Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արարատը» մամուլի խոսնակ ունի

Մայիս 06,2011 00:00

\"\"Հայկական ԶԼՄ-ները օրերս «հաճելի անակնկալ» ստացան. Արկադի Անդրեասյանի եւ մեր գործընկեր, «Totalfootball.am»- ի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանի միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո խիստ «սեղմ ժամկետում» ֆուտբոլային հանրությանը հայտնի դարձավ, որ «Արարատը» մամուլի քարտուղար ունի: Ու ոչ միայն ունի, այլեւ՝ ուներ, միայն թե, այդ մասին հենց լրագրողները նեղություն չէին կրել՝ տեղեկանալու:
Մայիսի 3-ին նախկին հեռուստամեկնաբան Արա Հակոբյանը «Արարատին» մոտ կանգնած լրագրող Ալեքսանդր Գրիգորյանի էլեկտրոնային փոստից «Անմեղության կանխավարկած կամ ֆուտբոլ՝ առանց ընդդիմության» վերտառությամբ հոդված-մամուլի հաղորդագրություն էր ուղարկել ԶԼՄ-ներին: Հաղորդագրությունում, որ իր տեսակով ու բովանդակությամբ ավելի շատ հոդված կամ էլ դատախազի ճառ էր հիշեցնում, Հակոբյանը ներկայացել էր որպես «Արարատ» ՖԱ-ի մամուլի քարտուղար ու նկատել, որ ինքն ամենեւին էլ անորսալի ու աներեւույթ չէ, ավելին՝ գոյություն ունի իրեն նշանակման հրաման, որն արձակվել է չարաբաստիկ «Արարատ»-«Փյունիկ» հաղորդման նախօրեին: Իհարկե, այդ թեմային Հակոբյանը չէր անդրադառնա, եթե տեղի չունենար հայտնի միջադեպն ու ֆոտոլրագրողի գործողությունների մեջ օրինազանցության տարրեր չփնտրվեին: Նորանշանակ մամուլի խոսնակը նկատել էր, որ «իրավական տեսանկյունից Առուշանյանը պետք է պաշտոնական գրությամբ դիմեր «Արարատ» ակումբի մամուլի քարտուղարություն՝ համապատասխան հավատարմագիր ստանալուց եւ ժուռնալիստին տարբերակող «բեյջը» կախելուց հետո միայն վերահաստատելով իր գործողությունների թույլատրելիությունը, ինչը չի կատարվել՝ այդ պաշտոնի աթոռը իբր թե թափուր լինելու պատճառաբանությամբ»: Հետաքրքիր է, իսկ մյուս լրագրողները, ովքեր լուսաբանում էին վերոնշյալ հանդիպումը ու նաեւ ներկա են գտնվել հետխաղյա մամուլի ասուլիսին, արդյո՞ք ունեին համապատասխան հավատարմագիրը: Վստահորեն կարող ենք պնդել՝ ոչ: Ավելին, ե՞րբ պիտի դիմեին ու ստանային, եթե «Արարատը» միայն նախօրեին էր կողմնորոշվել մամուլի քարտուղարի հարցում ու նույնիսկ բարի չէր գտնվել այդ մասին տեղեկացնելու մամուլին: Ինչ վերաբերում է բուն հավատարմագրմանը, ընդունված պրակտիկայի համաձայն՝ ակումբներն իրենք են նախաձեռնում այդ գործընթացը: Ցավոք, Հայաստանում մինչ օրս ոչ միջազգային խաղերի համար միայն երեք ակումբ է լրագրողներին համապատասխան «բեյջերով» ապահովել եւ դրանց թվում «Արարատը» չի եղել: Ու, էլի ցավոք, «բեյջերի» կիրառման անհրաժեշտությունը չի նկատվել: Բարեբախտաբար թե դժբախտաբար, հայկական ֆուտբոլային լրագրողների «ընտանիքը» բավական փոքր է, ու բոլորն էլ միմյանց ճանաչում են:
Մամուլի խոսնակի նման հայտարարությունից հետո տեղին կլիներ, որ «Արարատ» ՖԱ-ի մամուլի քարտուղարության կողմից «չհավատարմագրված» լրագրողները բոյկոտեին «Արարատի» խաղերի լուսաբանումը՝ իրենց հանդեպ ոչ կոմպետենտ ու… մասնագիտական գործունեությամբ զբաղվելու ընթացքում կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող վերաբերմունքի համար:
Ի դեպ, նորահայտ մամուլի խոսնակը իր հաղորդագրություն-ճառում կասկածի տակ է դրել նաեւ տեղի ունեցած միջադեպի իսկությունը՝ նշելով, թե «Ինչ մնում է մեկ բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելուն, հակված ենք ենթադրելու, որ երիտասարդ ֆոտոլրագրողը ունի բարձր հովանավորների «տանիք», հենց որոնք էլ սադրել են այս որոշակիորեն անօրինական աժիոտաժը՝ առայժմ յուրայինների մեջ մենակ մնացած մեկ անձի դեմ»: Ըստ Հակոբյանի՝ «մեր ֆուտբոլային աշխարհի թիվ 1 ընդդիմադիրը Արկադի Անդրեասյանն է», «իշխանամետ» ԶԼՄ-ներն էլ սեւ PR-ով են զբաղված» ու «լրագրողական համերաշխ հնազանդության նման շքահանդեսը ուժեղի մոտ «աչոկներ հավաքելու» ծառայամիտ ինքնագործունեության տպավորություն է ստեղծում»: Ավելին, հիշելով Սահմանադրության 21-րդ հոդվածը, Հակոբյանը նկատել է, որ անմեղության կանխավարկածի խախտում է տեղի ունեցել. իրականում ոչ ոք չի տեսել այսքան քննարկվող միջադեպը ու տեղյակ չէ՝ արդյոք այն եղե՞լ է, թե՝ ոչ:
Հիշեցնենք, սակայն, որ անմեղության կանխավարկածին անմնացորդ նվիրված «Արարատը» 2008-ի նոյեմբերին ինքն էր հեշտությամբ մեղադրում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ այն օրերի «Արարատի» գլխավոր մենեջեր Վարուժան Սիմոնովին ծեծի ենթարկելու համար:
Այս միջադեպը, սակայն, այլ է: Անգամ Արա Հակոբյանն է իր նամակում նշում, որ 19- ամյա ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանը ոչ ճիշտ ժամին է հայտնվել եւ ոչ ճիշտ տեղում՝ փորձելով կատարել իր մասնագիտական պարտականությունները: Հետաքրքիր է, իսկ ո՞րն էր ճիշտ ժամն ու տեղը, եթե ոչ ֆուտբոլային հանդիպման անցկացման ժամն ու վայրը:
Բաց հարցերը շատ ավելի են, քան կարելի է պատկերացնել: Ամեն հաջորդ հարցազրույց ու «պարզաբանում» նոր հարցեր է առաջացնում: Մեզ մնում է միայն զինվել համբերությամբ ու սպասել: Իսկ մինչ այդ, ուղղակի նկատենք. ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը, անխոս, հայկական ֆուտբոլի լեգենդ է՝ ճիշտ այնպես, ինչպես «Արարատ» ակումբը: Ու յուրաքանչյուր ոք, ով փոքր-ինչ մտահոգված է մեր ֆուտբոլի ապագայով, չէր ցանկանա, որ նրա անցյալի լեգենդը պատվեր անցանկալի գույներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել