Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց գյուղմթերքի շուկայի

Մայիս 06,2011 00:00

\"\"Նոյեմբերյանը փոքր քաղաք է, ունի ընդամենը 5500 բնակիչ: Չնայած այն 1996 թվականից քաղաքի կարգավիճակ ունի, սակայն գյուղական կոլորիտին ու կենցաղին բնորոշ շատ գծեր դեռ պահպանված են: Նոյեմբերյանցիները հիշում են, որ մի անգամ քաղաքապետի քարտուղարուհին պատասխանելով նոյեմբերյանցիներից մեկի հարցին, թե ո՞ւր է քաղաքապետը, պատասխանել է. «Քաղաքապետը գյուղամեջ է գնացել»:
Արդեն 17 տարի  Նոյեմբերյանը գյուղմթերքի շուկա չունի: Նախկին շուկան սեփականաշնորհվելուց հետո վերափոխվել է հանդիսությունների սրահի:
Գարնանային այս օրերին Նոյեմբերյան քաղաքի եւ տարածաշրջանի գյուղերի բնակիչները վաճառքի են հանել սարերից իրենց քաղած-հավաքած սինդրիկը, ծնեբեկը եւ ծառի սունկը: Սակայն վաճառքի հարմար տեղ չկա: Նախկինում նրանք հավաքվում էին «Արդշինինվեստբանկի» Նոյեմբերյանի մասնաճյուղի շենքի առաջ: Սակայն մասնաճյուղի աշխատողները նրանց հեռացրել են այդ տարածքից, ասելով, որ խանգարում են շենքի առաջ գտնվող բանկոմատի աշխատանքին: Բանկի ձախակողմյան տարածքից էլ վաճառողներին հեռացրել է այդ տարածքի սեփականատերը: Անտառի բարիքների հավաքմամբ եւ վաճառքով զբաղվողները ստիպված են քաղաքի ավտոկայարանի եւ դրա հարակից խաչմերուկի պատին, փոշու եւ կեղտի մեջ դարսել սինդրիկը, ծնեբեկն ու սունկը: Նոյեմբերյանում փոխվում են քաղաքապետերը, սակայն գյուղատնտեսական շուկայի հարցը բաց է մնում: Գյուղատնտեսական մթերք ունեցողները դրանք ստիպված հանձնում են կենտրոնական՝ երեւանյան փողոցի կրպակների տերերին, ովքեր մեծ գնի մեջ «վերադիրներ» են դնում  եւ թանկ վաճառում այն: Տուժում է թե գյուղացին, թե գնորդը, շահում՝ միջնորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել