Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՐԿԱՅԻ ԱՆՈՒՆԸ ՓՈԽՎԵՑ, ՈՐԱԿԸ՝ ՈՉ

Մայիս 06,2011 00:00

Երաժշտություն առարկան վտանգված է

\"\"
Ըստ Տ. Հեքեքյանի՝ դպրոցներում սիրո պակաս է զգացվում:

Այսօր Հայաստանում շատ քիչ դպրոցներ կան, որտեղ երաժշտություն առարկան դասավանդվում է պատշաճ մակարդակով: Եվ միայն Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում է, որ  հանրակրթական դպրոցի համար նախատեսված ծրագրին զուգընթաց՝ ստանում են նաեւ պարտադիր երաժշտական մասնագիտական կրթություն: Դպրոցի հանրակրթական մասի փոխտնօրեն Մարինե Մատինյանի խոսքերով՝ իրենց դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են դպրոցական ծրագով նախատեսված բոլոր առարկաները եւ դրան զուգահեռ՝ ստանում են նաեւ մասնագիտական երաժշտական կրթություն: Դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը նշում է. «Կարծում եմ, որ երաժշտությունը երեխաների մեջ գեղագիտական ճաշակ է ձեւավորում: Աշակերտը չափահաս տարիքում շատ ավելին է հասկանում արվեստից, եւ հանրակրթական դպրոցներում երաժշտություն առարկայի դասավանդումը պիտի շարունակել ավելի բարձր դասարաններում»: Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանի կարծիքով էլ՝ երաժշտությունը համակարգող արվեստ է: Նա հավելում է. «Լավ է գոնե երգ առարկան հանրակրթական դպրոցում վերանվանվեց երաժշտություն: Այս ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. դեռեւս այսօր, մեծամասամբ, առարկան դասավանդում են ոչ համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներ: Իսկ ուսուցիչները, առհասարակ, պետք է սիրով ուսուցանեն իրենց առարկան: Եթե աշակերտը սիրեց ուսուցչին, կսիրի նաեւ առարկան, հետեւաբար՝ լավ կսովորի: Իմ խորին համոզմամբ՝ մեր դպրոցներում այսօր սիրո մեծ պակաս է զգացվում»:
Ինչպես մաեստրոյի, այնպես էլ ԿԳՆ Կրթության ազգային իստիտուտի (ԿԱԻ) հայագիտության եւ սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Գայանե Թադեւոսյանի տվյալներով, 2007 թ.-ից գործածության մեջ են առարկայի չափորոշիչը եւ ծրագիրը, որի հիման վրա ստեղծվել են տարրական դպրոցի դասագրքերը, մեթոդական ձեռնարկը եւ ծրագրային նյութերի ձայնագրությունները (հեղինակ՝ Յ. Յուզբաշյան): Սակայն մի շարք դպրոցներում չկան մասնագետ-ուսուցիչներ, այդ պատճառով աշակերտները չեն ստանում համապատասխան գիտելիքներ: Մասնագետների համոզմամբ, չի իրականացվում առարկայի հիմնական նպատակը՝ դաստիարակել հոգեւոր, բարոյական, գեղագիտական արժեքներով օժտված մարդ, երաժշտության ակտիվ ունկնդիր, ով կարող է արժեւորել իր ազգային եւ համամարդկային երաժշտական մշակույթը: Անցյալ տարվանից երաժշտություն առարկան դասավանդվում է նաեւ միջին դպրոցի 5-րդ դասարանում, 2012-2013-ին դասավանդվելու է համապատասխանաբար 6-րդ եւ 7-րդ դասարաններում:
Գ. Թադեւոսյանը նշում է. «Նախորդ տարվա ընթացքում անցկացրած մեր սոցիոլոգիական հարցումները (միայն Երեւան քաղաքում) ցույց են տվել, որ քաղաքի դպրոցների 50%-ում դասավանդում են ոչ մասնագետ-ուսուցիչներ, հիմնականում՝ դասվարներ: Այս կերպ տնօրենները լրացնում են դասվարի դրույքաչափը: Ստացվում է, որ երաժշտական դաստիարակության համար ստեղծված է ուսումնամեթոդական համալիր՝ չափորոշիչ, ծրագիր, դասագրքեր, բայց առարկան չի ծառայում իր նպատակին: Դպրոցներում չկան անգամ առարկայի դասավանդման համար տարրական պայմաններ՝ համապատասխան դասասենյակ՝ դաշնամուրով, հագեցված տեխնիկական այլ միջոցներով: Ամեն տարի Երեւանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության բաժինը ավարտում է շուրջ 30-40 շրջանավարտ, բայց, չգիտես ինչու, առարկան շարունակում են դասավանդել ոչ մասնագետ-ուսուցիչները. այս ոլորտում սա բավականին լուրջ խնդիր է»:
Ե՛վ մաեստրո Հեքեքյանի, ե՛ւ տիկին Թադեւոսյանի համոզմամբ, երաժշտական կրթության մեջ լուրջ դեր են կատարում երգչախմբերը: ԿԱԻ-ի մասնագետը նշում է. «Ներկայումս ԿԳ նախարարությունում քննարկվում է հանրակրթական դպրոցներում երգչախմբի ղեկավարի հաստիք ստեղծելու հարցը: Մինչ հարցի օրինական լուծում ստանալը՝ տնօրեններին առաջարկվում է արտադասարանական խմբակներին տրամադրվող ժամաքանակից երգչախմբին հատկացնել որոշակի ժամեր, քանի որ հենց երգչախմբի պարապմունքի ընթացքում են զարգանում երեխայի երաժշտական ընդունակությունները, գեղագիտական ճաշակը, անսամբլի զգացողությունը եւ այլն»: Հանրակրթական դպրոցներում երգչախմբային արվեստը խթանելու նպատակով ամեն տարի Երեւանի պետական մանկավարժական համալսարանը եւ ԿԱԻ-ն կազմակերպում են հանրապետական փառատոներ: Այս տարի՝ մայիսի 13-ին, Երեւանի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա երգի տոն, որին կմասնակցեն Երեւանի եւ հանրապետության մարզերի հանրակրթական դպրոցների երգչախմբերը: Հուսանք, որ համապատասխան մարմինները ընթացք կտան առարկայի դասավանդման առաջ ծառացած խնդիրներին, դրանով իսկ լուծելով մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության հարցերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել