Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նախ մեր ներսի խնդիրները լուծենք»

Մայիս 06,2011 00:00

\"\"Ըստ հայագետ եւ պատմաբան Արգամ Այվազյանի, ոչ միայն հայերենի սահմանները պիտի պաշտպանվեն, այլեւ ստրատեգիական նշանակության գիտական
աշխատանքները պետական մակարդակով տարածվեն:

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ եւ ՊՆ աջակցությամբ մեկնարկել է «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» հանրապետական եռօրյա գիտաժողովը: Վերջինիս աշխատանքները շարունակվեցին ԳԱԱ-ում: Մասնակցում են ՀՀ ԳԱԱ պատմության, արեւելագիտության, հնագիտության եւ ազգագրության, արվեստի, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտները, Երեւանի պետական համալսարանը, ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայությունը եւ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը եւ այլք:
Հայ գիտնականները մտահոգված են ադրբեջանական եւ թուրքական քարոզչամեքենայի ահռելի արագությամբ «աշխատանքով»:
Այս օրերին թեմայի վերաբերյալ ծավալուն զեկույցներ եղան՝ թուրք-ադրբեջանական պատմագրության կեղծարարություն, թուրքական հանրագիտարանային գրականության մեջ՝ հայագիտական թեմաների արծարծման, համացանցում հայագիտության արդի մարտահրավերների եւ այլնի մասին:
Պատմական գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը գիտաժողովի երկրորդ օրը խոսեց Արեւելյան Անդրկովկասի բնիկ ժողովուրդների դեմ ուղղված Ադրբեջանի ուծացման քաղաքականության մասին: Նա մասնավորապես անդրադարձավ Ադրբեջանում բնակվող թալիշների հանդեպ ադրբեջանական կառավարության ճնշումներին:
Եթե գիտաժողովի մյուս մասնակիցներն իրենց զեկույցներում միայն քննադատում էին թուրքական, ադրբեջանական քարոզչամեքենան, ապա ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտական գծով փոխտնօրեն Արգամ Այվազյանն իր զեկույցում մի շարք մեղադրանքներ եւ քննադատություններ հնչեցրեց հայկական կողմի հասցեին. «Նախ պետք է մե՛նք մեր տեղը ճիշտ գտնենք, հետո ուրիշների արածների մասին խոսենք: Գիտաժողովի թեման մտահոգության առարկա է եղել ե՛ւ խորհրդային տարիներին, ե՛ւ արցախյան շարժման սկզբում: Սակայն մինչ օրս միայն խոսում ենք ու խոսում, ու ոչինչ չի փոխվում: Պատճառը պետական մոտեցման բացակայությունն էր: Չէի ուզենա, որ սա էլ այսպես անցներ ու գնար: Չնայած մի փոքր հույս ունեմ, քանի որ պաշտպանության նախարարության միջոցով է արվում: Ըստ իս, այս խնդիրները պետք է լուծվեն միայն ՀՀ նախագահի ուղղակի ցուցմունքներով: ՀՀ նախագահն իր ելույթներով այդպիսի ցուցումներ տվել է, սակայն կառավարական մարմինները, գերատեսչությունները տեղից չեն շարժվել: Սա պետք է լինի մեր արտաքին քաղաքականության հիմքերից մեկը: Օրինակ, միջոցներ են տրամադրվում զինված ուժերին՝ սահմանները պաշտպանելու համար, թող այդպես էլ պետական բյուջեի պահուստային ֆոնդերից միջոցներ հատկացնեն գիտնականներին, ակադեմիաներին՝ կոնկրետ խնդիրների վրա աշխատելու համար: Գիտնականն այդքան միջոց չունի, չի կարող իր գրածները հրատարակել եւ տարածել տարբեր լեզուներով: Այստեղ պետական մոտեցում է պետք: Ոչ մի գործարար իր արտադրած թեկուզ մեկ ձուն անվարձահատույց չի նվիրում որեւէ մեկին, սակայն գիտնականներն իրենց մտքի արտադրանքը տպագրում են թերթերում, եւ դրա դիմաց հաճախ հոնորար էլ չեն ստանում: Այսպիսի վիճակում գիտնական պահել չի կարելի: Ադրբեջանը հեղեղի նման է իր քարոզչությունն իրականացնում, բայց նախքան ադրբեջանական քարոզչամեքենան քննադատելը, նախ մեր ներսի խնդիրները պետք է լուծենք: Այն, ինչ այսօր տպագրում են մեր հրատարակչությունները, լրատվամիջոցները, հիմնականում անմակարդակ, հակահայկական, հակապետական բաներ են, այդկերպ ձայնակցում ենք մեր թշնամուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել