Լոռու մարզի լրագրողները վստահ են, որ մամուլին եւ լրագրողին անհրաժեշտ այս երեք բաղկացուցիչներից ոչ մեկն էլ լիարժեք չկա:
Խորհրդային տարիներին Մամուլի օրը նշվում էր մայիսի 5-ին: Անկախ Հայաստանում մայիսի 3-ին, ինչպես ողջ աշխարհում, նշվում է Մամուլի ազատության օրը: Տոներից ոչ մեկը Լոռու մարզի լրագրողները նույնիսկ նեղ շրջանակում չնշեցին:
Խորհրդային տարիներից մինչ օրս աշխատող լրագրողները հիշում են, որ նախկինում սահմանափակվում էին սոցիալական ու տնտեսական ոլորտների խնդիրների լուսաբանմամբ: Չէր կարելի գրել վարչակարգի դեմ: «Տվյալ վարչակարգին անդրադառնալիս զուտ գովերգումներ ու ձոներ պետք է գրեիր»,- ասում է Լոռու մարզպետարանի տեղեկատվատվության եւ հասարակայնության կապերի բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Գրիգորյանը: Նա հիշում է, որ տարբեր խնդիրների քննադատորեն անդրադառնում էին հատուկ խորագրերի միջոցով, սակայն այն ժամանակ պետական մարմինների կողմից հոդվածին արձագանք անպայման լինում էր, պետական կառույցը պարտավոր էր պատասխանել: Հիմա մի ուրիշ հակասություն կա: Հիմա կարող ես քննադատել, հրապարակել խնդիրը, բայց միշտ չէ, որ արձագանք կա: Միշտ չէ, որ արձագանքողը պետական պատկան կառույցն է:
Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Գրիգորյանը տարածքային կառավարման նախարարության միասնական տեղեկատվական հարթակի համար լուրեր գրելիս նկատել է, որ հատկապես քննադատական հոդվածների դեպքում լրագրողը ստվերում է մնում, մենակ թողնելով խնդիրը ներկայացնող բնակչին. «Տհաճ է, երբ բարբառային երկարաշունչ բողոք է ներկայացնում բնակիչը, իսկ լրագրողը վերջում հարցի լուծումն անգամ չի փնտրում»,- ասում է Սամվել Գրիգորյանը:
«Սովետական ժամանակաշրջանի գրաքննությունը վաղուց արդեն չկա, տպագիր մամուլը շատ ավելի ազատ է, քան հեռուստատեսությունները, այդ ազատությունը նույնիսկ հասնում է ամենաթողության». սա էլ «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր, «Ազգ» օրաթերթի Վանաձորի թղթակից Մանվել Միկոյանի կարծիքն է: «Լոռու մարզ» թերթում քննադատական հոդվածներ տպագրվել են, սակայն խնդիրը հանրապետական թերթում հրապարակելը օգնում է, որ բարձրացված հարցին ավելի արագ լուծում տան, իհարկե՝ դա չի լինում մեկ հոդվածով, տքնաջան աշխատանք է պետք, որ արդյունքի հասնես: «Հաշվի առնելով, որ մարզպետարանի ենթակայության տակ տարբեր հիմնարկ -ձեռնարկություններ են աշխատում՝ բուժհիմնարկներ, հանրակրթական դպրոցներ, իսկ մարզպետը համակարգողն է այդ ամենի, քննադատությամբ մենք օգնում ենք, մարզպետին կամ համապատասխան օղակին ուղղորդում ենք դեպի խնդիրը»,- ասում է Մանվել Միկոյանը:
Խնդրահարույց ու քննադատական հոդվածներ գրում է նաեւ «Լոռու մարզ» եւ «Երկիր» թերթերի թղթակից Աննա Պեչենեւսկայան: Նա էլ, ինչպես բոլոր լրագրողները, մարզային եւ հանրապետական թերթերի հետ աշխատելիս զգում է, որ հանրապետական թերթում աշխատելն ու մարզի խնդիրները ներկայացնելը շատ ավելի հեշտ է: Աննան «Լոռու մարզում» հրապարակած նյութերում էլ է խնդիրներ վեր հանել ու արձագանք ստացել, սակայն նախընտրում է մարզային լրատվամիջոցի համար մեծամասամբ մշակութային եւ իրադարձային թեմաներ ընտրել: Լրագրողը 3 տարվա ընթացքում մեծ փոփոխություն է զգում լրագրողի հանդեպ հասարակության կարծիքում եւ վերաբերմունքում: Աննայի կարծիքով՝ անցել են այն ժամանակները, երբ լրագրողին պիտակավորում էին կամ վախով ընդունում: «Հիմա՝ հակառակը, լրագրողին հարգում են, նույնիսկ ամուսնանում հետը: Մենք դեպք ունենք՝ լրագրողն ու քահանան են ընտանիք կազմել»,- ուրախությամբ նշում է Աննա Պեչենեւսկայան:
«Ազատությունն էլ սահմաններ ունի: Ազատությունն այն չէ, որ ինչ ուզես գրես, այլ այն, որ ճիշտը գրես»,- համոզված է «Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթի խմբագիր Անուշ Սիմիկյանը: 10 տարվա ընթացքում թերթը կարողացել է իր ընթերցողին ապահովել լրատվությամբ: Խմբագիրը համոզված է, որ փոքր քաղաքում աշխատելը շատ դժվար է, գյուղի նման՝ ինֆորմացիան բերնեբերան է տարածվում եւ նոր խոսք ասելը շատ դժվար է, պետք է կարողանաս այնպիսի լրատվություն հայթայթել, որ հետաքրքիր լինի ընթերցողին ու նաեւ կանխի կծիկի նման քանդվող բամբասանքանման տեղեկությունները: «Վանաձորյան խճանկարի» համար չկան փակ թեմաներ, բայց կան փակ դռներ, որտեղից տեղեկություն ստանալն անհնար է՝ մարզպետարանի եւ քաղաքապետարանի մի քանի բաժիններ տալիս են այն ինֆորմացիան, ինչ իրենք են ուզում: Թերթի լրագրող Տիգրան Մանուչարյանն էլ է հաճախ բախվում փակ դռների. «Ոստիկանությունը, որպես կանոն, ինֆորմացիա չի տալիս, պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը կամ քննությանը չխոչընդոտելը: Ավելի փակ է հարկային տեսչությունը»: Թերթի խմբագրակազմի համար առավել դժվար է Լոռու մարզպետի հետ հանդիպումը:
Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի «Զորավիգ» թերթում հիմնականում Մարգահովիտ գյուղին առնչվող հարցեր են ներկայացվում, այդ իսկ պատճառով չունի այնքան ազատություն, որքան մարզային կամ հանրապետական թերթերը: Նոր ծրագրեր են մշակվում՝ գյուղից դուրս մարդկանց ներգրավել, լուսաբանել նաեւ Մարգահովիտի սահմաններից դուրս զարգացումները: «Հասարակությունը դեռ լիարժեք չի ընդունում խոսքի ազատությունը: Եթե ճշմարիտ խոսքը չի հասնում հասցեագրված անհատին կամ նա դժկամորեն է ընդունում իր հասցեին ասածդ խոսքը ու դեռ խեղաթյուրած էլ ներկայացնում վերադասին, ճնշում գործադրում լրագրողի վրա՝ դա խոսքի ազատություն չէ»,- ասում է Մարգահովիտի «Զորավիգ» թերթի խմբագիր Հովհաննես Սարդարյանը:
Լոռու մարզում քննադատական հոդվածներ տպագրող թերթերի համար էլ սահմանափակում կա: Օրինակ, տնակային մանկապարտեզների տնօրեններն «Առավոտին» այն տեղեկությունները չէին տրամադրել՝ ինչ մարզային թերթին:
Մամուլի ազատության օրվա մասին վանաձորցիների մեծ մասը տեղյակ է, սակայն յուրաքանչյուրը յուրովի է ըմբռնում: Վանաձորցի հատկապես արական սեռի ներկայացուցիչները դժկամությամբ են ընդունում լրագրողների հարցադրումները եւ դեռեւս պատրաստ չեն լրագրողի աշխատանքն ու մասնագիտական հետաքրքրվածությունը ընդունել: «Որ աշխարհի միակ աղջիկը լրագրողը մնա, ես նրա հետ չեմ ամուսնանա,- ասում է վանաձորցի 37-ամյա մի երիտասարդ եւ պատմում,- մի աղջիկ ինձ շատ դուր էր գալիս, գնացի ձեռքը խնդրելու, պարզվեց, ում հավանում եմ՝ լրագրող է, իսկ նրա հորեղբոր աղջիկը բուժքույր է, ինձ ասել էին, որ նա է բուժքույր, փոշմանեցի, որ առանց մանրամասն ճշտելու գնացել էի, բայց արդեն ուշ էր, ավելի մեծ էր հիասթափությունս, երբ նա հասկացավ, որ նրան բուժքրոջ տեղ եմ դրել: Եթե մարդու մարմնի մասերի հետ ես գործ ունենում՝ լավ մասնագիտություն է, եթե դեմ -դիմաց նստում ու խոսում եմ՝ նախատինքի ու պարսավանքի պիտի արժանանա՞մ, ինձ պատասխանեց աշխարհում իմ ամենասիրելի աղջիկը, բայց, միեւնույն է, ինչքան էլ որ սիրեմ, ես նրա հետ ընտանիք չեմ կազմի»: