Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Մայիս 06,2011 00:00

Թեստային համակարգը եւ մեր մտավոր  պոտենցիալի ապագան

\"\"

Անհատների կամ հասարակական շերտերի հարաբերության հիմքում արժեքների համակարգն է: Հետեւաբար, ինչպիսի արժեքների համակարգ դաստիարակվի սերնդի մեջ, այնպիսին էլ կլինի հասարակությունը: Որպես օրինակ վերլուծենք քննություն հասկացությունը՝ ընդհանրապես եւ ընդունելության քննությունը՝ մասնավորապես: Նախ, ի սկզբանե հստակեցնենք, թե ի՞նչ ենք հասկանում մենք քննություն ասելով: Քննությունը մի գործընթաց է, որի ընթացքում քննողը պարզում է մատուցված նյութի յուրացման աստիճանը աշակերտի, դիմորդի կամ ուսանողի կողմից, քննվողն իր համար բացահայտում է այն բոլոր նրբությունները, որոնք բաց են մնացել իր համար առարկայի ուսումնասիրման ընթացքում: Այս երկկողմանի գործընթացի արդյունքը վերջում ստուգողի կամ հանձնաժողովի կողմից նշանակվող գնահատականն է: Եվ հենց այստեղ է, որ առաջանում են բոլոր հնարավոր աղավաղումները՝ կախված այն հանգամանքից, թե ինչպիսի՞ն է տվյալ հասարակության արժեքների համակարգը:
Հասարակարգում, որտեղ արժեւորվում է գիտելիքը, ստուգվողն ինքն է շահագրգռված բացահայտելու նյութի յուրացման աստիճանը, այնքանով, որքանով նա համոզված է՝ ձեռք բերած գիտելիքները եւ հմտությունները ի զորու են կանխորոշելու իր ողջ աշխատանքային կարիերան եւ ապահովելու իր ու իր մերձավորների հետագա բարեկեցիկ կյանքը:
Այս պարագայում ամեն ինչ հավասարակշռված է, եւ քննական ընթացակարգը կրթական համակարգի նկատմամբ երկրորդական օղակ է: Հետեւաբար, այդ գործընթացի կազմակերպումը չի պահանջում անխտիր ամբողջ հասարակության ներգրավում:
Իսկ եթե արժեւորվում է գնահատականը, նման հասարակարգում կարեւորվում է հանրագումարային ատեստատ կամ դիպլոմ կոչված հավաստագիրը: Նման իրավիճակում ցանկացած մակարդակի քննություն՝ ավարտական, ընդունելության կամ կիսամյակային, ցանկացած սովորողի եւ, որ վատթարագույնն է, նրանց ծնողների համար վեր է ածվում «Ավարայրի ճակատամարտի»: Որպես հետեւանք, ցանկացած քննություն դադարում է կատարել իր հիմնական՝ առարկայի յուրացման աստիճանը բացահայտելու ֆունկցիան եւ վեր է ածվում զավեշտի: Օրինակներ՝ որքան ուզեք. արտասահմանում հրատարակված, զրահապատ մեքենաներով տեղափոխվող ու բանկային չհրկիզվող պահարաններում պահվող տոմսեր՝ մի կողմից, եւ քննության նախօրեին բացահայտված տոմսերի մասին համառորեն պտտվող խոսակցությունները՝ մյուս: Զարտուղի ճանապարհների, դասախոսների կաշառվածության եւ բազմաթիվ նմանատիպ հարցերի վերաբերյալ խոսակցությունները ոչ թե վերանում են համակարգչային ստուգմանն անցնելիս, այլ ավելի սրվում՝ քննությունների միակենտրոն կազմակերպման ֆոնի վրա: Դեռ ավելին: Այս ամենին ավելանում է նաեւ քննասենյակում մի քանի հարյուր դիմորդների միաժամանակյա առկայությամբ պայմանավորված ժխորը, մեկը մյուսին հուշելու գործընթացի անկառավարելի լինելը: Երեւույթներ, որոնք էապես խանգարում են մտածող դիմորդի աշխատանքային պրոցեսին եւ աղավաղում գնահատման իրական պատկերը: Ասվածը հիմնավորելը դժվար չէ՝ կառուցելով ստացված գնահատականների բաշխումն ըստ դիմորդների թվի: Եզրակացությունը բավականաչափ տխուր է. դատարկ են բոլոր այն խոսակցությունները, որոնք վերաբերում են քննությունների գործընթացի օբյեկտիվացմանը՝ առանց հասարակության վերաբերմունքի արմատական փոփոխության: Կրթություն անհրաժեշտ է ստանալ հանուն գիտելիքի: Միայն այդ դեպքում քննություն հանձնելը կլինի ոչ թե կյանքի նպատակ, այլ ձեռք բերած գիտելիքները ստուգելու միջոց: Այդ դեպքում արդեն երկրորդական կդառնա այն, թե ինչպիսի համակարգով կկազմակերպվեն այդ չարաբաստիկ եւ խարան դարձած՝ հատկապես ընդունելության, քննությունները: Ամբողջ հանրապետության ղեկավար կազմը, նույնիսկ ճգնաժամի պայմաններում, լրջագույն գործերը թողած զբաղվում են «թափանցիկ ու արդարացի» քննություններ կազմակերպելով: Սակայն արդյունքները դրանից չեն փոխվում: Ցանկացած քննակարգի դեպքում միշտ հայտնվում է «էլիտար ծնողների» զավակների մի խումբ, որոնց համար արվում են բացառություններ, որն էլ իր հերթին հանգեցնում է այլ «էլիտարների» հայտնվելու շղթայական ռեակցիային:
Թեստերի լավ եւ վատ որակին, վրիպակներին, թեստերի արտահոսքին, ծրագրից դուրս, թե ծրագրի սահմաններում հարցեր պարունակելու վերաբերյալ բոլոր քննարկումներին անհրաժեշտորեն պետք է նախորդեր լայն քննարկում, թե որքանով է մեր հասարակությունն այսօր նախապատրաստված նման համակարգի ներդրմանը: Նույնիսկ անթերի կազմակերպված քննությունների, լավագույն թեստերի առկայության պայմաններում անգամ մեր հասարակությունն այսօր պատրաստ չէ թեստային համակարգին: Ասվածն ակնառու կարելի է ցուցադրել ֆիզիկա առարկայի օրինակով:
Ինչպես արդեն ասվել է, եթե դիմորդը պարապում է գիտելիք ստանալու համար, ապա նրա գիտելիքների ստուգման համար նախատեսված քննական համակարգը երկրորդական խնդիր է: Այլ է իրավիճակը մյուս դեպքում: Դիմորդի միակ նպատակը դառնում է նվազագույն գիտելիքներով առավելագույն գնահատական ստանալը՝ այստեղից բխող մի շարք հետեւություններով.
1. Ընդունված թեստային տարբերակում իսպառ բացառվում է խնդրի անալիտիկ լուծման անհրաժեշտությունը՝ իր տրամաբանական կուռ կառուցվածքով, նվազագույն տվյալներով առավելագույն քանակի անհայտ մեծությունները որոշելու ունակությունը:
2. Անալիտիկ լուծման բացառումը պարունակում է եւս մի թաքնված վտանգ: Օրինակ, չորս քայլանի խնդրի լուծման ժամանակ առաջին փուլում թույլ տրված հաշվարկային սխալը հանգեցնում է հաջորդների սխալ հաշվարկին: Արդյունքում տրամաբանական ճշգրիտ կառուցվածք ունեցող լուծման համար դիմորդը կարող է միավոր չստանալ՝ անուշադրությամբ պայմանավորված փոքրիկ վրիպակի պատճառով: Նման մոտեցումը ստորադասում է տրամաբանությունը, ինչը վերջնականորեն ոչնչացնում է գիտական ասպարեզում ստեղծագործական մոտեցումը՝ երիտասարդությանը վերածելով համակարգչի կցորդի: Որպես հետեւանք, նախորդ տարիների համեմատությամբ՝ ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներից միասնական քննությունով ընդունված ուսանողների շրջանում զգալիորեն աճել է բուհում ֆիզիկայից եւ մաթեմատիկայից անբավարար ստացած ուսանողների թիվը:
Ֆիզիկա առարկայի մասնավոր օրինակի քննարկումով, իհարկե, կարելի է սահմանափակվել: Սակայն անհրաժեշտ ենք համարում ահազանգել թեստային քննական համակարգի եւս մի կործանիչ առանձնահատկության մասին, ինչը ընդհանրական է բոլոր առարկաների համար: «Խաչադրման» սկզբունքի վրա կառուցված քննական համակարգը սահմանափակում է դիմորդի եւ ուսանողի լեզվամտածողությունը, սեփական տեսակետը արտահայտելու եւ տրամաբանված հիմնավորելու ունակությունը՝ այստեղից բխող բոլոր ծանր հետեւանքներով: Ասվածն այնքան ակնառու է, որ նույնիսկ հիմնավորման անհրաժեշտություն չունի: Բավական է հետեւել թե՛ երիտասարդության, թե՛ հեռուստատեսության, թե՛ որոշ պատգամավորների ու վարչական ապարատի ներկայացուցիչների, թե՛ այլոց այսօրվա լեզվական խոսքի կուլտուրային: Եվ այս ամենն այն ֆոնին, որ դեռեւս XIII դարում հիմնադրված Գլաձորի համալսարանի ուսման հիմքը կազմող «յոթ ազատ արվեստներից» մեկը եղել է ճարտասանությունը: Իսկ ահա թե ինչպես է արտահայտվել այս ամենի մասին յուրաքանչյուր պատեհ ու անպատեհ առիթով հիշվող Գրիգոր Նարեկացին.
Բարեզարդեցիր խոսելու ձիրքով,
Շունչ ներարկելով՝ փայլ տվեցիր ինձ,
Մտքով ճոխացրիր, աճեցրիր խելքով եւ իմաստությամբ….
Ստացվում է՝ խոսքով մենք կարող ենք աստվածացնել մեր հանճարներին, հիշել նրանց պատգամները՝ «ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», իսկ գործնական հետեւություններ անելիս՝ մոռանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել