Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախորդ օրվա նիստը ավարտվեց դատավոր Վարդապետյանին բացարկ հայտնելով: Մինչ այդ լսվեց Ռոզա Մանասյանի բողոքը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Վարդան Ջանբարյանցի՝ մարտի 3-ին կայացրած որոշման դեմ:
Ռոզա Մանասյանը դիմել է ոստիկանություն՝ քրեական գործ հարուցել «Արարատ» թիմի նախկին ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի դեմ: Ոստիկանությունը քրեական գործ հարուցելու հիմք չէր տեսել:
Նախորդ օրվա ժ. 16.30-ին սկսված դատական նիստի ժամանակ ուսուցչուհի Ռոզա Մանասյանի շահերի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Գեւորգյանը հանդես եկավ միջնորդությամբ, այն է՝ դատարան կանչել, որպես վկա, Արկադի Անդրեասյանին: Նա նշեց, որ վաշխառության հատկանիշներով կասկածյալ Արկադի Անդրեասյանը բացատրություն է տվել ոստիկանությունում, իսկ «բացատրությունը ապացույցի տեսակ չէ»: Ի դեպ, վկայի կարգավիճակով ոստիկանություն հրավիրված Անդրեասյանը չի ժխտել, որ ուսուցչուհին իրեն տոկոսով գումար է տվել:
Իսկ ոստիկանությունը, չգիտես ինչու, մերժել է քրեական գործ հարուցել:
Հիշեցնենք, որ Ռոզա Մանասյանը «Գինդ» շաբաթաթերթից տեղեկանում է գրավի դիմաց վարկ վերցնելու հնարավորության ու այդ վարկը տրամադրող կազմակերպության մասին: Ու քանի որ Մանասյանի ամուսինը հիվանդ էր եւ նրան գումար էր պետք, դիմում է Շենգավիթ վարչական տարածքում գործող գրավատան պատասխանատու Արսեն Բաղրամյանին, ում մասին հայտարարություն էր տվել «Գինդը»:
Բաղրամյանը խարդախության համար դատապարտվում է 12 տարվա ազատազրկման, մինչ այդ կեղծ փաստաթղթերով այլ անձանց միջոցով հափշտակելով Մանասյանի բնակարանը: Հետագայում, դատապարտյալ Արսեն Բաղրամյանից երբ Մանասյանը պահանջում է վերադարձնել իր բնակարանը, նա հեռակա ծանոթացնում է ոմն Արթուր Գրիգորյանի հետ, որն էլ իր հերթին՝ Արկադի Անդրեասյանի հետ:
Արկադի Անդրեասյանը տիրանում է Մանասյանի բնակարանին: Մանասյանի ներկայացուցիչը հայտնեց, որ ոստիկանությունը գլխավոր կասկածյալներից Արթուր Գրիգորյանին էլ չի հարցաքննել եւ միջնորդեց, որ նա բերվի դատարան՝ որպես վկա: Իսկ թե ինչու բերվի, պարզվեց, որ Արթուր Գրիգորյանը նույնպես կալանավորված է եւ գտնվում է ազատազրկման վայրում:
Դատավոր Վարդապետյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը, ինչը, Գեւորգ Գեւորգյանի կարծիքով, «ողջամիտ կասկած» հարուցեց դատավորի անաչառ վերաբերմունքի համար: «Դատավորը կանխակալ վերաբերմունք ունի հանցագործության եւ մեղադրվող անձի նկատմամբ»,- ասաց նա: Ռ. Մանասյանն էլ ասաց. «Հիմնավոր կասկածներ ունեմ, որ Արկադի Անդրեասյանը, որը հանրապետությունում հարգանք վայելող մարզիկ է, կաշկանդել է քննիչին, այդ պատճառով էլ զրկվել եմ իմ ազնիվ վաստակով դժվարությամբ ձեռք բերված բնակարանից»,- ասում է տուժող Ռ. Մանասյանը:
Դատավորն անցավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության կապակցությամբ վճիռ կայացնելու համար: