Կարդացի «նախկին նոտար» Բենիամին Մարտիրոսյանի նամակը «Առավոտ» թերթում
եւ չէի կարող չարձագանքել:
Անձամբ մի քանի անգամ գործ եմ ու եցել նոտարական գրասենյակների հետ: Խայտառակ վիճակ է, խանական կարգեր են: Նոտարը բազմաթիվ մատանիներով զարդարված բազմած է իր սենյակում, քարտուղարուհիները մուննաթով 1000 -2000 դրամով տպում են նոտարվելիք թուղթը (չես կարող որեւէ ձեւով իրենց ձեռնտու տեքստը վերցնես ու արդեն տպված թղթով գաս՝ անհնար է):
Հերթի ես սպասում: Անպայման հայտնվում են այլոց վրա թքած ունեցող տպեր, որոնք հենց քարտուղարուհիների միջոցով անհերթ մտնում են ներս եւ դա կարող է ժամեր տեւել: Վերջապես մտնում ես նոտարի մոտ, մի երկու հարցից հետո նոտարը կնքում է թուղթը եւ պարտավոր ես մուծել իր պահանջած անհեթեթ գումարները, որոնք 3-5 անգամ գերազանցում են նախամուտքի պատին փակցված սակագները:
Մի անգամ, երբ ես բողոքեցի գումարի վերաբերյալ, նոտարը խիստ զայրացավ եւ ասաց, որ ես սխալ եմ կարդացել, դրանք ոչ թե վճարի արժեքն են, այլ իր մուծելիք պետական հարկերի չափը (այն 19000 էր): Ուզում էի պարզաբանել, բայց նոտարի մինչ այդ բարեհամբույր դեմքը խիստ վտանգավոր դարձավ, եւ անիմաստ էր վիճաբանելը:
Միգուցե Բենիամին Մարտիրոսյանը այլեւս նոտար չէ, բայց սույն նամակը հաստատ կոնկրետ նպատակ է հետապնդում եւ շինծու է: Միգուցե ինքն այլեւս նոտար չէ, բայց իր կինը, աղջիկը կամ մի այլ բարեկամ է նոտար: Չի կարելի բացահայտ զզվելի այս վիճակը նման ձեւերով (իսկ փաստորեն՝ շանտաժներով) երկարաձգել՝ այլեւս անհնար է:
Նոտարական վավերացումներն ամբողջ աշխարհում ձրի են կատարվում, տվյալ մարդու աշխատավայրում կամ բանկում: Արեւմուտքում նոտարական աշխատանքը հիմնականում այդ մարդու հիմնական աշխատանքը չէ, այլ լրացուցիչ պարտականություն է, որը կապակցված է իր հիմնական աշխատանքի հետ: Միայն շատ բարդ ֆինանսական եւ նյութական հարցերի հետ կապված դեպքերում է, որ գործը արվում է պրոֆեսիոնալների կողմից, որոնք հենց նոտարական աշխատանքի հաշվին են վարձատրվում:
Հայաստանում է, որ կնիք խփելու այդ մեկ րոպեանոց արհեստը կեղտոտ բիզնեսի է վերածված:
Ճիշտ է վարվում վարչապետը, որ փոփոխություններ է առաջարկում: