Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ակադեմիայի իրական դեմքը

Մայիս 06,2011 00:00

Իսկ ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնն  այլ կարծիքի է

Փետրվարի 27-ին բաց նամակով դիմել էի ՀՀ նախագահին, խնդրելով աջակցել ինձ՝ հստակություն մտցնելու սայիադնովագիտության մեջ այսօրվա իրավիճակի, այդ բնագավառում իմ մոտեցումների, ինչպես նաեւ գիտական, իրավասու հաստատությունների՝ պահպանողական, գիտության շահերից չբխող վերաբերմունքի վերաբերյալ: Ներկայացրել էի իմ 40 տարիների գործունեության արդյունքում հրապարակած չորս ծավալուն մենագրությունները. այդ գրքերում ես հստակություն եմ մտցրել Սայիադ-Նովայի կյանքի ու գործունեության հետ կապված վիճելի ու չբացահայտված բազմաթիվ հարցադրումների շուրջ: Նշել էի, որ բանաստեղծի գրական անունը եղել է ոչ թե «Սայեաթ-Նօվայ» կամ «Սայաթ-Նովա», այլ՝ «Սայիադ-Նովա»: Նամակի մեջ ներկայացրել էի նաեւ, որ, ըստ տարբեր ուսումնասիրողների ու սայիադնովագետների ենթադրության, իբր Սայիադ-Նովան ծնվել է «1711, 1712, 1713, 1714, 1717, 1718, 1720, 1722, 1724 կամ 1726 թվականին», որ իբր վրաց արքունիքից Սայիադ-Նովան հեռացվել է «1758, 1759, 1760, 1761, 1762, 1763, 1764, 1765, 1766, 1770 կամ 1772 թվականին», որ իբր Սայիադ-Նովան մահացել է «1795, 1796, 1798, 1800 կամ 1801 թվականին»: Նամակում գրել էի նաեւ, որ, ըստ Սայիադ-Նովայի հաղորդած ծածկագրությունների, ինքը ծնվել է 1707 թվականի մայիսի 14-ին, եւ իմ գրքերում դա փաստել 140 անգամ, այնուհետեւ, որ նրա ճակատագրական յար Աննան եղել է ոչ թե վրաց Թեյմուրազ թագավորի դուստրը, այլ նույն թագավորի երկրորդ կինը՝ 1746-ին թագուհի դարձած Աննան, Աննա Խանումը, որ Սայիադ-Նովան ոչ թե նահատակվել է 1795-ին, այլ մահացել է բնական մահով՝ 1802-ին: Ներկայացրել էի, որ Սայիադ-Նովայի ծննդյան 300-ամյակը լրացել է 2007 թվականի մայիսի 14-ին, իսկ 2012-ին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով պետք է նշվի Սայիադ-Նովայի ծննդյան հոբելյանական տարին, ապա պետք է նշվի ոչ թե 300-ամյակը, այլ նրա ծննդյան /2012-1707/ 305, մահվան /2012-1802/ 210 եւ սայիադնովագիտության /2012-1852/- 160 ամյակները:
Նախագահին հղած նամակս ուղարկվել էր ԿԳ նախարարություն, այնտեղից էլ վերահասցեագրվել ԳԱԱ-ին, ապա՝ ԳԱԱ արվեստի եւ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտների համապատասխան բաժիններին, որտեղից էլ ստացվել էին համապատասխան գրություններ:
 Արվեստի ինստիտուտի տնօրեն Ա. Աղասյանը ակադեմիկոս Վ. Բարխուդարյանին պատասխանել էր. «Քաղաքացի Ա. Ասլանյանը չունի երաժշտական կրթություն ու, հետեւաբար, չի կարող լրջորեն զբաղվել Սայաթ-Նովայի ստեղծագործական ժառանգության՝ երաժշտագիտական հետաքրքրություն ներկայացնող խնդիրներով»: Այնուհետեւ Ա. Աղասյանը ակադեմիկոս Բարխուդարյանին է ուղարկել նաեւ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, ԵՊԿ-ի պրոֆեսոր Մհեր Նավոյանի կարծիքը, որտեղ ասված է. «Նկատի ունենալով պարոն Ասլանյանի նամակում տեղ գտած գանգատները, սխալ չմեկնաբանվելու զգուշավորությամբ՝ թույլ տվեք նամակագրին բացատրել իմ կողմից նշած կրթական ցեզի անհրաժեշտությունը: Մեր բաժինը կոչված է ուսումնասիրելու հայ ժողովրդական, նաեւ ժողովրդապրոֆեսիոնալ արվեստի հիմնահարցերը՝ հատկապես երաժշտության տեսանկյունից»:
Ինչ վերաբերում է գրականության ինստիտուտին, Վ. Բարխուդարյանին՝ հայ հին գրականության բաժնի վարիչ Վ. Դեւրիկյանի ստորագրությամբ ուղարկված նամակում էլ ասվում էր. «Գիտության մեջ որեւէ տեսակետ հրահանգով չէ, որ ընդունվում եւ տեղ է գտնում ակադեմիական հրատարակություններում: Անհրաժեշտ է նշել, որ Սայաթ-Նովայի թե՛ ծննդյան եւ թե՛ մահվան, ինչպես նաեւ գերեզմանի գտնվելու տեղի վերաբերյալ մի քանի վարկածներ կան, սակայն ընդհանրացած տեսակետն այն է, որ նա ծնվել է 1712 թ., որի համար էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով 2012 թ. խորհրդանշական ձեւով պետք է նշվի բանաստեղծի ծննդյան 300-ամյակը: Բանասիրական ինչ-ինչ վիճելի եւ հիմնավորման կարոտ փաստերի պատճառով, եթե մենք 2012 թ. չտոնենք Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը, միեւնույն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այն կատարվելու է, որին Հայաստանի փոխարեն արդեն կմասնակցեն միայն Վրաստանն ու Ադրբեջանը»:
Նշեմ, որ «Սայիադ-Նովա» գիրքս հրատարակության է երաշխավորել ԵՊՀ գրականության պատմության ամբիոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել