Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էրդողանի վրա հարձակում է իրականացվել

Մայիս 06,2011 00:00

\"\"Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 4-ին զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ավտոշարասյան վրա: Այդ մասին, «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, լրագրողներին ասել է ինքը՝ Էրդողանը, տեղեկացնելով նաեւ, որ կրակոցներից սպանվել է իր պահպանությունն իրականացնող ստորաբաժանման մի ոստիկան, եւս մեկը վիրավորվել է:
Թուրքական NTV հեռուստաընկերությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններից ստացած տվյալները, հաղորդել է, որ հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ սեւծովյան Քասթամոնու շրջանում, ուր Էրդողանը այցելել էր հունիսի 12-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի շրջանակներում: Ավտոշարասյան ուղղությամբ նռնակներ են նետվել եւ ավտոմատ հրազենից կրակ է բացվել: Նռնակի պայթյունի հետեւանքով այրվել է ոստիկանական մեքենան: Թիկնազորը փոխհրաձգության մեջ է մտել հարձակվողների հետ, որոնց, այդուհանդերձ, հաջողվել է թաքնվել անտառում:
NTV-ի տվյալներով, միջադեպի պահին վարչապետը արդեն ուղղաթիռով լքել էր տվյալ շրջանը, եւ հարձակման թիրախ են դարձել կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ավտոբուսը ուղեկցող ոստիկանները:
Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Էրդողանը հարձակումը կատարողներին անվանել է ահաբեկիչներ եւ հավելել. «Նրանք, ովքեր չեն կարողանում լուծել իրենց խնդիրները ընտրություններում, մտածում են, թե խնդիրները կարող են լուծել այդ եղանակով»: Թուրքիայում գործող արմատական կազմակերպություններից որեւէ մեկն առայժմ չի ստանձնել հարձակման համար պատասխանատվությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել