Ազգային օպերային թատրոնի հարեւանությամբ գտնվող մետաղյա պարիսպները մինչեւ երեկ իրենց վրա էին կրում մայրաքաղաքի մշակութային միջոցառումների հայտագրերը: Երեկ «Առավոտը» ականատես եղավ, թե ինչպես են դրանք հանվում: Պարզվեց, որ Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշում կա, որի հիմքում էլ քաղաքի արտաքին տեսքի պահպանման հիմնախնդիրներն են:
Իմանալու համար, թե ինչ այլընտրանք է առաջարկելու Երեւանի քաղաքապետը, կապվեցինք քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ: Նա տեղեկացրեց, որ մինչեւ ընթացիկ ամսվա վերջ Օպերային թատրոնի ծառայողական մուտքի ձախ հատվածում կտեղադրվի 4 եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի դիմաց՝ Սայաթ-Նովայի փողոցի հատվածում՝ 3 լայնաֆորմատ վահանակ: