Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԻԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆՆԵՐԸ»

Մայիս 06,2011 00:00

\"\"Բրիտանական արտգործնախարարության ղեկավար Ուիլյամ Հեյգը միջազգային հանրությանը կոչ է արել ավելացնել Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նա է որակել, «ժողովրդավարության հրաբխային պայթյուն» առաջացրած շարժմանը ցուցաբերվող ֆինանսական օգնությունը: BBC-ի մատուցմամբ, հանդես գալով Լոնդոնում, բրիտանացի նախարարը հայտարարել է, թե Ուսամա բեն Լադենի մահն ու «արաբական գարունը» կարող են մեծ խթան հաղորդել մարդու իրավունքների ու ազատությունների գործին, եթե ստանան միջազգային հանրության աջակցությունը, ինչպես դա եղավ նախկին կոմունիստական երկրների դեպքում՝ սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո:
Հեյգը նաեւ հայտարարել է, որ եթե այդպիսի օգնություն չցուցաբերվի, ապա ավտորիտարիզմը կարող է կրկին վերադառնալ Եվրոպայի սահմաններին մոտ:
Արտգործնախարարը նկատել է, որ նոր ծնվող ժողովրդավարություններին ֆինանսական օգնություն չտրամադրելը հղի է բռնապետական ռեժիմների վերադարձով: Նա նաեւ զգուշացրել է Լիբիայի իշխանություններին, թե՝ փոփոխություններին դիմադրելը «դատապարտված է անհաջողության»:
Բրիտանացի նախարարի ելույթից հետո հանդես է եկել նրա ամերիկացի գործընկերը՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու հաղորդել, որ Լիբիայի հարցով միջազգային շփման խումբը, որում ներգրավված են ՆԱՏՕ-ի անդամ, նաեւ արաբական երկրներն ու մի շարք միջազգային կազմակերպություններ, քննարկելու է լիբիական ընդդիմությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հնարավոր ուղիների հարցը: Քլինթոնը նաեւ հայտարարել է, թե այդ գործողությունների նպատակը Լիբիայում բռնությունները կասեցնելն է եւ երկրի անցումը զարգացման ժողովրդավարական ուղի:
BBC-ի փոխանցմամբ, Հեյգի ճառի հիմնական միտքն այն է եղել, որ առաջիկա տարիներին արաբական երկրներում բաց եւ ժողովրդավարական հասարակություններ ստեղծելու հաջողությունը կարող է դառնալ սառը պատերազմի ավարտից ի վեր դեպի ազատություն կատարված ամենամեծ քայլը:
Նախարարը մտադիր է այս ամիս Ֆրանսիայում կայանալիք Մեծ ութնյակի հանդիպման ժամանակ կոչ անել մյուս խոշոր արդյունաբերական տերություններին՝ համաձայնեցնել փոփոխությունների ժամանակաշրջան ապրող Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներին հավելյալ ֆինանսական օգնություն հատկացնելու ծրագիրը:
Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարին ու բեն Լադենի սպանությանը, Հեյգն ասել է, թե պետք է կրկնապատիկ ջանքերով պայքարել ահաբեկչության դեմ, որտեղ էլ որ նա «գլուխ բարձրացնի» ու հավելել է. «Արժեր, որ «Թալիբանը» հիմա խզեր իր կապերն «Ալ-Քաիդայի» հետ եւ Աֆղանստանում քաղաքական երկխոսություն սկսեր: Վերջին հաշվով, մահմեդական ծայրահեղականության գաղափարախոսությանն ամենաջախջախիչ պարտության մատնելու են հենց իրենք՝ աշխարհի մահմեդականները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել