ վնասված գիտակցություն: Երկրագնդի վրա կա 144 հազար հոգի, ովքեր լույս են տարածում, անում այն, ինչ պետք է այդ անկայուն գիտակցությունները կայունացնելու համար»,- ասում է տիկինը, ավելացնելով, որ եթե մարդը ճանաչում է իրականությունը, իմանում է՝ ինչի համար է ապրում, ինչ ծրագրեր ունի, ուրեմն՝ կարող է երջանիկ լինել:
Հնում պայծառատեսներին ու գուշակներին հերետիկոսեր էին համարում, հասարակությունը մերժում էր նրանց, երբեմն վախենում, անվանում սատանաներ, նույնիսկ՝ այրում, բայց այժմ նրանց ավելի հանգիստ են վերաբերվում՝ ոմանք քմծիծաղով, իսկ ոմանք էլ՝ լրջորեն, անգամ՝ վստահությամբ:
Զարուհի Մալքչյանը երկար տարիներ զբաղվում է գուշակությամբ եւ հավատացած է, որ այս ուղին իրեն նախասահմանված է եղել. ինքն էլ այդպես պետք է օգնի մարդկանց. «Գալիս են ինձ մոտ թուղթ ու գրերի, ընտանեկան, ամուսնական անհաջողությունների հետ կապված հարցերով»: Գուշակը տեսիլքների ու խաղաթղթերի միջոցով տարբեր հարցերով իրեն դիմողներին լուծման ուղիներ է հուշում: Ասում է, որ երբեք թուղթ ու գիր չի անում, բայց կարողանում է բացել դրանք: «Ճակատագիրը միայն տիրոջ ձեռքում է, եւ մարդու ծնված օրից է ամեն ինչ որոշվում»,- նշում է տիկին Զարուհին:
«Փնտրի՛ր, ու կտրվի քեզ. չէ՞ որ Աստծո համար անհնարին ոչինչ չկա»: Եթե Աստված ստեղծել է աշխարհը, ուրեմն կարող է եւ կարգավորել: Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա տեր Թովմա Անդրեասյանը ճակատագրի հարցում կարեւորում է ընտրության հնարավորությունը, որը տրվել է մարդուն իր ծագման պահից, այլ բան է, թե ինչի կհանգեցնի այդ ընտրությունը: «Ամեն մարդ ծնվում է ազատ կամքով եւ ունի այս աշխարհում իր կյանքը կառուցելու ազատություն, ըստ այդմ, ինչպես ինքը շարժվի, այնպես էլ կստանա, կստեղծի իր ճակատագիրը: Եթե նա ունեցավ հավատ Աստծո հանդեպ եւ դիմեց նրան, բնականաբար՝ Աստված կկառուցի նրա ճակատագիրը: Դրա կողքին կան եւ այնպիսիները, որոնց ճակատագիրը ի ծնե որոշված է, բայց նրանք էլ ունեն կամքի ազատություն ու կարող են փոխել իրենց ճակատագիրը, եթե շատ ուզենան»,- ասում է քահանան եւ ավելացնում. «Հավատով, Աստծուն դիմելով պետք է տանես քո վիճակը: Վիճակդ կարող են շտկել միայն Աստված եւ քո գործերը: Համբերությունը միշտ էլ պտուղ է տալիս»:
ԵՊՀ հոգեբանության եւ փիլիսոփայության ֆակուլտետի դասախոս Արման Ղարագուլյանը գտնում է, որ մեր հասարակությունում, մեր մշակույթի համակարգում, մեր ունեցած ստերեոտիպերի համատեքստում ընդունված չէ ճակատագրից խոսել: «Հենց խոսում ենք ճակատագրի մասին, դառնում ենք ճակատագրապաշտ, Աստծուց, ինչ-որ բարձրագույն ուժերից կախված: Պարզ է, որ ինչ ես այսօր անում եմ, անհետ չի կորչում, այսպես, թե այնպես՝ մի օր հնձելու եմ այն, ինչ ցանել եմ: Ապագան, այնուամենայնիվ, մեզ ներկայանում է տարբերակների բազմազանությամբ: Այդ տարբերակներից մեկը ցանկացած պահի սովորաբար ունենում է մի քիչ ավելի առաջնայնություն, բայց սա ամենեւին էլ չի նշանակում, որ անհրաժեշտության, ցանկության, կամքի, աշխատասիրության, կամ հակառակը՝ ծուլության եւ անհետեւողականության արդյունքում ես չեմ կարող ընտրել մեկ այլ ապագա՝ ավելի դրական կամ ավելի բացասական»,- կարծում է փիլիսոփան:
Իր զրույցներից մեկում Վանգան ասել է. «Ի՞նչ կլիներ մարդուն, եթե նա իմանար ավելին, քան գիտի… Այդ դեպքում, թերեւս, չէր դիմանա ճակատագրին»:
Տեսակետները տարբեր են, քանզի մարդկային կյանքը նման է ծովում լողացող նավի, այսպես, թե այնպես՝ ջրի հոսանքը մարդուն ինչ-որ տեղ կտանի, բայց խիզախները կարող են դառնալ իրենց կյանքի նավապետերը: Եվ, ինչպես ասում է Բրայանը, ճակատագիրը պատահականություն չէ, այլ՝ պարտավորություն, նրան չեն սպասում, այլ արժանանում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել